Փաստերի ստուգման խաբուսիկ հարթակները օնլայն հարձակում են գործում Հայաստանի իշխանությունների վրա. DFRLab

Փաստերի ստուգման խաբուսիկ հարթակները օնլայն հարձակում են գործում Հայաստանի իշխանությունների վրա. DFRLab
Փաստերի ստուգման խաբուսիկ հարթակները օնլայն հարձակում են գործում Հայաստանի իշխանությունների վրա. DFRLab

DFRLab-ի հետաքննությունը հրապարակվել է medium.com պորտալում: Հետաքննության հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։

Ամերիկյան Atlantic Council թինք-թանքի DFRLab (Digital Forensic Research Lab) խումբը բացահայտել է Հայաստանում փաստերի ստուգման կազմակերպությունների տակ հանդես եկող անհատներ և խմբեր, որոնք կանխակալ տեղեկատվություն և կեղծ օրակարգեր են տարածում հայաստանյան առցանց տիրույթում:

Դերակատարներ

2018թ. մայիսին «թավշյա հեղափոխություն» անունը ստացած և ժողովրդավարությանն ուղղված ցույցերից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունն ուղեկցվեց կառավարության նկատմամբ վստահության վերականգնմամբ և երկրի քաղաքացիական հասարակության խիտ լանդշաֆտի ակտիվացմամբ: 2018թ. The Economist-ը Հայաստանն անվանեց «Տարվա երկիր»՝ նշելով, որ «փոթորկոտ տարածաշրջանում գտնվող այս հնագույն և հաճախ վատ ղեկավարված ժողովուրդն այժմ ժողովրդավարության և վերածնունդի հնարավորություն ունի»:

Բայց Թավշյա հեղափոխությունը մի կողմից ամրապնդեց Հայաստանի սոցիալ-քաղաքական կառուցվածքը, մյուս կողմից ակտիվացրեց քաղաքական փոփոխության հակառակորդներին: Վերջին ամիսներին այդպիսի որոշ հակառակորդներ ցանց են ստեղծել #SutNikol հեշթեգի տակ և սկսել են նուրբ առցանց գործողություն, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին՝ առցանց տիրույթում տարածելով կանխակալ և սխալ տեղեկատվություն:

Այս խմբերը կիրառում են հատուկ առցանց մանիպուլյացիայի տեխնիկա. հանրության մեջ հնարավորինս շատ հետևորդներ հավաքելու համար նրանք իրենց ներկայացնում են որպես ոչ կանխակալ, փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպություն, մինչդեռ պարբերաբար կանխակալ և բևեռացված հայտարարություններ են ներարկում երկրի առցանց քաղաքական դիսկուրսում: Գործողությունը խորամանկ է և գնալով ուժգնանում է:

Վերլուծության հիմնական նպատակն է ոչ միայն տեղեկացնել հայ հանրությանը, այլև ուղեցույց տրամադրել հետագա հետազոտությունների համար: Մինչ առցանց ապատեղեկատվության դեմ պայքարն ուժեղանում է, ազդեցության արշավներն իրենց դիրքավորում են որպես «փաստերի ստուգմամբ» զբաղվող նախաձեռնություններ՝ կանխակալ օրակարգերը տարածելով որպես օբյեկտիվ ճշմարտություն: Այս ջանքերին դիմակայելու առաջին քայլը նրանց բացահայտելն է:

#SutNikol մոլորակը

Ապրիլի 15-ին #SutNikol հեշթեգն սկսեց ակտիվորեն պտտվել հայկական առցանց միջավայրում: Facebook-ում, Twitter-ում և այլ սոցիալական հարթակներում այս հեշթեգը հաճախ ուղեկցվում է հակափաշինյանական կոնտենտով, որում վարչապետը մեղադրվում է սուտ խոստումների, կեղծիքի և ապատեղեկատվության մեջ:

Հեշթեգի աղբյուրներն անմիջապես տեսանելի չէին: Twitter-ում Eurasia.net-ի լրագրող Ջոշուա Կուչերան հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք որևէ մեկն ուսումնասիրել է դրա արմատները: Ի պատասխան՝ օգտատերերից մեկը գրել էր, որ դրա արմատներում գտնվող 4 տղա «փոխկապակցված են նախկին վարչակարգի հետ»:

Սրանից բացի, որևէ այլ բաց աղբյուրների վրա արված հետաքննություն #SutNikol նախաձեռնության թվային ծագման մասին չկա: DFRLab-ը նպատակ ունի լրացնել այդ բացը:

DFRLab-ը, ըստ այդմ, նույնականացրել է 4 անհատ և ֆեյսբուքյան 4 էջ, որոնք գերազանցապես պատասխանատու են առցանց տիրույթում #SutNikol կոնտենտի ստեղծման և տարածման համար: Այդ անհատներից երեքը՝ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը, փոխկապակցված են ֆեյսբուքյան երկու էջերի հետ, որոնք տարածում են #SutNikol բովանդակությամբ մեծ թվով հրապարակումներ: DFRLab-ը չի կարողացել բացահայտել ուղղակի փոխկապակցվածությունը չորրորդ անձի՝ Կոնստանտին Տեր-Նակալյանի և ֆեյսբուքյան երկու էջերի միջև, բայց Տեր-Նակալյանը ակտիվորեն տարածում է այդ երկու էջերի բովանդակությունն իր անձնական ֆեյսբուքյան էջի, ինչպես նաև իրեն պատկանող Blognews.am բլոգի ֆեյսբուքյան էջի միջոցով:

#SutNikol մոլորակը՝ հիմնական ֆեյսբուքյան էջերով, անհատներով և փոխկապակցված մեդիա կազմակերպություններով/քաղհասարակության դերակատարներով (Աղբյուրը՝ @ZKharazian/DFRLab)

#SutNikol բովանդակությամբ գրառումների մեծ մասը ձևավորվում է երկու ֆեյսբուքյան էջերում՝ «Ադեկվադ» և AntiFake.am. երկու էջերն էլ ակտիվ ներկայություն ունեն Facebook-ում, բայց գրանցված չեն Twitter-ում, չնայած այդ հեշթեգով գրառումներ առանձին անհատների կողմից լինում են նաև Twitter-ում:

Ադեկվադ. հակափաշինյանական և հակաամերիկյան կոնտենտ

«Ադեկվադի» ֆեյսբուքյան էջում քիչ տեղեկություն կա դրա առաքելության և այն մասին, թե ով է այն վարում: Էջն իրեն դիրքավորում է որպես «Մշակութային կենտրոն», իսկ դրա «կենսագրություն» հատվածում նշված է. «ԱԴԵԿՎԱԴ՝ այն, ինչի մասին լռում է Ազատությունը»:

Չնայած էջի վարողները նշված չեն՝ էջի թափանցիկության բաժնում երևում է 4 «մենեջեր»՝ բոլորն էլ Հայաստանից: Այս բաժնում նաև երևում է, որ էջը բացվել է 2018թ. հունիսի 23-ին:

Մոտ մեկ տարվա ընթացքում էջը կարողացել է հավաքել 21 հազար հետևորդ, ինչը մեծ լսարան է՝ հաշվի առնելով, որ երկրի բնակչությունը կազմում է 2.93 միլիոն:

Էջի տարածած տեսանյութերում պարբերաբար երևում են երկու մարդ՝ Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը: Վերջիններս նաև հարցազրույցներ են տալիս որպես «Ադեկվադի» ներկայացուցիչներ (հարցազրույցները՝ այստեղ, այստեղ, և այստեղ): Մալյանի ֆեյսբուքյան էջում երևում է, որ նրան է պատկանում նաև Malian PR Agency կոչվող PR գործակալությունը:

«Ադեկվադի» էջում մեծ թիվ են կազմում Դանիելյանի մասնակցությամբ տեսանյութերը, որոնցում նա Փաշինյանի կառավարությանը մեղադրում է սուտ հայտարարությունների և գործողությունների մեջ: Այդ ամենը նա հագեցնում է առատ հակաամերիկյան հռետորաբանությամբ:

Տեսանյութերից մեկում Դանիելյանը Փաշինյանին մեղադրում է, որ նա «ֆեյքերի բանակ» է պահում՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին դրական լուսաբանում ապահովելու համար: Մյուս տեսանյութերում Դանիելյանը պարբերաբար «ֆաքթ-չեք է անում» (ստուգում է) Փաշինյանի բյուջեի վիճակագրությունը և մամուլի և էներգետիկ քաղաքականությունը, բայց դրա համար օգտագործում է ոչ ստույգ տեղեկատվություն, իրեն հաճո մեդիա աղբյուրներ և սադրիչ հռետորաբանություն: Օրինակ, տեսանյութերից մեկում Դանիելյանը քննադատում է ԱՄՆ-ին, որ վերջինս փորձում է «արտահանել» իր ազդեցությունը, մինչդեռ ինքը բազմաթիվ ներքին խնդիրներ ունի, ինչպիսիք են «ամերիկյան օլիգարխիան» և քաղաքական «դինաստիական հաջորդականությունը», ինչպես նաև սպանություններն ու զանգվածային ձերբակալությունները:

AntiFake.am-ը՝ կանխակալ օրակարգերի ստեղծող

Ի տարբերություն «Ադեկվադի», AntiFake.am-ն ունի ինչպես ֆեյսբուքյան էջ, այնպես էլ կայք: Ֆեյսբուքյան էջի գրառումների մեծ մասը վերահրապարակումներ են AntiFake.am կայքից, ինչից կարելի է ենթադրել, որ ֆեյսբուքյան էջը ծառայում է որպես այդ հարթակի կոնտենտի տարածման գործիք:

Էջի մասին պատմող բաժնում կարդում ենք. «Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առանցքը կազմում են կեղծ լրատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիան։ Պայմանավորված այն հանգամանքով, որ ներկայումս գոյություն չունի փաստերի վերհանման, կեղծիքների, կեղծ օգտահաշիվների բացահայտման, քաղաքական պրոպագանդան անկողմնակալ լրատվությունից տարանջատման որևէ իրական հարթակ՝ «Քաղաքացիական գիտակցություն» և «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ները ստեղծում են AntiFake.am կայքը որպես անկախ և անկողմնակալ զանգվածային լրատվության միջոց, որը զբաղվում է հանրային նշանակության կարևոր հարցերի վերաբերյալ փաստերի ստուգմամբ և տեղեկատվություն տրամադրելով»։

Այս ֆեյսբուքյան էջը վարում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը, որը նույնպես #SutNikol հեշթեգով կոնտենտի տարածողներից է:

AntiFake.am-ը, չնայած իրեն բնորոշում է որպես «անկախ և ոչ կանխակալ լրատվամիջոց», գերազանցապես կենտրոնացած է Փաշինյանին քննադատելու վրա: Էջն առաջարկում է նաև «Նիկոլ-Օ-Մետր» և «Ֆեյք լուրերի վիճակագրություն» բաժիններ՝ «հետևելու՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պահում է խոստումները», ընդ որում՝ այդ չափանիշներով Փաշինյանի ոչ մի հայտարարություն չի դասակարգվում որպես «ճիշտ»:

Ավելին, AntiFake.am-ը պնդում է, որ բացահայտում է «կեղծ լուրերը, պրոպագանդան և մանիպուլյացիան» «փաստերի վրա հիմնված հետաքննության» միջոցով: Մինչդեռ կայքի հոդվածների մեծ մասն իրենցից ներկայացնում են բևեռացված քաղաքական մեկնաբանություններ Փաշինյանի մասին, իբր նա իրեն է վերագրում նախկին իշխանությունների քաղաքականությունը, որ այցելել է «գոյություն չունեցող» գործարան, ինչպես նաև լիարժեք ապատեղեկատվություն գարդասիլի մասին:

AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջը բացվել է 2019թ. փետրվարի 28-ին, ունի մոտ 7000 հետևորդ:

Ռուսական կապը

DFRLab-ը բացահայտել է որոշ վկայություններ առ այն, որ AntiFake.am-ը լիարժեք տեղական գործողություն չէ: Whois հարթակից երևում է, որ կայքի IP-ն գրանցված է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Արտասահմանյան IP ունենալը հաճախ նշան է ոչ արժանահավատ գործողության, չնայած լիարժեք ապացույց չէ:

Ավելին, whois.net-ում կայքը գրանցողի տվյալները նշված չեն:

Սա նշանակում է, որ AntiFake.am-ի հեղինակները փորձում են թաքցնել իրենց ինքնությունը:

Ուժգնացող ոչ հավաստի գործողություն

«Ադեկվադի» և AntiFake.am-ի էջերը միասին ապրիլի 22-ի դրությամբ, համաձայն CrowdTangle-ի վիճակագրության, ունեն 723,242 դիտում, 28,442 հետևորդ (like), դրանց հետ «առնչվել է» (interaction) 48,624 օգտատեր:

Էջերի ծավալած գործողությունը կարելի է բնորոշել որպես ոչ իրական: «Ադեկվադի» և AntiFake.am էջերը վարողները թաքցնում են իրենց գործողության նպատակը՝ այն ներկայացնելով որպես ոչ կանխակալ և օբյեկտիվ ռեսուրսներ: DFRLab-ը նաև փաստեր ունի ենթադրելու, որ AntiFake.am կայքը փոխկապակցված է Ռուսաստանում գտնվող անհատների կամ միավորների հետ, ինչպես նաև՝ որ դոմեյնի սեփականատերերը փորձել են թաքցնել իրենց ինքնությունը:

 

Շարունակելի

Թարգմանությունը` Fip.am