Հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հասանելի կլինի. Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված բանակցությունների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենը հայտարարել է, որ կողմերը ինտենսիվ քննարկումներից հետո էական առաջընթացի են հասել բարդ խնդիրները լուծելու հարցում։
 

«Այս շաբաթ ես հյուրընկալեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Երկկողմ և եռակողմ ինտենսիվ ու կառուցողական քննարկումներից հետո կողմերը էական առաջընթացի են հասել բարդ հարցերը լուծելու հարցում։ Երկուսն էլ անկեղծ հավատարմություն են դրսևորել հարաբերությունների կարգավորմանն ու  երկու երկրների միջև  երկարատև հակամարտությունը դադարեցմանը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

Բլինքենի խոսքով՝ և Հայաստանը, և Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ։ 

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է վերադառնալ իրենց մայրաքաղաքներ, իրենց կառավարությունների հետ կիսվել մտքերով այն մասին, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է։ 

«Նրանք շարունակելու են ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը և մասնակցությունը ամուր և տևական խաղաղության հասնելու իրենց ջանքերում»,- եզրափակել է Բլինքենը։