ԼՂՀ հիմնախնդրի լուծումը կրկին փակուղում. Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց ձախողման համար

ԼՂՀ հիմնախնդրի լուծումը կրկին փակուղում. Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց ձախողման համար
ԼՂՀ հիմնախնդրի լուծումը կրկին փակուղում. Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց ձախողման համար

Թեև Հայաստանում հունիսի 24-ին կայացած կազանյան հանդիպումից սպասումները, ինչպես նաև մտահոգությունները մեծ էին, սակայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ համաձայնության չգալու համար քաղաքական ուժերն ու վերլուծաբանները կրկին մեղադրում են Ադրբեջանին «ոչ կառուցողական» վերաբերմունքի և գործընթացը փակուղի տանելու համար, և հակառակը:
 
«Կազանը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը»,- ուրբաթ Կազանում նախագահների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Թեև «վերջին տարբերակի» մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ է առաջարկել, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չի եղել, սակայն նա միևնույն ժամանակ նշել է, որ բանակցությունները շարունակվելու են, որովհետև «կարգավորման այլ ճանապարհ չկա»:

Ադրբեջանական կողմն էլ իր հերթին մեղադրանքներ է հնչեցնում հայկական կողմի հասցեին: Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել էր. «Ցավոք, մի շարք սկզբունքային հարցերի շուրջ մենք չկարողացանք համաձայնության գալ, քանի որ հայկական կողմը Ադրբեջանից առավելագույն զիջումներ է պահանջում` խեղաթյուրելով յոթ տարի առաջ սկսված բանակցային գործընթացի էությունը»:

Պատասխանելով հայկական կողմի մեղադրանքներին` Մամեդյարովն ասել էր, թե «նորից ընթանում է փաստերի և փաստաթղթերի աղճատում»:

«Չգիտես ինչու, հայկական կողմը լռում էր, երբ Ադրբեջանը հայտարարեց 2009-ին Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կողմերին ներկայացված Մադրիդյան նորացված փաստաթղթի ընդունման մասին: Եվ խոսում է աշխատանքային փաստաթղթի բազմաթիվ տարբերակներից մեկի մասին, որը հիմնված է Մադրիդյան նորացված փաստաթղթի վրա: Կցանկանայի խորհուրդ տալ հայկական ԱԳՆ-ին PR-ով չզբաղվել, այլ արդյունավետ աշխատել ձևավորված բացասական ստատուս քվոյի փոփոխության վրա, ինչին կոչ են անում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները»,- ասել է Մամեդյարովը:

Ենթադրվում էր, որ Կազանում կայացած հանդիպման ընթացքում, որի նախորդած օրերին եռակողմ հանդիպման շուրջ հետաքրքրությունը բավական բարձր էր նաև միջազգային արձագանքների առումով, կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ ի վերջո կկարողանան ընդհանուր հայտարարի գալ փակուղի մտած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմնարար սկզբունքների շուրջ և համաձայնագիր ստորագրել:

«Հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի տակ ստորագրելը շատ շահավետ կլինի Մոսկվայի համար, որովհետև Ռուսաստանը պետք է արդարացնի իր միջնորդական առաքելությունը և ամեն ինչ անի, որ այն հաջողությամբ պսակվի»,-«Մեդիալաբին» մինչև հանդիպումն ասել էր անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Թեև բազմաթիվ վերլուծաբաններ նման համաձայնագրի ստորագրումը «վտանգավոր» էին որակում Հայաստանի համար, սակայն 2008 թվականից ի վեր իններորդ եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնագիր չստորագրվեց: Իսկ նախագահների կողմից ընդունված «աղքատիկ» հայտարարությունն այն մասին, թե «մի շարք հարցերի շուրջ կողմերը փոխհամաձայնություն են ձեռք բերել», չնայած շատերին ազատ շունչ քաշելու հնարավորություն տվեց, այնուամենայնիվ, կողմերը սկսեցին մեղադրել միմյանց:

«Երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանը, արհամարհելով երեք նախագահների հայտարարությունը և բանակցային գործընթացի տրամաբանությունը, փաստացի խնդիրը տանում է դեպի փակուղի և կառուցողական տրամադրված չէ»,- շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իշխանական ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Մայիսի 26-ին Դովիլում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները ԼՂՀ կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ընդունել` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ անելով բնակչությանը նախապատրաստել «խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Կոչ անելով Կազանում ավարտին հասցնել ԼՂՀ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները` նախագահները նշել էին, որ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում պատրաստ են աջակցելու «հաշտության պայմանագրի մշակման գործում և օժանդակել դրա կատարումը մեր միջազգային գործընկերների հետ»:

Սակայն վերլուծաբանները լավատես չեն, թե պայմանավորվածությունների հասնելն այդքան դյուրին կլինի:

Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ բանակցությունները փակուղուց դուրս կգան միայն այն դեպքում, երբ որպես լիիրավ կողմ դրանց մասնակցի նաև ԼՂՀ-ը:

«Բանաձևը շատ պարզ է. ով կառչած է ստատուս քվոյից, նա էլ դեմ է հանդես գալիս ԼՂՀ վերադարձին բանակցային սեղան»,- հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ նախագահ նախագահ Կարեն Բեքարյանը: Նա նշել է, որ բանակցություններն իրական բեկում կարող են արձանագրել, երբ «ինչ-որ հրաշքով Ադրբեջանը դառնա ժողովրդավարական», և նախագահ Ալիևը երաշխիքներ ունենա, որ միևնույն է` ինքը կմնա իշխանության, երբ Ադրբեջանն ուղղակիորեն բանակցի ԼՂՀ-ի հետ:

«Մինչ այդ բանակցությունները կընթանան նույն տրամաբանությամբ»,- ասել է Բեքարյանը:

Այդ մասին խոսել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` «Վոյեննի դիպլոմատ» ռուսական հանդեսին հունիսի 14-ին տված հարցազրույցում: «Առանց մեր` որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի մասնակցության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելը պարզապես անիրական է: Դա խոստովանում են նաև միջազգային միջնորդները, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք մեր կողմից պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների և ցանկացած հարցերի քննարկման, ինչի մասին մշտապես հայտարարում ենք»,- ասել է նա:

Դիանա Գալստյան

Քրիստինե Խանումյան

© Medialab.am