Ղարաբաղցի պատգամավորը մտահոգված է Ղարաբաղում ծխողների մեծ թվով

Ղարաբաղցի պատգամավորը մտահոգված է Ղարաբաղում ծխողների մեծ թվով
Ղարաբաղցի պատգամավորը մտահոգված է Ղարաբաղում ծխողների մեծ թվով

ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը հոկտեմբերի 12-ին  Ղարաբաղի խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Ղարաբաղում ծխելու դեմ պայքարը լավ չի տարվում:
Լազարյանը հիշեցրել է, որ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը ԼՂՀ ԱԺ-ն ընդունել է դեռեւս 2007 -ի դեկտեմբերին, սակայն, ըստ Զոյա Լազարյանի, «օրենք այսօր լիարժեք չի կիրարկվում»:

ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ մի շարք մտահոգիչ թվեր է հրապարակել: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան Ղարաբաղ ներկրվում է 3 մլրդ 400 մլն դրամի ծխախոտ, որը Զոյա Լազարյանի խոսքով,  հավասարազոր է 9 մլն 100 հազար տուփ ծխախոտի:

«Եթե այս թիվը բաժանվի երկրի բնակչության թվի վրա, հատկապես ծխող տղամարդկանց թվի վրա, ապա կկազմի ահավոր մի թիվ: Սա մի ցավալի իրողություն է, որը պետք է մտահոգի և ակտիվ պայքարի մղի թե պետությանը, թե ողջ հանրությանը, քանզի այն  պետական խնդիր է, ժողովրդագրական խնդիր, պետության անվտանգության խնդիր, մեր ժողովրդի գենոֆոնդի խնդիր»,- ասել է Զոյա լազարյանը:

Ըստ պաշտոնական տվյալների, Ղարաբաղի բնակչությունը կազմում է ավելի քան  140 հազար բնակիչ:

© Medialab.am