Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, առաջիկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից:
«Հայտնի է, որ նա այնտեղ էր ընդգրկվել որպես կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար: Սակայն հիմա, երբ ԲՀԿ-ն հրաժարվել է կոալիցիայի մաս կազմելուց, ի թիվս այլ պաշտոնների՝ հնարավոր է՝ լքի նաև սա»,- գրում է թերթը և հավելում.
«Լուրեր են շրջանառվում նաև, որ Ծառուկյանը գուցե հրաժարական տա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքեց միայն ՀԱՕԿ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին լուրերը, ինչ վերաբերում է ԱԱԽ- ին, ապա նա տեղեկություններ չուներ:
Ըստ Զոհրաբյանի՝ դա պարզ կլինի Ծառուկյանի վերադարձից հետո: Ամենայն հավանականությամբ, նա Հայաստան գա մայիսի 30-ին և կմասնակցի ԿԸՀ-ում մանդատ ստանալու պաշտոնական արարողությանը»:
© Medialab.am