«Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե հիմա մեկը մատն էլ կտրի, ասի, որ իբր ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է ուղղակի, այդպիսի բան չի կարող լինել։ Ես ասել եմ՝ եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանեն, ուրիշ ոչ մի բան»,- Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ ընտանիքի մասին գրում են, որ Կանադայում վիլա ենք առել, մաքսանենգությամբ ենք զբաղվում, չգիտեմ ինչեր։ Դրա նպատակն ի՞նչ է՝ վստահության ճգնաժամ ստեղծելն է՝ մեկ է, ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվելու»,- նշեց Փաշինյանը։

Նա անդրադարձավ ապատեղեկատվություն տարածողներին պատժելու մասին հարցին։ «Բարեբախտաբար ասեմ, թե դժբախտաբար, մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է, և ես չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդտեղ արհեստական փոփոխություններ անելու։

Ես վստահ ասեմ, որ այդ երևույթները կախված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ՝ ձեզ հայտնի և ոչ անհայտ։ Եվ եթե մենք հետևողական լիենք այդ գործերը մինչև վերջ տանելու, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն, դրանով այդ պատմությունն ավարտվելու է»,- հավելեց նա։

Բայց իրավապահ մարմիններն, ըստ վարչապետի,  ուշադիր են, և բոլոր այն դեպքերում, երբ Քրեական օրեսնգրքի կարմիր գիծ է հատվում, պետք է արձագանքեն մնման դեպքերին։