Կրթական և երիտասարդական ծրագիր Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում

Կրթական և երիտասարդական ծրագիր Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում
Կրթական և երիտասարդական ծրագիր Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում

Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) կազմակերպած Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մեկնարկել է կրթական և երիտասարդական ծրագիրը:

Մարտի 4-ին ծրագիրն սկսել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Ալֆրեդ Հիչքոքի «Կենվորը» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո տեղի է ունեցել քննարկում և վարպետության դասընթաց Միջազգային կինոուղեցույցի (International Film Guide) խմբագիր Յան Հեյդն Սմիթի մասնակցությամբ:

«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի և Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ: Հատկապես կարևոր է փառատոնի թեման: Այսօր ամբողջ աշխարհում արդիական դարձած բնապահպանական հարցերն առաջին հերթին պետք է գտնվեն երիտասարդների ուշադրության կենտրոնում: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ այս հարցերի մասին խոսում են արվեստի լեզվով»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Կրթական և երիտասարդական ծրագրի շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ցուցադրվելու է փառատոնի ֆիլմերը և բրիտանական կարճամետրած ֆիլմերը: Ցուցադրությունը բաց է լինելու կենտրոնի սաների համար: Իսկ մարտի 3-ից -11-ը «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի աջակցությամբ կինոքննադատ Յան Հեյդն Սմիթը կանցկացնի կինոգրախոսության դասընթաց:

Մարտի 11-ից մարտի 15-ը ֆիլմերը կցուցադրվեն Երևանի Պետական Համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մենք միշտ կազմակերպում ենք դասընթացներ և հանդիպումներ, ինչը հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալ Միացյալ Թագավորության կինոարտադրության փորձին», – նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի բացումը կայացավ մարտի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնը նվիրված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակված Միջազգային ջրային համագործակցության տարվան: Փառատոնի պաշտոնական ծրագիրը կշարունակվի մինչև մարտի 11-ը, որից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև մարզերում և զորամասերում: