Ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն են

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժական ապարատի հիվանդությունները (հատկապես՝ օստեոարթրիտ), որոշ ուռուցքային հիվանդություններ (օրինակ՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղներ և այլն):

ԱՀԿ տվյալներով՝ 2016 թվականին ամբողջ աշխարհում 18 տարեկանից բարձր տարիքի մեծահասակների շրջանում 1.9 մլրդ մարդ ունեցել է քաշի ավելցուկ, որից 650 մլն՝ ճարպակալում: 5-19 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմել է 18%: Միևնույն ժամանակ, աշխարհում մինչև 5 տարեկան 41 մլն երեխա ունեցել է ավելցուկային քաշ և ճարպակալում:

Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը նույնպես խնդրահարույց են: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում): Հարկ է նշել, որ ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը ցածր տարիքային խմբերում համեմատաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, իսկ 40-49 տարիքային խմբից սկսած՝ կանանց շրջանում։ 30-49 տարիքային խմբում կանանց շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման ցուցանիշը կտրուկ աճում է՝ հասնելով 71․9%-ի։

Ճարպակալմամբ տառապող մարդիկ հաճախ ունեն միանգամից 3-4 հիվանդություն, այդ իսկ պատճառով նրանք ավելի դժվար են դիմադրում ինֆեկցիաներին։ Ինչ վերաբերում է COVID-19–ին, ապա որոշ երկրների գիտնականների տվյալների համաձայն՝ բարձր աստիճանի ճարպակալման ժամանակ շնչառության խորության և թոքերի աշխատող ծավալի նվազեցումը ևս նպաստում են թոքաբորբի արագ զարգացմանը։

ԱՀԿ–ն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ՈՎՀ կանխարգելումը և վերահսկումը դիտարկում է որպես առանցքային հարց և հորդորում համավարակի հաղթահարման գործընթացում մեծ ուշադրություն դարձնել զուգակցող ՈՎՀ առկայությանը, այդ թվում՝ ճարպակալմանը, որը ոչ միայն ինքնուրույն քրոնիկական հիվանդություն է, այլև բարձր ռիսկի գործոն մի շարք այլ հիվանդությունների համար։

COVID-19 համավարակի պայմաններում ձեռնարկված սահմանափակումները լուրջ մարտահրավեր են ֆիզիկական ակտիվության և առողջ սնուցման հասանելիության նվազման առումով, որոնք նպաստում են ճարպակալման առաջացմանը, հետևաբար և’ շաքարային դիաբետի, և’ սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Այս առումով խիստ կարևորվում է այս ընթացքում առողջապահական համակարգերի կողմից ՈՎՀ կանխարգելման և վերահսկման  հարցերին պատշաճ ուշադրություն դարձնելը:

Փաստերը վկայում են, որ ՈՎՀ ունեցող մարդիկ առանձնապես խոցելի են COVID-19-ի նկատմամբ: Մինչ այժմ աշխարհում իրականացված ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ ճարպակալումը SARS-CoV-2 վարակի հետևանքով մահվան ելքերի և հիվանդության ավելի ծանր դեպքերի ռիսկի գործոն է: Շուրջ 500 հազար պացիենտի շրջանում կատարված հետազոտության տվյալներով` հոսպիտալացված 340 հիվանդից 44%-ն ունեցել է գերքաշություն, իսկ 34%-ը` գիրություն: 

Մեկ այլ` OpenSAFELY ուսումնասիրություն անդրադարձել է ավելի քան 12 միլիոն էլեկտրոնային գրառման. 5683 մահվան ելքով հիվանդներից 29%-ն ունեցել է գերքաշություն, իսկ 33%-ը` գիրություն: Հետազոտությունը վկայում է, որ COVID-19-ից մահվան ռիսկը 27%-ով բարձր է ավելորդ քաշ ունեցողների մոտ և կրկնակի բարձր է այն պացիենտների մոտ, ում մարմնի քաշի ինդեքսը 40-ից բարձր է:

Այսպիսով, ուսումնասիրությունները փաստում են ավելորդ քաշի և հիվանդության ծանրության միջև կապը:

Ավելցուկային քաշի և ճարպակալման նվազեցման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • պահպանել շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն,
  • սահմանափակել ալկոհոլի օգտագործումը,
  • հրաժարվել ծխախոտից,
  • պահպանել ռացիոնալ և առողջ սնուցման կանոնները՝ սահմանափակել շաքարի, գազավորված ըմպելիքի և աղի օգտագործումը, նախապատվությունը տալ բանջարեղենային սննդին, օրական օգտագործել առնվազն 450 գրամ միրգ և բանջարեղեն: