40 լիբանանահայեր ցանկացել են վերադառնալ և հաստատվել Հայաստանում․ Զարեհ Սինանյան

Հայաստանը հատուկ օդանավով այսօր դեղորայք ու առողջապահական պիտույքներ է ուղարկել Լիբանան։ Հատուկ չվերթով Բեյրութ է մեկնել նաև կառավարական պատվիրակությունը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնելուց առաջ լրագրողներին տեղեկացրել է, որ տանում են այն, ինչ խնդրել է Լիբանանի կառավարությունը։

«Մենք նրբանկատ գտնվելով և մեր համայնքի շահը վեր դնելով առաջին բեռը տանում ենք Լիբանանի ժողովրդի համար։ Երկրորդ ինքնթիռում համայնքի համար կլինի առանձին գույք, պարենամթերք և այն ամենը, ինչ համայնքը անհրաժեշտ է համարում։ Շատ կարևոր ենք համարում, որ Լիբանանի ժողովուրդը հասկանա՝ մենք հիշում ենք այն դրական դերը, որը խաղացել են մեր ժողովրդի ճակատագրի վրա», -ասել է Զարեհ Սինանյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը Բեյրութում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ, հայ համայնքի ներկայացուցիչների, առանձին կառույցների, գործիչների հետ, կգույքագրի պայթյունի հետևանքով վնասները։

«Մենք տեղում հանդիպելու և ծանոթանալու ենք համայանքի ներկայացուցիչների հետ հասկանալու՝ ովք ինչպես է ապրում, ինչ խնդիրներ, ինչ ցանկություններ ունեն, որքանով է նրանց մոտ հայրենադարձության գաղափարը լուրջ», -ընդգծել է Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև տեղեկացրել է, որ կան ցուցակագրված մարդիկ, ովքեր ցանկանում են հայրենադարձվել Հայաստան։ «Մենք նախատեսում ենք, որ նույնիսկ այս ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան», -նշել է Սինանյանը՝ ընդգծելով, որ Լիբանանում ՀՀ դեսպանատանը ցուցակագրված լիբանանահայերի թիվը 40 է։