Բանակն իրավունք չունի մուննաթ գալու պարտադիր զորակոչվածի վրա

24-03-2019
2149 դիտում
Բանակն իրավունք չունի մուննաթ գալու պարտադիր զորակոչվածի վրա

Ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում մեր բանակում: Երևանի աչքից հեռու մի զորամասում՝ Մեղրիի տարածաշրջանի Ագարակ համայնքում, զինվորները լքել են զորամասը: ՊՆ-ն չի թաքցնում, որ դա արդյունք է սպաների հետ ծանր հարաբերությունների: Այնուամենայնիվ, տեղի է ունեցել անթույլատրելին՝ զինվորները լքել են զորամասը:

Սակայն ի՞նչ է նշանակում՝ սպան իրիկունը շարել է զինվորներին ու ճղել նրանց շորերը: Դա մտնո՞ւմ է զինվորին պատժելու կանոնակարգային գործողությունների մեջ: ՊՆ մամուլի քարտուղարն ասում է՝ զինվորներն են մեղավոր, քանի որ հրամանատարությանը փորձել են պարտադրել իրենց բարքերը: Բայց մի ամբողջ գունդ է ընդվզել: Մեր բանակը մոռանում է, որ կապ չունի, թե ինչպիսի դաստիարակությամբ են երեխաները մտնում բանակ:

Ընդհանրապես սա պետք է հիշել՝ եթե ծառայելը պարտադիր է, դա տարածվում է տականքի և առաքինիի վրա, դա տարածվում է կատու ճղող երեխայի և 5 տարեկանից 3-ամյա քրոջը խնամող երեխայի վրա: Միայն պայմանագրային ծառայության ժամանակ պետությունն իրավունք ունի մուննաթ գալ զինվորի վրա, զորակոչային զինվորը, եթե նույնիսկ ամենավերջին տականքն է, մուննաթի թեմա չէ:

Սա ինչ-որ մեկը վերևներում պետք է հասկանա:

Պարտադիր զինծառայության սկզբունքը իրավունք չունի պահանջել Հայրենիքի նվիրյալ: Նրանք մեծ հաշվով դեռ երեխաներ են, որոնք արժեք չեն ձևակերպել: Գուցե մեկ-երկուսը նույնիսկ 10 տարեկանից գիտեն՝ ի՛նչ է Հայրենիքը և 12 տարեկանում (հա՞ որ) լրիվ գիտակցաբար պատրաստ են կյանքը զոհել էդ Հայրենիքի համար:

Բայց գլոբալ, միջին վիճակագրական իմաստով Հայրենիքը դեռ ձևակերպված չէ, որովհետև եթե մայրը ձևակերպված է որպես որդուն բանակում չտեսնող մարդ, որպես մեկը, որը վախեր ունի, որ կարող է որդին ողջ չվերադառնա, իսկ Հայրենիքը դեռ այն զոհասեղանը չէ, որը մյուս կողմից այդ նույն որդուն կանչում է հնարավոր անձնազոհության, ու որդին դա չի քննարկում, ուրեմն էդ զինվորը պիտի ընտրելու բան ունենա:

Այսօր բալանս չկա մոր սարսափի և Հայրենիքի հանդեպ հոգեկան պարտքի միջև: Սա ո՞վ պետք է անի: Ընտանի՞քը: Էդպես չի լինում: Զինակոչիկը բարոյահոգեբանական թեստեր չի հանձնում ծառայության անցնելիս, աչքերը, ոտքերը, գլուխը, ձեռքերը տեղում են, ներքին օրգաններն առողջ են, ուրեմն պիտանի է ծառայությանը:

Վե՛րջ: Սկզբունքը զինակոչիկը չի սահմանել, առավելևս երեխան, որ պետք է դառնա զինակոչիկ: Երեխաները կարող են ըմբոստանալ սպաների դեմ, նույնիսկ եթե սխալ են: Ես չեմ ասում՝ իրավունք ունեն: Պարզ է, որ բանակում իրավունքը յուրահատուկ հասկացություն է, գրեթե չեղած բան ըստ կանոնադրության: Բայց բանակի հաշմվածության անխուսափելիությունը նրա պարտադիր ծառայության մեջ է:

Եթե դու Սպարտան չես, զինվորդ պիտի դաստիարակվի բանակում, և դու՝ որպես սպա, կարող ես տապալվել: Միայն Սպարտայում էր զինվորը գրեթե ի ծնե զինվոր: Կամ Օսմանյան կայսրությունում: Սա Եվրոպայում հասկացել են: Նրանք իրենց տարածքային վեճերը (այսինքն՝ իրենց ղարաբաղյան հակամարտությունները) այնպես են ավարտել, որ երեխային պարտադիր զինծառայության անհեթեթությունից ազատեն:

Այլապես մի օր մարդն իրենից անկախ այնպիսի հանցանքի մեջ կարող է հայտնվել, ինչպես ֆաշիստական Գերմանիայի հարյուրհազարավոր զինվորներ, որոնք պատերազմ և սպանություն չէին երազել, առավելևս՝ չէին երազել մեռնել ռուսաստանյան սառնամանիքներում գյուղեր հրդեհելով, երեխաներ ու ծերեր սպանելով: Պրոֆեսիոնալ զինծառայողը որոշում է: Նա ունի պատիվ: Նա նախահարձակ չէ, նա նվաճող չէ, եթե Նժդեհ է կարդում, կարող է օրերով մտածել ու խմբագրել նրան:

18 տարեկան երեխան Նժդեհ կարդալիս կարող է զենք բարձրացնել իրենից ավելի թույլի վրա: Որովհետև նրա համար Նժդեհը կրթական պրոցեսում իմաստավորվող օժանդակ կամ անհրաժեշտ գրականություն չէ, ուղղակի գրադարանի կամ ուղեղի լվացման արդյունքում ձեռքն ընկած գիրք է: Հենց միայն պարտադիր զինծառայությունից ազատվելու համար պետք է լուծվի Արցախի հարցը: ՊՆ ներկայացուցիչը սարսափելի բան է ասում՝ մեղավոր զինծառայողների մի մասին տարել ենք առաջնագիծ:

Հասկացա՞ք: Բանակը մեղավոր զինվորի ընտրությունը չէ, հերիք չէ, դեռ զինակոչիկին էլ առաջարկում են պատժվել՝ մահվան դեմ հանդիման կանգնելով: Սա բերանով ասելու բան չէ, բայց ասվել է: Ինչո՞ւ: Որովհետև հնազանդ չլինելը գին ունի:

Թեպետ, կրկնում եմ, քո պարտքն է ծառայելը, ոչ թե ընտրությունը: Պարտքը չի իմաստավորվում, ընտրությունը միշտ իմաստավորված է: Նույնիսկ փախուստը իմաստավորում է: Բայց պատերազմի պայմաններում փախուստը ենթադրում է սրբապղծություն, որովհետև փախչելիս դու բախտի քմահաճույքին ես թողնում մարդկանց, որոնք քեզանից ոչնչով պակաս չեն: Ուղղակի նրանց ընտրությունը քոնը չէ:

Նոր Հայաստանն այս հարցը պետք է լուծի: Նոր Հայաստանում զինվորը նույնպես պետք է ունենա արժանապատվություն: Արժանապատվության մեջ նույնացվում են մայրն ու Հայրենիքը, տնամերձ ու սահմանամերձ թթենիները:

Այդպիսի Հայաստանում զորամասի հրամանատարության դեմ ըմբոստացող զինվորը արդեն դասալիք է, ինչպիսի դասալիք է զինվորին կոտրել փորձող սպան: Եվ սպան գիտի, թե ինչ է անում, երբ ուզում է կոտրել, չկոտրվող զինվորը միշտ չէ, որ կարող է ասել, թե ինչու չի ուզում կամ չի կարող կոտրվել:

Տվեք մեր զինվորին Հայրենիքն ընդգրկելու իմաստավորված բալանսը, և առաջնագիծը չի ձևակերպվի որպես պատիժ:

Մհեր Արշակյան

MediaLab.am