«Երաժշտությունը վերազգային արժեք է». պոլսահայ երգչուհին գրավում է թուրքական ալիքները` հայերեն թովիչ երգով

24-08-2011
430 դիտում
«Երաժշտությունը վերազգային արժեք է». պոլսահայ երգչուհին գրավում է թուրքական ալիքները` հայերեն թովիչ երգով

«Երազիս մեջ այրում էիր 
Նամակներս քեզ գրած, 
Ա՜խ, նրանց մեջ թե բանայիր, 
Իմ սիրտը կար, իմ սիրած»

Հովհաննես Շիրազի այս տողերը գարնանն առաջին անգամ հնչեցին Թուրքիայի տարբեր հեռուստաալիքների եթերում: Երգը կոչվում էր «Նամակ»: Կատարողը ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն էր: Երգչուհին այս տեսահոլովակից հետո հայտնի դարձավ ոչ միայն ստամբուլահայերի շրջանում, այլ ամբողջ Թուրքիայում և Հայաստանում:

«Երբ տեսահալովակս հեռուստաեթերով ցույց տվեցին շատ երջանկացա: Աշխարհի զգացմուներն ունեցա: Ես չեմ վախնար հայերեն երգելուց, որովհետև երաժտությունը համազգային է»,- «Մեդիալաբին» ասում է Սիբիլ Փեքթորոսօղլուն:

Երգչուհին ծնվել է Պոլսում: Ավարտել է Մխիթարյան վարժարանի նախակրթարանը: Նրա պատմելով ընտանիքի անդամները տանը միայն հայերեն էին խոսում: Հայրը շատ խիստ էր, ասում էր`««Այս տունի մեջ միայն հայերեն պիտի խոսվի»:

Սիբիլը սկսել է երգել 1991 թվականից ` Պոլսո «Սուրբ Վարդանանց» երգչախմբում:  Երաժշտական որևէ կրթություն չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է բանկում: Սակայն ասում է, որ միշտ երգել է և առանց երգի իրեն չի պատկերացնում:

Սիբիլի «Նամակ» երգի տեսահոլովակն առաջինը ոգևորել է ստամբուլահայ համայնքին: Ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի Մելիսա Պոզը պատմում է, որ երբ առաջին անգամ լսել էր հայերեն երգը հուզմունքից չգիտեր` ինչ աներ:

«Ես առաջին անգամ, որ լսեցի, գժվեցի: Մտա ինտերնետ ու նրա անունը գրեցի: Ֆեյսբուքով նրան գտա, խոսեցի հետը: Մենք Սիբիլի մասին անգամ հաղորդում ենք պատրաստել: Մի խոսքով, բոլորս ուրախությունից խենթանում էինք»,-«Մեդիալաբին» պատմում է Մելիսան:

Նրա խոսքերով, չնայած ստամբուլահայ համայնքում շատերը Սիբիլին վաղուց էին ճանաչում, այնուամենայնիվ ոմանք սկզբից չհասկացան, թե ով է նա:

«Նախ շատերը չհավատացին, որ նա Թուրքիայի հայ է: Ասացին`Հայաստանից է: Բայց հետո տեսան, որ սոցիալական ցանցում իր էջն արևմտահայրեն է, ուրեմն` սիրիահայ, կամ լիբանանահայ է: Բայց վերջում համացանցի միջոցով բոլորը հասկացան, որ նա եկեղեցու երգչախմբում երգող մեր քույրիկն է»,-ոգևորված պատմում է Մելիսան:

Երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլույի խոսքերով չնայած հայերեն տեսահոլովակի նկարահանումից հետո շատերը նրան ճանաչեցին, այդուհանդերձ նրա կյանքը իրականում փոխվեց 2010 թվականի նոյմեբերի 10-ին, երբ թողարկվեց առաջին սկավառակը: Հենց այս սկավառակը աշխարհին ներկայացնելու համար էլ ընտրվեց հայերեն «Նամակ» երգը:

Երգչուհու խոսքերով` հայերեն երգելը Ստամբուլում ոչ մի դժվարության չի հանդիպում: Ավելին, ասում է, որ շատ թուրք երաժիշտներ սատարել և օգնել են նրան: Սիբիլը պատմում է, որ նույնիսկ իր տեսահոլովակի նկարահանման ընթացքում ողջ նկարահանող խումբը քթի տակ «Նամակն» էր մրմնջում: Շատերը երգի բառերի լատինատառ տարբերակն էին խնդրում, որպեսզի կարողանային ձայնակցել երգչուհուն:

«Երաժշտական որևէ ուսում չեմ ստացել, բայց և այնպես ինքս իմ վրա աշխատելով, զարգացրել եմ երաժշտական ճաշակս: Երգչախմբից բացի շատ սիրում էի էստրադային երգերը, հատկապես հայ երգը»,-ասում է Սիբիլը:

Սիբիլը հավատում է, որ երաժշտությունը վերազգային արժեք է, իսկ ինքը իր երգերով մարդկանց փորձում է տալ «Մարդասիրություն, հայրենասիրություն և իհարկե Աստվածասիրություն»:

Ի դեպ հայրենասիրության մասին: Սիբիլ Փեքթորոսօղլուն շատ լավ է ճանաչում Հայաստանի գրեթե բոլոր երգիչ երգչուհիների կտարումները:

Հայաստանը ընդհանրապես երգչուհու կյանքում կարևոր տեղ է գրավում: Նա պատմում է, որ երբ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու առաջարկ էր ստացել, շատ էր ոգևորվել: Դա իր համար մեծ պատիվ էր:

«Կարող եմ ասել, որ դրանք իմ կյանքի ամենալավ օրերն էին: Շատ կարևոր ու արժեքավոր անձերու հետ ծանոթացա: Բոլորն էլ ասում էին` «Սիբիլ քեզ ինչպես կարող ենք օգտակար լինել»»,-պատմում է «Մեդիալաբին» Սիբիլ Փեքթորոսօղլուն:

Երգչուհու համար այս ամենը միայն սկիզբն է: Նա համագործակցության շատ առաջարկներ է ստացել և պատրաստավում է շարունակել իր գործը:

«Ստացած բոլոր առաջարկները պետք է նկատի առնեմ: Նաև պետք է աշխատեմ երկրորդ սկավառակի վրա: Այս մեկ դարձյալ հայերեն երգեր պիտի պարունակի: Ամենամեծ փափագներիցս մեկն էլ հայկական երաժշտությանը նոր երգեր նվիրելն է: Հներն արդեն մերն են, ինչու իմ երգերս էլ անմահ երգերի մեջ չանցնեն»,- երազում է պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am