«Ուրախ ու հուզված կգամ Հայաստան». «Սիբիլ» ալբոմի շնորհանդեսից գոյացած գումարը երգչուհին կտրամադրի երեխաներին

20-09-2012
1032 դիտում
«Ուրախ ու հուզված կգամ Հայաստան». «Սիբիլ» ալբոմի շնորհանդեսից գոյացած գումարը երգչուհին կտրամադրի երեխաներին

Շուրջ մեկ տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ սփյուռքում իր թովիչ երգի շնորհիվ մեծ ճանաչում ստացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն այս կիրակի իր երկրպագուների հետ կհանդիպի արդեն Երևանում` «Սիբիլ» ալբոմի շնորհանդեսի ժամանակ:

«Շատ ուրախ ու հուզված կգամ Հայաստան: Վերջին այցելությունս եղավ ապրիլ ամսվան վերջ, երբ մասնակցեցա Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հանդիսությանը: Հինգ ամիս եղեր է, բայց ես շատ կարոտցա թե´ Հայաստանը և թե´ բարեկամներիս»,- «Մեդիալաբին» ասում է Սիբիլ Փեքթորոսօղլուն:

Ալբոմի շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերի 24-ին` ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Երգչուհին ասում է, որ թեև սկավառակի համար հստակ գին սահմանված չէ, և յուրաքանչյուր ոք վճարելու է այնքան, որքան կամենում է, այնուամենայնիվ նշում է, որ ալբոմի վաճառքից գոյացած գումարը ինքը տրամադրելու է երեխաներին:

«Որքան ունեմ սեր երաժշտության հանդեպ, նույնքան ալ` երեխաներու: Խորհեցա, որ Աստված զիս ուրախացուց, իմ երազներս իրականացուց, ես ալ ուզեցի մեր ապագան կերտելիս երեխաներուն ձեռքես եկածն ընել: Կարևորը գումարը չէ, CD-ներուն սահմանած գումար չկա… Կարևորը ժողովրդին նվիրատվություն կատարելու մղելն է: Եթե մենք օգնենք զիրար, սիրենք, իրարու, կապված ազգ մը ըլլանք` այսպիսով աշխարհը մեր ազգի համար շատ ավելի վարդագույն կ’ըլլա»,- ասում է նա:

Երգչուհին ծնվել է Պոլսում: Ավարտել է Մխիթարյան վարժարանի նախակրթարանը: Նրա պատմելով` ընտանիքի անդամները տանը միայն հայերեն էին խոսում: Հայրը շատ խիստ էր, ասում էր. «Այս տունին մեջ միայն հայերեն պիտ խոսվի»:

Սիբիլը սկսել է երգել 1991 թվականից` Պոլսո «Սուրբ Վարդանանց» երգչախմբում: Երաժշտական որևէ կրթություն չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է բանկում: Սակայն ասում է, որ միշտ երգել է և առանց երգի իրեն չի պատկերացնում:

Սիբիլը պատմում է, որ ալբոմի թողարկվելուց հետո, որն էլ հենց ճանաչում բերեց հայազգի պոլսահայ երգչուհուն, կյանքի «ամենեն երջանիկ օրերն ապրեցավ»:

«Կարծեք ապրածներիս հրաշք մին էր: Ձայնս շուտով հասավ Հայաստան, հետո` սփյուռք…Ամեն օր Աստծո շնորհակալություն հայտնեցի, որ ինձի այսպես երջանկությունների ապրելու արժանի տեսավ»,- ասում է նա:

«Ամեն օր Աստծո շնորհակալություն հայտնեցի, որ ինձի այսպես երջանկությունների ապրելու արժանի տեսավ»,- պատմում է Սիբիլը, որի թովիչ ձայնը և հայերեն երգերը կարճ ժամանակում գերեցին միլիոնավոր մարդկանց սրտեր` հայտնվելով նաև թուրքական հեռուստաալիքների եթերում:

«Երազիս մեջ այրում էիր

Նամակներս քեզ գրած,

Ա՜խ, նրանց մեջ թե բանայիր,

Իմ սիրտը կար, իմ սիրած»:

Հովհաննես Շիրազի բառերի հիման վրա գրված «Նամակ» երգը, որ Սիբիլ Փեքթորոսօղլուի կատարմամբ անցյալ տարվա գարնանը տեսահոլովակի տեսքով հայտնվեց Թուրքիայի տարբեր հեռուստաալիքների եթերում, մեծ ճանաչում բերեց հայուհուն: Այս հայերեն բառերը սկսեցին հնչել ամենուր` մաքուր ձայնի ելևէջներով:

Սիբիլն ասում է, որ այդ ժամանակից ի վեր իր կյանքը փոխվել է:

«Հաստատ կրնամ ասել, որ շատ ավելի երջանիկ և հույսերով լեցուն Սիբիլ մը եղավ: Երազներս ալ չափ ու սահման չունին: Աշխարհի չորս կողմեն քաջալերական նամակներ կստանամ: Թուրքերն ալ «Ֆեյսբուքի» միջոցով կտարածին երգերս, կլսեմ, որ TRT մյուզիք ալիքով, զանազան առիթներով իմ երգերս ցույց կտան»,- ասում է նա:

Հայաստանի մասին խոսելով` Սիբիլն ասում է, որ միշտ կարոտալի է:

«Ես զիս շատ բախտավոր կնկատեմ, թե հայաստանցի իմ հայրենակիցները հարազատի մը նման իրենց սիրտերը բացած են ինձի. ձայնս իրենց հասնելե հետո շատ ջերմ վերաբերում ցույց տվին անձիս հանդեպ, որ մեծ հպարտություն և երջանկություն կպարգևե ինձի…»,- իր զգացմունքներն է արտահայտում պոլսահայ երգչուհին` նշելով, որ առաջիկայում պատրաստվող անակնկալների մասին հետո կխոսի:

© Medialab.am