Նոր ճնշումնե՞ր ԶԼՄ-ների վրա. մոտեցումները փոխվում են`բռնությունների փոխարեն դատական հայցեր

Հեղինակ MediaLab

Փետրվարի 3-ին անցկացված ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե «Հայկական ժամանակ» թերթի կողմից իրեն հասցված բարոյական վնասը ինքը գնահատում է 1 մլրդ դոլար, սակայն, ավելի քիչ գումար է պահանջել` հաշվի առնելով թերթի ֆինանսական սուղ հնարավորությունները:
Դատական գործերը լրատվամիջոցների դեմ շատերը դիտարկում են որպես ճնշման նոր տեսակ` նախկին բռնությունների փոխարեն:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ թեպետ լրագրողների դեմ բռնություններն այս տարի ավելի քիչ են եղել, դա դեռ չի նշանակում, որ ճնշման փորձերը նվազել են: Ավելին, ըստ Մելիքյանի` իրենց ներկայացրած տարեկան զեկույցում ևս նշվում է, որ լրագրողների դեմ այլ ճնշումներն աճել են բռնությունների թվի նվազեցմանը զուգընթաց:

«Դրանց շարքում են նաև դատական հայցերը լրատվամիջոցների դեմ: Բայց միաժամանակ պետք է ասեմ, որ դատարանների գործն է ճիշտն ու սխալը որոշելը, թեև չենք կարող չփաստել, որ քաղաքական գործիչները անհանդուրժող են և աշխատում են հաշվեհարդար տեսնել լրագրողների հետ` օգտագործելով դատական ատյանները»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ երեք պատգամավորներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայկական ժամանակի»` յուրաքանչյուրը որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 2-ական միլիոն դրամ և ևս կես միլիոնական դրամ` դատական ծախսերի փոխհատուցման համար:

Ռուբեն Հայրապետյանի հետ համահայցվորի կարգավիճակում են Սամվել Ալեքսանյանն ու Լևոն Սարգսյանը: Նման հայցի պատճառ է դարձել «Հայկական ժամանակի» 2010 թ. հոկտեմբերի 14-ի «Ութից յոթը ցուցակում են» հրապարակումը, ըստ որի` ՌԴ իրավապահները կազմել և Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են մի ցուցակ, որում ընդգրկված են ռուս իրավապահների քննած քրեական գործերում շրջանառվող ՀՀ պաշտոնյաների և օլիգարխների, այդ թվում՝ վերը նշված երեքի անունները։

«Տուժողները», բացի բարոյական վնասի փոխհատուցումից, նաև պահանջել են հերքել հրապարակումը:

Սակայն սա միակ հայցը չէ: Մեկ այլ նման դատական հայց է ներկայացված ընդդիմադիր` «Ժամանակի» դեմ: Այս պարագայում հայցվորը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն է:

Քոչարյանների ընտանիքը 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում «Ժամանակ» օրաթերթից` իր ընտանիքի անդամներին առնչվող երեք հրապարակումների համար, որտեղ նշվում է, թե Քոչարյանի ընտանիքը կապ ունի բեռնափոխադրումների, դեղեր ներկրող մի քանի ընկերությունների հետ:

Ընդդիմադիր թերթերի ղեկավարներն արդեն հայտարարել են, որ դա ազատ խոսքի դեմ ուղղված հերթական ճնշումն է:

«Ժամանակի» խմբագիր Արման Բաբաջանյանը հայցից հետո հայտարարել է, որ այդպիսով «Քոչարյանների ընտանիքն ուզում է ֆինանսապես ծնկի բերել «Ժամանակ» օրաթերթը»: Նա հայցը որակել է որպես «հարձակում ազատ մամուլի վրա»:

«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրի տեղակալ Հայկ Գևորգյանը ևս պնդում է, որ իրենց թերթի դեմ ներկայացված հայցը ազատ խոսքը լռեցնելու փորձ է:

«Մեդիալաբի» հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ, բնականաբար, այդտեղ «այլ պատճառ չկա»:

Գևորգյանի խոսքով` իրենք հրապարակել են երրորդ անձի հայտարարությունը, մինչդեռ պատգամավորները դատի են տվել թերթին, չնայած հայտարարության հեղինակ Սմբատ Կարախանյանը հայտարարել էր, որ եթե իր հայտարարության հետ կապված որևէ խնդիր կա, ապա պատգամավորները պետք է գործ ունենան իր հետ:

Գևորգյանը նշեց, որ եթե նախկինում լրագրողների հանդեպ ուղղակի բռնություն էին կիրառում, ապա հիմա էլ այսկերպ են փորձում լռեցնել ազատ խոսքը:

«Եթե չստացվի, երևի արդեն կսկսեն գնդակահարել»,- կես կատակ նշեց Գևորգյանը:

Փորձագետ Աշոտ Մելիքյանի խոսքով` թեև ճնշումներն այլ ձևաչափով ավելացել են, սակայն լինում են դեպքեր, երբ լրագրողներն հենց իրենք են նման իրավիճակի տեղիք տալիս: Նա նշում է, որ միշտ չէ, որ իրենք կարող են գնահատականներ տալ և, մասնավորապես, այս դեպքերում, քանի որ գործերը դեռ դատարանում են:

Այդուհանդերձ, դատարանի որոշմանը սպասելով` Աշոտ Մելիքյանը վստահեցնում է, որ իրենք հետևելու են այդ գործերի ընթացքին և իրենց կարծիքներն են հրապարակելու, այդ թվում նաև` դատարանի որոշման կապակցությամբ:

Երկուշաբթի` փետրվարի 7-ին, դատարանը պետք է հրապարակի ԱԺ պատգամավորներն ընդդեմ «Հայկական ժամանակի» դատական հայցով կայացված վճիռը:

«Ժամանակի» դեմ ներկայացված հայցով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am