«Գյուղացու բաղ ու բոստանի «ջիփը»». գորիսեցին շարունակում է փալան կարել և պահել անհետացող փեշակը

24-10-2012
636 դիտում
«Գյուղացու բաղ ու բոստանի «ջիփը»». գորիսեցին շարունակում է փալան կարել և պահել անհետացող փեշակը

Ֆիլմերից ու գրականությունից, մի քիչ էլ` կյանքից մեր ականջին ու աչքին ոչ անճանաչ բառ կա՝ փալանդուզ (փալանտուզ, փալանճի), համետագործ, ասել է թե` գրաստի՝ ավանակի, ջորու, ձիու համար փալան, համետ կարող մարդ: Գորիսի ենթամարզում հիմա այդ արհեստով զբաղվող մատների վրա հաշված մարդիկ կան:

Ժամանակների հետ գրեթե անհետացող այս փեշակ-զբաղմունքի վարպետին կարելի է հանդիպել Քարահունջ գյուղում:

Գորիսից 6 կմ հարավ գտնվող Քարահունջ գյուղն արդեն վաղուց, օղուց հետո ու օղուն զուգահեռ, սկսել է հիշատակվել անկանխատեսելի սողանքներով, փլուզվող տներով, գյուղի հիմնական բնակատեղիի աստիճանական դատարկմամբ: Բայց Քարահունջ բառն առաջին հերթին նույնացվում է հանրահայտ թթի օղու հետ: Ասվում է՝ Քարահունջի օղի, և մեկնաբանություններն այլևս ավելորդ են:

Իսկ գյուղի Ավան Աղբյուր թաղամասում կարելի է հանդիպել Քարահունջի միակ փալանդուզ, հովիվ Մուշեղի ու Ոսկեհատի որդի Մամիկոնին:

Մամիկոն Ստեփանյանը 61 տարեկան է: Ծնվել ու ապրում է Քարահունջում: Հինգ զավակ ունի:

«Չեմ ասի, թե պապերս փալանդուզ էին, ու ես էլ նրանց գործի շարունակողն եմ: Չէ՛: Էսպես եղավ. մի 20 տարի առաջ մեր նոր գնած ավանակի համար պետք էր փալան կարել տալ: Դե՛, արդեն դժվար ժամանակներ էին, փողն էլ սուղ էր: Մեր գյուղի էդ հոգսը քաշող ուստա Գարեգինի մոտ էլ շատ էի նստել ու իրա գործին նայել: Մտածեցի՝ չբռնե՞մ էս էլ փորձեմ»:

Ձիգ շարժուձևով Մամիկոնը պատմում է, որ համարյա մի լավ փալանացու է փչացրել, մատներն իր սարքած բիզ-մախաթով բոլ-բոլ ծակծկել, բայց վերջը գործը գլուխ է բերել:

«Վերջում «կլիենտիս» առույգ քայլքից հասկացա, որ նա իրեն վատ չի զգում, որ փալանը կողերն ու մեջքը չի հարում, որ փորքաշները ճիշտ տեղում են: Ես էլ` որպես հեծյալ, ինձ վստահ էի զգում, հետ ու առաջ չէի սահում: Ու էսպես սկսվեց իմ նոր կարիերան,- խոսքը հումորով համեմելով՝ շարունակում է նա: - Հետո մեկը մյուսին ասելով, դե, վարպետ Գարեգինն էլ արդեն չկար, եկան, ուզեցին, դառավ էնպես, որ պատվիրեցին էլ: Ես էլ, էսպես ասած, էս գործում մասնագիտացա»:

Մամիկոնը բացատրում է, որ առանց էշի իրենց համար դժվար կլինի, քանի որ դա էլ գյուղացու բաղ ու բոստանի «ջիփն» է: Ու այդ պահին իր «ջիփն» առած գալիս է նրանց հարևան Մարտունը:

Փալանչին ջուլը փռում է գետնին, փալանը դնում վրան, աջ ու ձախ զննում ու սկսում իր գործը:

«Հաշվի` մի բծախնդիր մարդու կոստյում ես կարում, նախ` պիտի չափսերը կարգին վերցնես, նազերը տանես, էս պարագայում նաև` աքացուց զգուշանաս, հետո քեչան [թաղիքը] չորստակ, մի տակ էլ կարպետը ճիշտ ձևվածքով կտրես, պրիմերկա անես, մեջը ծղոտ լցնես, փորքաշները հարմարացնես: Կարպետը վերևից է՝ պարզ է»,- սրամտում է վարպետը:

Այնուհետև ցույց է տալիս նաև փալանի լայնքով ու երկայնքով, քեչայից կարված-տեղադրված, գլանաձև դետալները, որոնք գրաստի ողնաշարն ու կողերը հարելուց խնայելու ու հեծյալի անվտանգությունը՝ առաջ ու հետ սահել-ընկնելը ապահովելու համար են:

«Գիտե՞ք` էս էն գործը չի, մանավանդ հիմա, որ թևիցդ մի փոքր թեկուզ բռնի, ընդհակառակը՝ ավել չարչարանք է: Ուղղակի համագյուղացի մարդիկ ենք, էրեսս չի բռնում մերժեմ»,- արագորեն օղակվող թելի միջով մախաթը խաղացնելով պատմում է Մամիկոնը:

Գործի քիչ լինելն էլ բացատրում է գյուղում փալանի կարիք ունեցող կենդանիների սակավությամբ: Գյուղում 300-ից ավելի ընտանիք կա ու մի 100 նման կենդանի, որոնցից յուրաքանչյուրը տիրոջը մի 20 տարի ծառայում է:

«Փալանն էլ, եթե չալարես ժամանակին դնել-վերցնելուց, չոր տեղ պահելուց, բեռան տակ ջուլ փռելուց, էլի մի 10-15 տարի կծառայի: Նոր փալանի մենակ հումքը, թե որ գտնես (նախկինում հատուկ տեխնոլոգիայով, լավ ծեծած բրդից ստացած քեչա, տորքով գործած կարպետ, կաշվից թելեր), հիմա երևի ամենաքիչը մի 25-30 հազար դրամ կարժենա: Կարել-մարելն էլ հետը` համարյա մի նոր գրաստի գին ա նստում»,- մանրամասն նշում է իր գործի վարպետը:

Մամիկոնի խոսքով` թանկության պատճառով մարդիկ հիմնականում նույն փալանը վերանորոգում-կարկատում ու օգտագործում են: Իսկ նոր փալանի կարիք ունենում են միայն նոր ձի կամ էշ գնելիս: Սակայն Քարահունջում հազիվ հացի խնդիր լուծող քիչ ընտանիքներ կարող են իրենց նոր կենդանի գնել թույլ տալ:

«Ասում եմ՝ մի քիչ էլ ձգեմ, մինչև մեկ ուրիշը սկսի անել: Մեկ է, քանի գյուղն ու գյուղացին կան, բաղ-բոստան գնալ-գալը կա, էս գործի կարիքը, թեկուզ քիչ, բայց միշտ լինելու է: Եվ ամենակարևորը՝ սա գյուղի մարդուն պետք եկող մասնագիտություն է»,- զրույցի ընթացքում Մարտունի գործն արագորեն ավարտելով եզրափակում է Մամիկոնը:

Մարտունն էլ` «օրհյալ լինես» շնորհակալական խոսքով հարևանին վարձատրում ու գնում է:

Լենա Հովսեփյան

Գորիս

© Medialab.am