Հայաստան-Իրան ցամաքային սահմանը փակելու որոշումից հետո Հայաստան այցելելու մտադրություն ունեցող իրանցիները չեղարկել են ամրագրումները, նաև Հայաստանից դեպի Իրան զբոսաշրջային խմբերի այցերն են հետաձգվում այս օրերին: Այս մասին «Մեդիալաբը» տեղեկացավ զբոսաշրջային գործակալություններից:
Մարտ ամսին իրանցիները նշում են Նովրուզը, ամեն տարի այդ ժամանակահատվածում հազարավոր իրանցիներ էին այցելում Հայաստան: Այս տարի սպասվում է, որ կամ հոսք չի լինի, կամ անգամ ցամաքային սահմանը բացելու դեպքում հոսքն անհամեմատ կնվազի:
«Մեդիալաբի» հետ զրույցում Իրանի հարցերով տուրօպերատոր Սևան Շիրվանյանն ասում է, որ խուճապային տրամադրություններ չկան, բայց Հայաստանից ևս դեպի Իրան այցերը հետաձգվել են:
«Առաջիկայում՝ մարտի 6-ին, տուր ունեինք դեպի Իրան, մենք ինքներս զանգահարեցինք մեր ուղևորներին, ժամկետը անորոշ ժամկետով հետաձգեցինք, գումարը վերադարձրեցինք նրանց: Մարդիկ ըմբռնումով են մոտենում մեր որոշմանը»,- «Մեդիալաբին» ասում է նա:
Ըստ Շիրվանյանի՝ եթե այս տեմպերով շարունակվի, իրանցիներն այս տարի իրենց Նոր տարին՝ Նովրուզը, Հայաստանում չեն նշի:
«Նաև իրենց մոտ այս տարի տնտեսապես վատ վիճակ է, եթե այդ երկուսը միասին գումարվեն, բնականաբար, Նովրուզը Հայաստանում տեղի չի ունենա: Առանց այն էլ այս տարի Նովրուզի համար վաղ ամրագրումների թիվը նվազել էր՝ պայմանավորված իրենց ոչ կայուն ֆինանսական շուկայով»,- ասում է Սևան Շիրվանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Հայաստանի Կառավարությունը որոշեց երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի տարածմամբ:
Որոշվել է օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
Վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, իսկ մահերը՝ 15-ի:
Առանց այն էլ Իրանում, տնտեսական իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, վերջին տարիներին նվազել է Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը:
2018 թվականին 27 տոկոսով նվազել էր Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Եթե 2017-ին Հայաստան էր ժամանել 22147 իրանցի, ապա 2018-ին այդ թիվը կազմել էր 16645։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ավելի վաղ «Մեդիալաբի» հետ զրուցում որպես նվազման հիմնական պատճառ նշել էր Իրանում ստեղծված տնտեսական իրավիճակը՝ պայմանավորված ամերիկյան պատժամիջոցներով: Դրանց հետևանքով էապես արժեզրկվել է Իրանի ազգայի արժույթը, իրանցիների եկամուտները նվազել են:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ նախորդ տարիներին Նովրուզը Հայաստանում նշելու համար յուրաքանչյուր տարի մարտ ամսին միջինը 20 հազար իրանցի է այցելել Հայաստան: Այսինքն՝ եթե Նովրուզի օրերին ևս սահմանները փակ լինեն, միջինը 20 հազար իրանցի զբոսաշրջիկ այս տարվա մարտ ամսին կարող է չգալ Հայաստան:
Սևան Շիրվանյանի խոսքով՝ իրանցի զբոսաշրջիկները թեև մեծ գումարներ չեն բերում Հայաստան, սակայն նրանց թիվը մեծ է, հատկապես ամեն տարի մարտ ամսին:
«Եվ Հայաստանի տուրիզմի շուկայում նրանց այցելությունները, բնականաբար, փոփոխություններ բերում են»,- ասում է նա:
Մասնագետը ևս պնդում է, որ վերջին տարիներին Նովրուզը Հայաստանում նշող իրանցիների թիվը նվազում է:
Եթե մոտ 7-8 տարի առաջ Հայաստանում հյուրանոցները Նովրուզից մի քանի ամիս առաջ էին ամրագրում իրանցիները, իսկ Նովրուզի օրերին անգամ շքեղ հյուրանոցներում տեղեր չկային, ապա վերջին տարիներին հոսքը նվազել է:
«Վերջին տարիներին նրանք կենտրոնանում էին ավելի էժան տուրերի վրա, հյուրատներ էին ամրագրում, և վերջին օրերին 4-5-աստղանի հյուրանոցներում ազատ տեղեր էին լինում: Այստեղ, բնականաբար, չի կարելի մոռանալ նաև Վրաստանի ու Ադրբեջանի գործոնը, որ իրանցիները գնում են նաև այնտեղ: Դրան նպաստում են բավական էժան թռիչքները, մանավանդ դեպի Վրաստան»,- հավելում է Սևան Շիրվանյանը:
Երևան-Թեհրան-Երևան չվերթերն իրականացնում է «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը, որը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Հարգելի ուղևորներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն թռիչքները, ուստի տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքներն այս շաբաթ կիրականան չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ»:
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Սամվել Գալստյանը «Մեդիալաբին» ասում է, որ չվերթերը կշարունակվեն, պարզապես վերոնշյալ սահմանափակումներով:
«Չվերթերը չեն դադարեցվում, քանի որ մենք ունենք հայրենակիցներ Իրանի Իսլամական Հանրապետությունում, պետք է ապահովենք մեր հայրենակիցների տեղափոխումը»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Գալստյանը:
Նախքան այս սահմանափակումը, Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան թռիչքները եղել են շաբաթական չորս անգամ: Ինչ վերաբերում է տոմսերը հետ տալու գործընթացին, Գալստյանն ասում է.
«Տոմսերի վերադարձի պրոցես միշտ եղել է ցանկացած ժամանակ, նաև այս իրավիճակից առաջ: Դա սովորական գործընթաց է, երբ ուղևորները միտքը փոխում են, վերադարձնում են տոմսը կամ փոխում ժամկետները»:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am