«Ես կոչումով գեներալ եմ և դաստիարակված մարդ, բայց կասեմ՝ թող ռեխները փակեն». փաստաբանը՝ Փիլոյանի Ազգային հերոսի կոչման շուրջ քննարկումներին

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի պաշտպանությունը առայժմ լռություն է պահպանում և ձեռնպահ է մնում դիրքորոշում հայտնել հարուցված քրեական գործի վերաբերյալ, պատասխանել հարցին՝ արդյոք ընդունո՞ւմ են առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն ասում է՝ միայն կարող է տեղեկացնել, որ Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը բողոքարկել են՝ վերաքննիչ բողոք ներկայացնելով: «Իմ պաշտպանյալը ինձ չի լիազորել խոսել»,-«Մեդիալաբին» ասաց Տիգրան Սարգսյանը:

Այդուհանդերձ, փաստաբանից փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս է Փիլոյանը վերաբերվում ՀՀ Ազգային հերոսի կոչում ստանալու շուրջ քննարկումներին, երբ թերագնահատվում են այդ բարձրագույն կոչումն ստանալու հիմքերը:

Ի պատասխան Սարգսյանն ասաց, որ ինքը ևս պաշտոնաթող գեներալ է և այդ հարցին կարող է պատասխանել որպես կռված մարդ.

«Ես կոչումով գեներալ եմ և բավականին դաստիարակված մարդ, բայց այս բառը կասեմ՝ թող ռեխները փակեն: Պատերազմի առումով եմ սա ասում, մնացած հարցերը իրավական են, դրանց հետո կանդրադառնանք: Դա վերաբերում է բոլոր պատերազմներին՝ Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին, որոնց բոլորին պարոն Փիլոյանը մասնակցել է: Մենք միասին ենք այդ ճանապարհը անցել, և գիտեմ նրա բոլոր ձեռքբերումները, նվիրական գործողությունները այս երկրին: Նրանք, ովքեր պատերազմի առումով կվայրահաչեն, գործ են ունենալու ինձ հետ դատարանում»:

Նրա խոսքով՝ իրավական գործընթացների մասին ասելիք պաշտպանական կողմը շատ ունի, բայց այս պահին իր միակ ասելիքը վերաբերում է ռազմական գործողություններին, որոնց կազմակերպման համար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ Ազգային հերոսի կոչում է ստացել:

«Եթե վաղն ապացուցվի, որ Փիլոյանն իր դիրքերից ելնելով ինչ-որ արարք է կատարել, չի կարելի խեղաթյուրել ամեն ինչ, Ազգային հերոսի կոչումը զրոյացնել, դա բերել կապել մի «Բաքսիի» հետ, որը դեռ հարց է՝ եղե՞լ է, թե՞ ոչ»,- նշեց փաստաբանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն բազմադրվագ քրեական գործով նախկին նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ «պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը»:

Այս քրեական գործում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ. ստացել է խոշոր չափերով կաշառք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Բացի այդ, գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022 թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, որն է ընդունել է այդ առաջարկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս գործի մասին խոսելիս նկատել էր, թե կատարվածը իրենց համար տհաճ երևույթ է, բայց «օրենքի գերակայությունը կարևոր է»:

«Շատ ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ, բայց ես նաև ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքորեն պահենք, ինչը որևէ բան չի նշանակում, որովհետև պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան, և օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո կարելի կլինի որևէ եզրակացություն անել»,- հավելել էր վարչապետ Փաշինյանը:

Հասմիկ Համբարձումյան