«Վլադը քողարկում էր և ձգձգում». Մանգասարյանը հարցաքննության կբերվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

19-03-2013
336 դիտում
«Վլադը քողարկում էր և ձգձգում». Մանգասարյանը հարցաքննության կբերվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվեր քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը: Սակայն գործով կարևորագույն վկան, ով վերջին դատաքննությունից հետո պարզվեց, որ իրականում պետք է ամբաստանյալների շարքում լիներ, արդեն երեք օր է ինչ կալանքի մեջ է: Այս իսկ պատճառով գործով դատախազ Լևոն Չարխիֆալակյանը դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատական հաջորդ նիստում դատարանը պետք է ապահովի կալանավոր Մանգասարյանի ներկայությունը, ինչպես նաև Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հոգեբուժական կլինիկայում հաշվառված լինելու վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը:

Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանը նույն անձն է, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ: Իրեն անձեռնմխելի համարող Վլադիսլավ Մանգասարյանի կալանավորման որոշումը երեկ կայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մխիթար Պապոյան)` բավարարելով ՊԵԿ-ի քննչական վարչության միջորդությունը: Նրան երկու օր առաջ ՊԵԿ-ի քննչական վարչությունում հարցաքնությունից հետո ձերբակալել էին, իսկ այժմ դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի մեջ է: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս:

Մանգասարյանի բազմաթիվ հանցագործությունների մասին սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը արդեն երկու տարի է ինչ հայտարարում է մամուլով, ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, դատախազությանն ու մի շարք պետական մարմիններին ուղարկվող իր նամակ-դիմումների միջոցով: Շուրջ 1 տարի 10 ամիս է, ինչ ՊԵԿ-ում հարուցված է ամերիկահայ գործարարի կողմից հիմնադրված ու նրա «գործընկերների» ջանքերի շնորհիվ կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործը, սակայն նախաքննությունը մինչ օրս չի ավարտվել, գործով ո°չ տուժողներ կային, ո°չ կասկածյալներ, ոչ էլ մեղադրյալներ:

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված վերջին բաց նամակը ամերիկահայ գործարարը տարածել էր մարտի 13-ին, որտեղ կրկին բարձրաձայնել էր քննության ընթացքում արձանագրված թերացումների մասին: Իսկ արդեն մարտի 15-ին ՊԵԿ-ում հերթական հարցաքննությանը հրավիրվելուց հետո Մանգասարյանը ձերբակալվում է:

Թե ինչ դերակատարում է ունեցել հենց Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում Վլադիսլավ Մանգասարյանը, մարտի 7-ի դատական նիստում բավական մանրամասն ներկայացրեցին տուժող Լուսինե Գյուլխասյանն ու նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը:

«Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Իմիջիայլոց. բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո Արմեն Գալստյանին: Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե գող, ավազակ ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել»,- իր ցուցմունքում դատարանում պատմել էր տուժած քաղաքացու հայրը:

Վերջինս վրդովված դատարանում անգամ հետևյալ հայտարարությունն էր արել. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 28-ին, ժամը 16.00-ին` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կալանավոր Վլադ Մանգասարյանի ներկայությունն ապահովելու համար:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ