Առաքելական եկեղեցու փռած ասֆալտները. այլադավանները զրկված են բարեգործությունից

Առաքելական եկեղեցու փռած ասֆալտները. այլադավանները զրկված են բարեգործությունից
Առաքելական եկեղեցու փռած ասֆալտները. այլադավանները զրկված են բարեգործությունից

2,67 մլրդ դրամի(մոտ 6, 46 միլիոն դոլար) բարեգործական աշխատանքներ է իրականացրել Հայ առաքելական եկեղեցին 2012 թվականին, այն դեպքում, երբ Հայաստանում գրանցված կրոնական այլ կազմակերպություններն իրենց կառույցներից դուրս բարեգործությամբ զբաղվելու իրավունք անգամ չունեն, քանի որ բարեգործությունը Հայ առաքելական եկեղեցու մենաշնորհն է:

Հայաստանի կառավարության հրապարակած տվյալների համաձայն` անցած տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու իրականացրած բարեգործական 18 ծրագրերից 17-ը դասակարգված են որպես հոգեւոր գործունեություն, եւ ընդամենը մեկը` քաղաքաշինական, որն է` Ներսիսյան պուրակի խաղահրապարակի ցանկապատումը:

Միեւնույն ժամանակ` հոգեւոր դասակարգված գործունեության շարքից են` Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան դպրոցի դասախոսների տեղափոխության համար ավտոմեքենաների ձեռքբերումը, «Վաչե և Թամար Մանուկյաններ» մատենադարանի համար կահույքի գնումը, «Վաչե և Թամարա Մանուկյան» մատենադարանի և «Գևորգյան» հոգևոր ճեմարանի կահավորումը, Ռուբեն Սևակի թանգարանի կազմակերպումը, Գևորգյան ճեմարանի և Սևանի Վազգենյան դպրոցի սաների համար համազգեստի պատ­րաստումը, Գյումրիի հայորդաց տան համար կահույքի ձեռքբերումը:

Շինարարական մի շարք աշխատանքներ եւս դասակարգվել են որպես բարեգործության հոգեւոր տեսակ, օրինակ, Մկրտարանին կից մեկ հարկանի շինություն­ների վերակառուցման առաջին փուլը, Միաբանական շենքի աստիճանավանդակի կոփածո բազրիքների պատրաստումն ու տեղադրումը, «Վաչե և Թամար Մանուկյաններ» մատենադարանի տարածքի բարեկարգումը և կանաչապատումը, Հին վեհարանի շենքի հատակի պատրաստումը, Հին վեհարանի հակասառեցման համակարգի տեղադրումը, Վարչական շենքի հակասառեցման համակարգերի տեղադրումը, Վեհարանի շենքի վերակառուցումը, Սինոդի շենքի և գեղարվեստի դպրոցին կից ավտոկայանատեղիի կառուցումը, Տպարանի շենքին կից հատվածի ասֆալտապատումը:

Ծրագրերից երկուսը, որոնք եւս հոգեւորի շարքում են` Վեհափառ Հայրապետի 60-ամյակի կապակցությամբ գրքերի, ինչպես նաեւ Սուրբ Ավետարանի պատառիկներ ալբոմ-օրացույցի տպագրությունն են:

Վարչական շենք: Լուսանկարը` www.armenianchurch.org կայքի:

«Բարեգործության մասին» օրենքի համաձայն` բարեգործության նպատակներից մեկը «պատմական, ճարտարապետական, մշակույթի եւ արվեստի հուշարձանների պահպանման եւ վերականգնման ծրագրերի իրականացմանը» աջակցելն է: Իսկ ծրագրերը բարեգործական է որակում Կառավարության` բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը:

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ բարեգործությամբ զբաղվելը Հայ առաքելական եկեղեցու մենաշնորհն է: Այսպիսով` օրենսդրությունը հնարավորություն է տալիս Հայ առաքելական եկեղեցուն զբաղվելու բարեգործությամբ, իսկ կառավարությանն առընթեր հանձնաժողովը` հաստատում է նրանց ծրագրերը, այդ թվում եւ 2012-ին իրականացված վերոթվարկյալ 18 ծրագիրը:

Սակայն, ի հակասություն Հայ առաքելական եկեղեցուն տրված մենաշնորհի, նույն` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածը բարեգործություն ծավալելու իրավունք է տալիս նաեւ կրոնական կազմակերպություններին:

Այդուհանդերձ կազմակերպությունները խոչընդոտների են բախվում, երբ փորձում են իրացնել իրենց այս իրավունքը:

Ավետարանական հավատքի եկեղեցիների միության փոխնախագահ, Ռեմա Ավետարանական Հավատքի եկեղեցու հովիվ Կարեն Խաչատրյանն ասում է` իրենք չեն կարողանում բարեգործություն անել հենց Հայ առաքելական եկեղեցուն տրված մենաշնորհի պատճառով.

«Որ խնդիրներ կան բարեգործություն անելու հետ կապված, դա հաստատ է, քանի որ դա միայն առաքելական եկեղեցու իրավունքն է: Մենք իրավունք ունենք մեր կազմակերպության ներսում իրականացնել բարեգործություն, բայց ոչ կազմակերպությունից դուրս»:

«Մենք դիմել ենք Աջափնյակում գտնվող անապահով երեխաներին ցերեկային կենտրոնին օգնելու համար, սակայն, տնօրենը, խորհրդակցելով Սոցապ նախարարության հետ, մեզ ասել է, որ չենք կարող երեխաներին օգնել, քանի որ դա առաքելականի մենաշնորհն է»,- հավելում է Խաչատրյանը:

Արթուրք Սաքունց` Այլընտրանքային ծառայությունը պետք է դիտարկվի մարդու արժանապատվության տեսանկյունից: Լուսանկարը` Անուշ Բուլղադարյանի

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նույնպես նշում է, որ նույն օրենքում իրար հակասող դրույթներ կան, ինչը, սակայն, նա օրինաչափ է համարում հայաստանյան օրենսդրական դաշտի համար.

«Քանի որ օրենքում սեւով սպիտակի վրա գրված է, որ կրոնական կազմակերպությունները կարող են բարեգործությամբ զբաղվել, խոչընդոտներ հանդիպելիս կրոնական կազմակերպությունները կարող են օրենքի այս կետին հղում անելով` դիմել դատարան»:

Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները բարեգործությամբ զբաղվելու համար լուրջ խոչընդոտ է նաեւ այն, որ «Խղճի ազատության եւ կրոնական կազմկերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածը արգելում է Հայաստանի տարածքից դուրս գտնվող հոգևոր կենտրոններից ֆինանսավորում ստանալ:

Ալեքսանդր Ամարյանը, tert.am-ի հաղորդմամբ, այս տարի ապրիլին հայտարարել էր, որ իրենք բարեգործական ծրագրեր են ուսումնասիրում, որոնց մեջ կան բազմաթիվ կրոնական կառույցների կողմից իրականացվողները.

«Եվ ստացվում է այնպես, որ այդ բարեգործական բեռը գալիս է Հայաստան, Կառավարությունն ազատում է հարկերից, և այդ ապրանքները ժողովրդին բաժանելու փոխարեն վաճառվում են ժողովրդին»:

Սակայն, կառավարության` 2012-ին բարեգործություն իրականացրած կազմակերպությունների ցանկում Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպություններից ոչ մեկի անվանումը չկա:

Սամվել Նավոյան, լուսանկարը՝ crossnews.am կայքի

Հայաստանի ամբողջավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Սամվել Նավոյանը բարեգործությունը խոչընդոտելու ավելի մեծ վտանգ է տեսնում Արդարադատության նախարարությունում մշակվող «Խղճի ազատության եւ կրոնական կազմկերպությունների մասին»  նոր օրինագծում.

«Նախագծում ոչ պատշաճ դավանափոխություն է համարվում «կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն», որը դրսևորվում է «նյութական կամ սոցիալական բնույթի առավելության» տրամադրումով: Այսպիսով, առաջարկվում է, որ Հայաստանում կրոնական քարոզչության ընթացքում բարեգործության դրսևորումները դիտվեն որպես քրեորեն պատժելի ոչ պատշաճ դավանափոխության փորձ: Մնում է ենթադրել, որ հենց այդ նպատակով էլ նախագծի հեղինակները հոդված 8-ում կրոնական կազմակերպություններին զրկում են բարեգոր­ծության իրավունքից»:

«Բայց նրանք մոռանում են, – նշում է Նավոյանը, – որ ՄԱԿ-ի 1981 թվականի «Կրոնների և համոզմունքների հիման վրա անհանդուր­ժողա­կանության և խտրականության բոլոր ձևերի վերացման հռչակագրի» հոդված 6-ի Բ կետի համաձայն` խղճի ազատությունը ներառում է նաև բարեգործական կամ հումանիտար հաստատություններ հիմնելու իրավունքը` նրանց հատուկ լիարժեք գործունեությամբ հանդերձ»:

Սառա Խոջոյան

kron.armhels.com