Պատահել է. ՀՀ նախագահի մամլո խոսնակը հաստատել է Բեգլարյանի եւ Կանդայանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը

09-12-2010
Պատահել է. ՀՀ նախագահի մամլո խոսնակը հաստատել է Բեգլարյանի եւ Կանդայանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը

ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հաստատել է երեկվանից ակտիվ քննարկման թեմա հանդիսացած Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված այն լուրը, որի համաձայն վերջինիս  ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի է ենթարկել:

Այդ մասին տեղեկացնում է NEWS.am  լրատվական կայքը, որի հարցմանն ի պատասխան Արզումանյանը հաստատել է , որ միջադեպ տեղի ունեցել է:

«Այո՛, ցավոք միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է:»,-ասել է նախագահի մամլո խոսնակը:

Կայքը նաեւ հիմնվելով սեփական աղբյուրների վրա, նշում է, թե Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն, պաշտոնապես, այս լուրը դեռեւս չհաջողվեց ճշտել:

© Medialab.am