21-րդ դարում՝ առնետների և ուտիճների հարևանությամբ. Վանաձորի տնակային ավանի բնակիչների համար կյանքի սլաքները հետ են շարժվում

23-11-2010
405 դիտում
21-րդ դարում՝ առնետների և ուտիճների հարևանությամբ. Վանաձորի տնակային ավանի բնակիչների համար կյանքի սլաքները հետ են շարժվում

Տարիներ առաջ Վանաձորի տնակային 5-րդ ավանի բնակիչները ահուսարսափի մեջ ընկան. առնետը մտել էր հարևանի տուն, կրծել 6 ամսական երեխայի շրթունքները: Երեխան մահացել էր:

Դեպքից հետո ընտանիքը հեռացավ տնակային ավանից, բայց եղելությանը ծանոթ բնակիչները շարունակում են ապրել ու մինչ օրս կռիվ են տալիս առնետների դեմ:

Տանձուտ գետի կեղտոտված ջրերի երկայնքով, անվերջանալի բաց դիտահորերով լի կիսաքանդ փողոցով ձգվող թաղամասում իրար գլխի են հավաքվել երկրաշարժից անտուն մնացած ընտանիքների փայտե ու երկաթե տնակները: Թաղամասը գտնվում է Վանաձորի ծայրամասում:

«Շուրջը կռիսներ են վխտում: Երբ տանը չենք լինում, գալիս-տեսնում ենք՝ էն պատը ծակել, մտել են ներս: Լավ ա` գոնե էս սենյակ չեն հասնում»,- բողոքում է 1989 թ.-ից տնակային ավանի բնակչուհի 52-ամյա Աշխեն Իվանյանը:

Տնակներում միայն առնետները չեն, որ անհանգստացնում են բնակիչներին. խոնավությունից առաջացած ուտիճները ևս այս մարդկանց գլխին պատուհաս են դարձել:

«Օրվա մեջ հավաքվում են տնակի անկյուններում, գիշերով՝ ակտիվանում, բարձրանում առաստաղի վրա, մեկ-մեկ էլ ընկնում ցած: Պիտի զգույշ լինես, որ վրադ չընկնեն»,- պատմում է ավանի մեկ այլ բնակիչ:

Այստեղ ապրող մարդիկ, սակայն, չեն հիշում, թե երբևէ որևէ մեկը հետաքրքրվի այդ խնդիրներով:

Առնետները, խոնավությունը, ձմռան ցուրտը, աշխատանք չունենալը, ծայրահեղ աղքատությունն ու անհույս վիճակն արդեն լցրել են տնակներում ապրող մարդկանց համբերության բաժակը, սակայն սպասելուց ու հուսալուց բացի, դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքներն այլ ելք չունեն:

«Մեր մասին ընտրությունից ընտրություն են հիշում: Գալիս են, խոստումներ տալիս, թե այլևս տնակում չեք ապրի, ամեն ինչ լավ կլինի: Բայց ընտրվում, պրծնում են, էլ չեն հիշում, որ այստեղ մարդիկ են ապրում»,- իր դժգոհությունն է հայտնում 52-ամյա նիհար, մտահոգ դեմքով, հնամաշ, բայց կոկիկ հագնված տիկին Աշխենը:

Նրա ամուսինն ամիսներ առաջ է մահացել, ասում է, որ այդ օրվանից իրենց վիճակն ավելի է դժվարացել:

«Եթե բարեկամներն էլ չլինեն, կորած եմ»,- ասում է նա` հիշատակելով Էջմիածնի բարեկամներին, որոնք օգնում են գումարով, շոր ու կոշիկով:

Աշխենը մենակ է ապրում, քանի որ ամուսնու մահից հետո ստեղծված դժվարին իրավիճակը ստիպել է առանձին ապրել միակ տղայից, հարսից ու 6 ամսական թոռնիկից: Նրանք մեկնել են հարսի ծնողների տուն` Երևան, քանի որ տարրական պայմաններ չկան:

«Ես իմ թոռան համար գժվում եմ, նկարին նայում եմ, սիրում, բայց որ աշխատանք չկա, ի՞նչ անենք»,- նեղսրտում է նա:

Օգոստոսից մինչ օրս տիկին Աշխենն ու հարևանուհին՝ 52-ամյա Մարիետան, աշխատանք են փնտրում, բայց ամեն տեղ նույն պատասխանն են ստանում՝ 25-30 տարեկան ենք ուզում, չամուսնացած:

«Գործի համար գնում ենք, ասում են` տարիքդ մեծ ա, 25-30 տարեկան ենք ուզում, բարետես, բարձրահասակ: Բա 50 տարեկանն ի՞նչ պիտի ուտի, կամ որ իրանց ուզած տեսքը չունենք, չե՞նք կարող աշխատել: Մնում ա` ընկնենք եկեղեցու դռները, փող մուրանք»,- աշխատանք փնտրելու արդյունքների մասին են պատմում նրանք:

«Հարսս բարձրագույն կրթություն ունի, գնացել էր աշխատանք փնտրելու, ասել էին՝ ամուսնացած ես, չենք ուզում,- ասում է տիկին Մարիետան և շարունակում,- Հայաստանի ներսում, հենց ազգի մեջ գենոցիդ է սկսվել, անտարբերության գենոցիդ»:

Տիկին Մարիետան էլ արդեն 21 տարի ամուսնու, տղաների ու հարսի հետ՝ 6 հոգով ապրում է փոքրիկ տնակում: Բազմանդամ ընտանիքում, սակայն, ոչ ոք չի աշխատում, ապրում են ամուսնու թոշակով ու նպաստով, տղաներն էլ օր կա` կարողանում են փող աշխատել, օրեր էլ կան, որ դա էլ չի լինում:

Տիկին Աշխենն ասում է, որ չնայած կարոտին, հանգիստ է, որ փոքրիկ թոռը Երևանում է ապրում. փայտե տնակում այնքան ցուրտ ու խոնավ է, որ առաստաղն ու տան պատերն են ջուր դառնում, բորբոսնում.

«Առաստաղը կաթում է, շատ խոնավ է, էս պայմաններում 6 ամսական երեխուն ո՞նց պահես»,- ասում է նա ու ցույց տալիս մանկական սենյակը:

Սենյակի անկյունային հատվածում դեղնավուն պատը նկատելիորեն խոնավացել էր, փոքրիկ պատուհանն էլ բաց էր, որ գոնե օդը չորացնի, բայց ներսում, այնուամենայնիվ, զգացվում է խոնավության ծանր հոտը:

«Տնակում ապրելը տեղով խնդիր է»,- ասում է մեկ այլ բնակչուհի՝ Թամարա Չատինյանը, ում ընտանիքը մինչև երկրաշարժը վարձով է ապրել, իսկ 1989-ից ապաստանել է տնակում:

«Տնակում ապրելն ազդում է մարդու ոչ միայն առողջության, այլև հոգեբանության վրա»,- ասում է Թամարան:

Առողջության անդառնալի կորստից բխած հետևանքները, սակայն, տիկին Թամարայի կարծիքով դեռ երկար զգալ կտան, նույնիսկ եթե հենց վաղն էլ հեռանան տնակից:

«Խոնավությունից, ցրտից ոտքի ցավեր ունենք»,- ասում է:

Թամարայի ավագ որդին ծառայում է բանակում, փոքրը՝ 14-ամյա Գոռը, բնածին հիվանդ է մանկական ուղեղային կաթվածով:

«Տանը հիվանդ երեխա ունենք, ոչինչ չի կարողանում ինքնուրույն անել, դա քիչ չէ, ջեռուցման խնդիր էլ կա, ձեռքերը սառչում են»,- նկատում է մայրը:

Տնակային ավանը գազիֆիկացված չէ: Ջերմանալու միակ հույսը փայտն է, սակայն դա էլ խնդիր է:

«Ամբողջ ձմեռվա համար 100.000 դրամ ա պետք, որ փետ առնենք, տունը տաքացնենք, էդքան փող ո՞վ ունի»,- ասում է տիկին Թամարան:

Նրանց երկաթե տնակը, շատերի ապաստարանների նման, կոռոզիայի է ենթարկվել, առաստաղից կաթում է:

Տնակային ավանի բնակիչների շրջանում տարածված են թոքաբորբը, թոքախտը, գրիպը, հոդացավը:

Հարևանները հիշում են, որ ավանում թոքախտով հիվանդ մի ընտանիք էր ապրում, որոնց երկու երեխաները մահացան թոքախտից առաջացած բարդություններից:

«Էսքան տներ կառուցեցին, երկու Կիրովական սարքեցին, բայց մեզ համար տուն չկա, հերթը մեզ չի հասնում: Իրականում իրանց ծանոթ-բարեկամներին տվեցին: Մեր մասին ո՞վ ա մտածում որ,- ասում են նրանք: - Մեզ համար մի կտոր հաց են պահել, էն էլ երկնքից կախված է»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am