«Սմերչներն ու սոնցեպյոկները չկան, որովհետև դրանք վերածվել են շքեղ շինությունների, ավտոմեքենաների, գրպանի փողի, չակերտավոր բիզնեսների»․ Աշոտ Ադամյան

18-06-2016
7244 դիտում
«Սմերչներն ու սոնցեպյոկները չկան, որովհետև դրանք վերածվել են շքեղ շինությունների, ավտոմեքենաների, գրպանի փողի, չակերտավոր բիզնեսների»․ Աշոտ Ադամյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է հայտնի դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը:

֊Պարոն Ադամյան, կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար, բայց հանրությունը հայտարարություններից զատ գործնական քայլեր չի տեսնում կարծես: Ի՞նչ է տեղի ունենում, հնարավո՞ր է լուրջ պայքար լինի:

֊Ես չեմ կարծում, որ լուրջ պայքար կլինի: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին մենք լսում ենք շատ-շատ վաղուց: Այս վերջին տվայտանքները ես համարում եմ ջղաձգում: Ո՞վ պետք է կոռուպցիայի դեմ պայքար մղի: Իրենց պայքարին ես զրոյական նշանակություն եմ տալիս և բոլորովին չեմ հավատում: Իսկ կոռուպցիան ավելի ու ավելի կխորանա:

֊Ինչի՞ց եք ենթադրում, որ կխորանա:

֊Մենք բոլորս տեսնում ենք, որ գող ու ավազակների թուրն է կտրում ամեն տեղ: Այնպես, որ լրացուցիչ ապացույցներ պետք չեն: Ինչ-որ կոռուպցիոներներ բարձր ատյաններրից հայտարարում են, որ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ: Շատ շնորհակալ եմ, ես ինքս կփորձեմ իմ փոքր հնարավորություններով պայքարել դրա դեմ: Դժվար է, բայց այդպես է պետք անել:

֊Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են իշխանություններն այս փուլում նմանօրինակ հայտարարություններ անում, հատկապես, եթե պարզ է, որ իրական պայքար չի մղվելու այդ բացասական երևույթների եմ: Ապրիլյան պատերազմից հետո ի հատ եկած իրավիճա՞կն է ստիպում նմանօրինակ հայտարարություններ անել, գուցե փորձում են հանրության զայրույթը մեղմե՞լ:

֊Այդ միտումները կան, իհարկե: Քառօրյա պատարազմը բացահայտեց, որ կոռուպցիան ոչ թե մեզանում գոյություն ունի, այլ այլևս ինքն այնպիսի արմատներ է գցել, որ առնչվում է մեր զինվոր որդիների կյանքի ու մահվան խնդրին: Այսինքն՝ այնպես են տոտալ կերել ու գողացել, որ երկրի պաշտպանության մասին անգամ խոսելիս պետք է մի հատ քեզ հարց տաս՝ արդյոք դու պատրա՞ստ ես դիմակայել այն ռազմական ագրեսիան, որը կա քո երկրի դեմ: Իրենք էլ դա շատ լավ գիտեն, իրենք հո իրենց գողացածը գիտեն, գիտեն, որ սմերչներն ու սոնցեպյոկները չկան, որովհետև դրանք վերածվել են շքեղ շինությունների, ավտոմեքենաների, գրպանի փողի, չակերտավոր բիզնեսների: Եվ միակ բանը, որն իրենց մնում է, հայտարարել, որ՝ այո, իրենք վերցնում են կոռուպցիայի դեմ պայքարելու դրոշակ: Չեմ հավատում, որովհետև իրենք են այդ կոռուպցիայի կրողներն ու հայրիկները:

֊Վերոնշյալ հայտարարություններին զուգահեռ մենք նաև պաշտոնանկությունների ենք ականատես լինում, նաև ռազմական ոլորտում պաշտոնանկություններ ու ձերբակալություններ եղան: Այս գործընթացից լուրջ ակնկալիքներ պետք է ունենալ, թե՞ պարզապես քավության նոխազներ են փնտրում:

֊Միշտ, երբ որ մեղավորության խնդիր կա կամ ինչ-որ մեկը գիտի, որ իր հետույքը թաց է, ինչ-որ մեկին պետք է պատժել: Այսինքն՝ քավության նոխազներ միշտ կան, որովհետև այս կոռումպացված համակարգում նյութեր կան գրեթե բոլորի վրա: Եվ հիմա, գտնվելով այսպիսի վիճակում, պատրանք են ստեղծում մարդկանց մոտ, որ՝ տեսեք մենք ինչքան մտահոգ ենք, որ կարող
ենք համեմատաբար բարձր օղակներից մարդիկ ազատենք աշխատանքից: Ներեցեք, այդպես չէ:

Ամբողջ համակարգը, որը թերացել է, իսկ այսօր մեր պետությունն է անգամ թերացել, պետք է պատասխան տա: Դա խաբկանք է, աչք փակելու ձև է, հնուց հայտնի գործելակերպ է, որը մինչև օրս կիրառվում է և վաղն էլ կկիրառվի, եթե շարունակեն իրենց բարձր աթոռներին մնալ կոռուպցիայի հայրիկներն ու մայրիկները: Եթե այս աշխատանքները ձևական չլինեին, մենք շատ արագ մեր մաշկի վրա կզգայինք արդյունքները: Բայց տարբեր հայտարարություններից տարիներ են անցել, թարմ հայտարարություններից՝ ամիսներ, իսկ կոռուպցիան գնալով խորանում է, այլանդակությունները՝ շարունակվում:

֊Իսկ ի՞նչ վիճակում է հայտնվել այսօր հանրությունը:

֊Վատ վիճակում է, ապակողմնորոշված: Հանրության բոլոր շերտերն այսօր վատ վիճակում են, որովհետև չեն կարողանում նույնիսկ ծրագրել իրենց վաղվա օրը: Իրենք չեն հասկանում, թե ինչ է իրենց այսօրվա օրը և չեն կարող ծրագրել իրենց վաղվա օրը: Նշանակում է, օրհասական ու իրավիճակային կյանքով են մարդիկ այսօր ապրում: Ճշգրիտ կյանքով ապրում են միայն նրանք, ովքեր հայտարարել են պայքար կոռուպցիայի դեմ:

֊Երբ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի հայտ եկան բանակում առկա թերությունները, և հանրությունն արդարացի դժգոհություն արտահայտեց, հասարակության մի շերտ կարծես կեղծ հայրենասիրական պաթոսները գործի դրեց: Այսինքն՝ չպետք է քննադատել ու բարձրացնել երկրի ներսում առկա խնդիրները, որպեսզի թշնամին չուրախանա: Այս թեզը ինչի՞ հետևանք է:

֊Դա կեղծավորության հետևանք է: Շատ խելացի մարդիկ շատ ճիշտ են ասել, ես կողմ եմ դրան, ասում են՝ երբ երկրում գործերը վատանում են, բարձրանում է հայրենասիրության կեղծ կատեգորիայի ջոկատների գործունեությունը: Այսինքն՝ սիրիր հայրենիքը, սկսում են ասել՝ կեղտոտ լվացքը դուրս չեն հանի և այլն: Այսինքն՝ թող այսպես մնա, նեխահոտին սովորել ենք արդեն, պետք չէ խառնել: Նման ծուղակներ են գործում: Դա չեզոքության, ստրկության, լռելու, համակերպվելու և կյանքն այսպես ճահճում շարունակելու դրսևորում է:

֊Իսկ այս ամենի վերջը տալու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն: Բոլորը շատ լավ տեսան, թե ինչ վիճակում է հայտնվել բանակը՝ չկա արդիական զենքը, անհայտ ուղղությամբ են գնացել գումարները:

֊Հասարակությունը պետք է ավազակներից ազատվի, ուրիշ լուծում չկա: Քանի դեռ կան ավազակները, հասարակությունը ոչինչ չի կարող անել, որովհետև ավազակների գլխավոր խնդիրը մասնատելն է, ինչը հաջողությամբ կատարվել է: Այսօր մենք մարգինալ երկիր ենք, հասարակությունը մասնատված է: Քանի դեռ այսպես է, ոչինչ չի կարող անել հասարակությունը, որովհետև ինքն իրենից ձեռք է քաշել:

֊Այսինքն՝ պետք է նախ միավորվել, հետո գործե՞լ:

֊Անպայման: Դեռևս մեր պատմահայրերն են ասել, չէ՞, որ միասնական պետք է լինել, հետո մեկ ուրիշ իմաստուն մարդ է ասել այդ մասին, այսօր էլ խելացի մարդիկ ասում են՝ միասնականություն: Քանի դեռ դա չկա, ոչինչ հնարավոր չէ փոխել: Մինչև ամենասովորական համարվող մարդն անգամ չգիտակցի, որ ինքն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, և որ, այսպես կոչված, իշխանությունն իր ծառան է, ոչինչ չի ստացվի, որովհետև իր գիտակցության մեջ ինքն է ծառա: Քանի դեռ ինքը ծառա է, իսկ պետությունն իր շահերի համար չէ, ինքը կմնա ստրուկ: Եվ կշարունակվի ամեն ինչի թալանը, տիեզերքն էլ կթալանեն:

Էմմա Մանուկյան

MediaLab.am