«Հայաստանում հասարակությունը որպես այդպիսին մահացած է, նման երկրներում ընդդիմադիր ուժերը ոչ մի արդյունքի չեն հասնում». Արմեն Բադալյան

24-03-2018
3078 դիտում
«Հայաստանում հասարակությունը որպես այդպիսին մահացած է, նման երկրներում ընդդիմադիր ուժերը ոչ մի արդյունքի չեն հասնում». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, Սերժ Սարգսյանն օրերս հարցազրույցով հանդես եկավ, ըստ էության չհերքելով, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն: Ի՞նչ ուղերձներ հղեց նա այս հարցազրույցով, երբ հայտարարեց, որ կհամաձայնի վարչապետ լինել մեկ հավելումով՝ այն է, կրթելու երիտասարդ լիդերներին:

- Ընդհանրապես երբ լսում ենք հետխորհրդային և ոչ ժողովրդավար այլ երկրների ղեկավարներին, թե ինչո՛ւ են իրենց իշխանությունը երկարաձգում, նրանք միշտ բերում են նույն պատասխանը, թե երկիրն անվտանգության խնդիրների առաջ է կանգնած, թե իրենք չեն կարող այս դժվար պահին թողնել ու մի կողմ քաշվել:

Միաժամանակ նրանք նշում են, թե պետք է կարողանան տարբեր լիդերներ պատրաստել, որ կարողանան իշխանությունը հանձնել նրանց: Եվ այդ նույն պատճառաբանություններով նույն այդ լիդերները 15, 20, ընդհուպ մինչև 30, 40 տարի նախագահում են երկիրը: Այնպես որ, գործող նախագահի այն պատճառաբանությունը, թե չի կարող երկիրը թողնել վտանգի մեջ, հեռանալ՝ անվտանգության հարցերը չլուծած, իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ երբ ինքը 2015 թվականին սահմանադրական հանրաքվեից առաջ հայտնում էր, որ չի հավակնելու նախագահի ու վարչապետի պաշտոնին, այն ժամանակ Հայաստանի անվտանգությունը նույն մակարդակի վրա էր:

Իհարկե, այն ժամանակ ապրիլյան պատերազմը դեռ չէր եղել, բայց անվտանգության համակարգն այնքան էլ լավ վիճակում չէր: Եվ եթե նա մտածեր անվտանգության համակարգի մակարդակը բարձրացնելու մասին, ապա 10 տարին լրիվ բավարար ժամանակ էր դա իրականացնելու համար: Իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ համակարգը բարձր մակարդակի վրա չի եղել: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի արել այն, ինչը հիմա իբր թե խոստանում է անել:

Ինչ վերաբերում է երիտասարդ լիդերներ դաստիարակելուն, ապա այս դեպքում ևս գործող նախագահը 10 տարի ժամանակ ուներ դրա համար: Բայց երբ մենք նայում ենք, թե ով է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, նա հաստատ երիտասարդ լիդեր չէ: Երբ նայում ենք կառավարության կազմը, նույնպես տեսնում ենք, որ, մեղմ ասած, այնքան էլ երիտասարդ լիդերներ չեն նրանք: Նույնը վերաբերում է նոր նախագահի թեկնածությանը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը 10 տարի ժամանակ ուներ՝ երիտասարդ լիդերներ պատրաստելու համար, բայց չի արել: Ինչո՞ւ չի արել, որովհետև ավտորիտար կառավարման համակարգի բոլոր գործիչներն ունեն մեկ ընդհանրություն՝ նրանք ընդհանրապես երիտասարդ ժառանգորդներ չեն պատրաստում: Նրանք վախ են տեսնում այդ լիդերների մեջ, հասկանում են, որ երբ այդ լիդերը տարիքով ավելի հասուն դառնա, անմիջապես հավակնելու է իր պաշտոնին: Այո՛, երիտասարդ քաղաքական գործիչներին պաշտոններ տալիս են, բայց նա լիդեր չէ: Սովորաբար նման երկրներում նախագահներն իրենց որդիներին են պատրաստում ժառանգորդ, որոնց կարող են իրենց աթոռը հանձնել: Այնպես որ, Սերժ Սարգսյանի այդ պատճառաբանությունը նույնպես իրականությանը չի համապատասխանում:

- Հետևաբար, ի՞նչ է կատարվում:

- Հետևաբար, Սերժ Սարգսյանը ցանկություն ունի դառնալ Հայաստանի ցմահ ղեկավար, ինչը բերելու է Հայաստանի լճացման: Մենք կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այն գործընթացները, որոնք կային, չեն վերացել՝ մենաշորհների առկայություն, դատաիրավական համակարգը, հատկապես երբ նայում ենք վերջին քաղաքական դատավարությունները, փաստացի գոյություն չունի, տնտեսությունը գրեթե չի զարգանում, երկիրը որպես ինքնուրույն սուբյեկտ գոյություն չունի, ընտրություններն ընդհանրապես չեն անցկացվում:

Այսինքն՝ նույն լճացումը շարունակվել է նրա կառավարման 10 տարիների ժամանակաշրջանում: Հետևաբար, մենք կարող ենք փաստել, որ այն, ինչ տեղի է ունենում, նույնկերպ շարունակվելու է հետագա տարիներին: Եվ Հայաստանը լայն քայլերով գնում է դեպի ադրբեջանականացում: Այստեղ հետաքրքիր է Եվրամիության դիրքորոշումը, քանի որ Հայաստանը ԵՄ-ի հետ կնքել է համաձայնագիր: Բայց ինչպես մենք տեսնում ենք, դա PR փաստաթղթի է վերածվում, որովհետև եթե մի երկրում ժողովրդավարության ինստիտուտներ գոյություն չունեն, կարող ենք ասել, որ լճացման գործընթաց է տեղի ունենում: Հիմա Եվրամիությունն ինքն արդեն պետք է որոշի՝ ի դեմս Հայաստանի ուզո՞ւմ է տեսնել երկրորդ Ադրբեջան, թե՞ ոչ:

- Արդեն տեղեկություն կա, որ ապրիլին Հայաստանի խորհրդարանը կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչից հետո որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն: Հնարավո՞ր է վավերացումից հետո իրավիճակը փոխվի:

- Ո՛չ, ոչինչ չի փոխվի, որովհետև դա արդեն դառնում է ձևական վավերացում: Նախքան այդ էլ Հայաստանը Եվրամիության հետ բազմաթիվ փաստաթղթեր է վավերացրել, օրենքներ է ընդունել ժողովրդավարության հաստատման ու զարգացման ուղղությամբ, բայց մենք տեսնում ենք՝ որքան ժողովրդավարությանն ուղղված օրենքներ են ընդունվում, այնքան Հայաստանն ավելի ու ավելի հետ է գնում: Եվ Հայաստանի իշխանություններն ընդամենը մեկ գործոն են ճանաչում՝ ուժի գործոնը: Եթե Արևմուտքի կողմից խիստ ազդեցություն կիրառվի ՀՀ իշխանությունների վրա, միայն այդ դեպքում նրանք ստիպված կգնան ժողովրդավարության: Իսկ հիմա այդ պայմանագիրն ընդամենը ձևական բնույթ է կրելու, ոչ ավելին:

- Արդեն ընդդիմադիր դաշտը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ոտքի է կանգնում, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Հնարավո՞ր է համախմբվել ու ինչ-որ բան փոխել:

- Ո՛չ, արդեն հնարավոր չէ որևէ բան փոխել, որովհետև փոխելու համար պետք է հասարակությունը պայքարի դրա դեմ: Իսկ մենք տեսնում ենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրական միջոցառումից հետո հասարակությունը վերջնականապես դադարեց հասարակություն լինելուց, որակապես փոխվեց և դարձավ ընդամենը բնակչություն:

Այսինքն՝ Հայաստանում հասարակությունը որպես այդպիսին մահացած է: Նման երկրներում ընդդիմադիր ուժերը ոչ մի արդյունքի չեն հասնում, որովհետև նրանց գործունեության հաջողության համար պետք է հասարակության աջակցություն, իսկ Հայաստանում որպես այդպիսին հասարակություն չկա: Հայաստանը վերածվել է բնակչության, ովքեր իրենց առօրյա կյանքի խնդիրներն են հոգում ու արտագաղթի ուղղությամբ մտածում: Երբ ասում են՝ ՀՀ բնակչությունը չի պայքարում իշխանությունների անօրինականությունների դեմ, դա այդպես չէ, մարդիկ ուղղակի պայքարի այլ ձև են գտել՝ արտագաղթը:

Մարդիկ ցանկություն չունեն ևս 30 տարի վարչապետի պաշտոնում տեսնել նույն մարդուն, դրա համար հեռանում են: Եվ եթե անդրադառնանք Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրին, ապա եթե Հայաստանում հասարակություն չկա, հասարակության մակարդակով ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի պահանջարկ չկա, ապա այդ համաձայնագիրն ընդամենը վերածվում է թղթի կտորի և որևէ արժեք այլևս չի ներկայացնում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am