«Ամեն թփի տակ արագաչափ դնելով, վարորդներին թակարդն են գցել, որպեսզի մեկ-երկու ընտանիք հարստանա». Նաիրա Զոհրաբյան

24-05-2018
7591 դիտում
«Ամեն թփի տակ արագաչափ դնելով, վարորդներին թակարդն են գցել, որպեսզի մեկ-երկու ընտանիք հարստանա». Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

- Տիկին Զոհրաբյան, դուք տարիներ շարունակ բարձրացրել եք ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկների ու արագաչափերի մասով տուգանքների ոչ իրավացիության հարցը: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի կչեղարկվեն 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները, որոնք կուտակվել են նախորդ 5 տարիներին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը:

- Եթե հիշում եք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի 15 կետերում առաջին կետերից մեկն արագաչափերի, տեսանկարահանող սարքերի և «կարմիր գծերի» ընդհանրապես արգելումն ու հանում էր: Ինչո՞ւ. ոչ թե նրա համար, որ մենք կողմ ենք չկանոնակարգված երթևեկությանը, այլ մենք գտնում ենք, որ կանոնակարգումները պետք է լինեն տրամաբանական:

Անտրամաբանական է, երբ 55 հազար նվազագույն աշխատավարձ ունեցող երկրում կարող է նվազագույն աշխատավարձից մի քանի անգամ ավելի տուգանք լինել ամսական կամ էլ նվազագույն տուգանքը կարող է լինել 5000 դրամ: Նվազագույն տուգանքը պետք է լինի ընդամենը 500 դրամ: Մենք պատրաստել ենք այլընտրանքային նախագիծ, բայց այս պահին այն չենք դնի շրջանառության մեջ, որովհետև գտնում ենք, որ այս փուլում, քանի դեռ նվազագույն աշխատավարձի չափն այսպիսին է, քանի դեռ մեր երկրի առաջնային սոցիալ-տնտեսական խնդիրները լուծված չեն, այս խնդրին պետք է ավելի ուշ անդրադառնալ: Երբ այս խնդիրները լուծվեն, մենք հարցը կբարձրացնենք:

Ինչ վերաբերում է տույժերն ու տուգանքները չեղարկելուն, մենք հասկանում ենք, որ դա եղել է տոտալ թալան: Ամեն թփի տակ արագաչափ դնելով, չդնելով այնտեղ, որտեղ դրա կարիքն իրապես կա, վարորդներին թակարդն են գցել, որպեսզի մեկ-երկու ընտանիք հարստանա: Այդ տուգանքները պետք է չեղարկվեն: Բայց նաև ես ու իմ վարորդը մեզ համարում ենք պարտաճանաչ քաղաքացի և տուգանքի թերթիկը ստանալուն պես հաջորդ օրը վճարել ենք: Այս դեպքում մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ կերպ պետք է կանոնակարգվի նաև այն պարտաճանաչ վարորդների խնդիրը, ովքեր այդ անօրինական տուգանքները պարտաճանաչ վճարել են, որպեսզի անօրինական տուգանքների տույժերը ստիպված չլինեին վճարելու: Այս խնդրին պետք է երկու կողմից նայել:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց այն հնարավորության մասին, որ կարող են կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործարկումը: Սա որքանո՞վ եք տրամաբանական համարում, արդյոք ռիսկեր չե՞ն առաջանա:

- Այստեղ պետք է նայել վիճակագրությունը: Ես խնդրել եմ՝ մեր փորձագետներն ինձ տրամադրել են վիճակագրությունը, և ձեզ վստահեցնում եմ, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը որևէ կերպ էականորեն չեն մեղմել երթևեկության խախտումները: Այսինքն՝ եթե չլինեն արագաչափեր ու տեսանկարահանող սարքեր, ես ձեզ վստահեցնում եմ, որ երթևեկության խախտումները լինելու են ոչ ավելին, որքան կան այսօր արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի առկայության պայմաններում: Դա վկայում է պարզ վիճակագրությունն ու փաստերի համադրումը:

- Հասարակությունը դեմ է հատկապես «կարմիր գծերին»: Մարդիկ պահանջում են, որ փողոցներից այդ գծերն ընդհանրապես հանվեն, դա ճի՞շտ քայլ կլինի:

- «Կարմիր գծերն» ընդհանրապես պետք է հանվեն, որովհետև այդ գումարները գնացել են կոնկրետ գրպաններ: Այդ կայանատեղիների համար հավաքված գումարներից որևէ օժանդակություն չի տրվել պետական բյուջեին: Բացի դրանից, աշխարհում չկա երկիր, որտեղ 24 ժամ «կարմիր գիծ» լինի: Զարգացած երկրներ կան, որտեղ «կարմիր գծերն» աշխատում են միայն աշխատանքային ժամերին՝ առավոտյան 9:00-ից մինչև երեկոյան 18:00-ը: Այս առումով Հայաստանում բացարձակ անարխիա և բարդակ է տիրում:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ճանապարհատրանսպորտային խախտումների ոլորտում նաև լուրջ բարեփոխումների կարիք կա:

- Այո, ոլորտը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, և մեր փորձագետներին հանձնարարված է շատ կարճ ժամկետում մշակել ոլորտի բարեփոխումների օրենսդրական մեծ փաթեթ: Այն անպայման ներկայացնելու ենք Ազգային ժողովի քննարկմանը:

- Նաև գյուղատնտեսական վարկերի չմարման դեպքում տույժերի ու տուգանքների հնարավոր համաներման մասին է խոսել վարչապետը: Ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է դա իրագործել, և ի՞նչ արդյունքներ կտա այդ քաղաքականությունը:

- Դա շատ կարևոր է նախաձեռնություն է: Եվ նորից պետք է հիշեցնեմ, որ մեր 15 կետերից մեկը նախ վարկերի տոկոսադրույքների իջեցումն է: Տոկոսադրույքներն անպայման պետք է իջեցվեն, որովհետև պետությունը երկար տարիներ ստացել է վարկեր 0,25, 1-ից մի փոքր ավելի տոկոսով, իսկ գյուղացիական տնտեսություններին ու սովորական մարդկանց այդ վարկերը հասել են 20-25 տոկոսներով:

Ուղղակի թալան է իրականացվել Հայաստանում: Ինչ վերաբերում է տույժ-տուգանքներին, դրանք մեռած ու անհույս գումարներ են: Միևնույն է, այդ գումարները երբևէ չեն վճարվելու: Այդ գումարները համաներելով՝ քաղաքացուն հնարավորություն ու շանս են տալիս, որպեսզի ինքը մտածի մայր գումարը մարելու մասին: Եթե այդ տույժերով ու տուգանքներով ինքը բեռնավորված է, դա համարում է անհույս և չի էլ կարող անգամ մտածել մայր գումարը մարելու մասին: Սա պարզ տնտեսագիտական հաշվարկ է: Եվ մենք, այո, պահանջելու ենք, որ այդ տույժերն ու տուգանքները, որոնք տարիներ շարունակ համալրել են անհույս վերադարձվելի գումարների ցանկը, ներվեն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am