«Դեռ կշարունակեմ իմ պայքարը՝ մի թևով կուղարկեմ Եվրոպա, մյուսով կմասնակցեմ Քոչարյանի գործով ներպետական քննությանը». Սեդա Սաֆարյան

Սեդա Սաֆարյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, «Մարտի 1»-ին առնչվող «Քոչարյանը և մյուսները» գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը

Տիկի՛ն Սաֆարյան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Ինչպե՞ս եք գնահատում գլխավոր դատախազի այս քայլը:

– Այդ բողոքը շատ ավելի վաղ պետք է ներկայացվեր, որովհետև այդ հիմքերն առկա են եղել նաև ավելի վաղ և ոչ միայն Նիկոլ Փաշինյանի գործով: «Մարտի 1»-ին վերաբերող շատ այլ գործեր դուրս են մնացել գլխավոր դատախազության տեսադաշտից, որոշ մասը որակվել է՝ ելնելով այն կանխավարկածից, թե արագացված կարգով գործերի լսումը գործերի վերանայման արգելք է, ինչին ես, իհարկե, համակարծիք չեմ, որովհետև անձի կողմից արագացված կարգ ընդունելը 2008 թվականին բացարձակապես պայմանավորված չի եղել այն հանգամանքով, որ ինքն այդ մեղադրանքն ընդունում է: Դա ուղղակի հազար ու մի խնդիրներ ունենալու հանգամանքներով է պայմանավորված եղել, ինչը չպետք է կարևորվեր:

«Մարտի 1»-ի գործը մի տեսակ մաս-մաս ու այսպես անհատական ու դանդաղ վերանայումների է արժանացել, ինչն ընդունելի չէ, որովհետև դա կարող էր միասնաբար քննվել ու թեթևացնել «Մարտի 1»-ի գործով դատական անարդար ակտերի վիճակը: Հետևապես՝ չեմ կարող ասել, թե ինչո՞վ է պայմանավորված գլխավոր դատախազության կողմից ժամանակի այս ընտրությունը: Լավ է, որ վերջապես այդ որոշումը կայացվել է, գիտեք՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից անվերջ շահարկվել է «Մարտի 1»-ի գործով այդ դատական ակտը:

Չգիտեմ` ինչու, «Մարտի 1»-ի գործով այսպիսի ձախողումից հետո է այս հարցը բարձրացվել ու լսվել, ինձ համար շատ անհասկանալի է, որովհետև դատախազության աշխատողները մասնակցել են «Մարտի 1»-ի գործին ու տեսել, որ այդ դատական ակտերը, յոթի գործը՝ այդ բոլորը շահարկվում են: Ինչո՞ւ թողեցին, որ շահարկվի, ու «Մարտի 1»-ի գործի ձախողումից հետո նոր այսպիսի որոշումներ են ընդունում: Միայն իրենք կարող են բացատրել այս վերանայման դինամիկան:

Իսկ, ըստ ձեզ, ինչո՞ւ «Մարտի 1»-ի գործը, ինչպես նկատեցիք, մաս-մաս է քննվում:

– Չգիտեմ: 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին գուցե մի քիչ ավելի վառ են եղել պատկերացումներս, ինձ թվացել է, որ հեսա մեծ ձևաչափով կվերանայվեն այդ գործերը, բայց հետո, երբ որ քաղաքացիները դիմել ու մերժումներ էին ստացել, հետո այդ նույն քաղաքացիները եկել են մեզ մոտ, ես տեսել եմ, որ մի տեսակ ընտրովի սկզբունքով է վերանայվում «Մարտի 1»-ի գործը:

Ըստ էության, հիմնականում վերանայում են Եվրոպական դատարանում իրավունքի խախտում ճանաչված գործերը, բայց այդ գործերի ֆոնին կան նաև մյուս գործերը, որոնք Եվրոպական դատարան չեն գնացել, կարող էին վերանայվել, ու, ընդհանրապես, պետք է ստանդարտ մոտեցում կիրառվեր, որովհետև բոլորի վիճակն էլ նույնն է եղել, շատ քիչ գործերով կարելի էր ապացուցված շեմ ունենալ, որ, իրականում, ոստիկանության հետ կապված միջադեպ եղել է: Մնացած գործերով բոլորը հորինված ու ոստիկանների ցուցմունքի վրա արհեստածին ստեղծված գործեր են եղել:

Ասեմ, որ վերանայումների «դժվարությունը» պայմանավորված է նրանով, որ նույն այդ ոստիկանների գործողություններին էլ պետք է գնահատական տալ, այսինքն՝ շատ ամբողջական պետք է այդ վերանայումը լիներ, որ դու արդարության վերականգնում տեսնեիր:

Տիկի՛ն Սաֆարյան, «Մարտի 1»-ին առնչվող «Քոչարյանը և մյուսները» գործով, դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց: Կարծում եք՝ այս մասով վերանայում կլինի՞, դատական գործընթացներ, բողոքներ կրկին կլինե՞ն:

– Պետք է ֆիքսենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրանքների ու փաստական հանգամանքների առկա լինելու և այդ մեղադրական եզրակացությունը դեռևս գոյություն ունենալու պայմաններում: Այնպես չէ, որ մեղադրողները հրաժարվել են մեղադրանքից: Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողները դիմում են Եվրոպական դատարան, գրեթե վճռաբեկ բողոք չբերվեց ու չբերվեց մեկ պարզ պատճառով, որ Վճռաբեկ դատարանի վրա հույս չեն կարող դնել, որ այն արդար լուծում է տալու:

Ես Վերաքննիչ դատարանից սպառված եմ համարել մեր ներպետական պայքարը: Ամբաստանյալների գործն էր առանձնացվել հիմնական գործից, ու ես կարծում եմ, որ նաև Ռոբերտ Քոչարյանը չերեմուխա կիրառելու ու մյուս խնդիրների հետ կապված պետք է հարցաքննվի, ու այնտեղ էլ պատասխանատվության խնդիր կա:

Թե հիմա դատախազության մոտեցումն ինչպիսին կլինի՝ չեմ կարող ասել, բայց ես՝ որպես տուժողի շահերի պաշտպան, այդ կարգի միջնորդություններով հանդես եմ եկել: Կարծում եմ՝ դեռ կշարունակեմ իմ պայքարը. մի թևով կուղարկեմ Եվրոպա, մյուսով կմասնակցեմ ներպետական այդ անջատված գործով քննությանը:

Հիմա ժամանակն է, որ դատախազությունը հասկանա, թե Սահմանադրական դատարանը ինչ կարող է անել իր համար ու անդրադառնա ընդհանուր հանցակազմերով մեղադրանքներ առաջադրելուն, ինչպես հիմա է պնդում, որ ընդհանուր հանցակազմով մեղադրանքի հատկանիշներ կան, դրվագային հանցագործություններ կան, որոնք քրեորեն հետապնդելի են: Այս առումով, կարծում եմ, որ դատախազությունը նախաքննության ընթացքում պետք է դիրքորոշում ունենա:

Այսինքն՝ շարունակո՞ւմ եք «Մարտի 1»-ի գործով ձեր, այսպես ասած, պայքարը:

– Իհա՛րկե շարունակում եմ: Արթուր Ավագյանին ծանր մարմնական վնասվածք է հասցվել չերեմուխա կիրառելու հետևանքով: Ես կարծում եմ, որ դա սպանության փորձ է, որն իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրականացվել մինչև վերջ, 3 մարդ սպանվել է չերեմուխայից, 3 մարդ ծանր մարմնական վնասվածք է ստացել ու դա մեկ միասնական դիտավորությամբ ու վերևից մինչև ներքև իմացությամբ ու նախաձեռնությամբ է եղել, իսկ սրա մասին դատախազությունը պետք է մտածի:

 – Տիկի՛ն Սաֆարյան, իսկ հույսեր ունե՞ք, որ դատախազությունը կոնկրետ այս մասով ինչ-որ քայլեր կձեռնարկի:

 – Եթե դատախազությունն նույն պահվածքն ունենա, ինչ դատաքննությունների կամ բողոքարկումների ընթացքում, ապա վստահ չեմ կարող ասել, թե ինչ-որ բան կանի: Դատախազությունը եթե անում էր ինչ-որ բան, ապա չերեմուխայի դրվագներով թող վերաբերմունք արտահայտեր, ինչո՞ւ այդ մասով մինչև հիմա բան չկա:

Մարդկանց արարքներին այնպիսի որակումներ են տալիս, որոնք ուղղակիորեն տանում են դեպի ձախողում, ինչի հետևանքով էլ այս պատկերն ենք ունենում, դեռ մի բան էլ դատախազության մամուլի խոսնակն ասաց, որ ես ու իմ հարազատները մտածում են, որ ըստ ճաշակի մեղադրանք պետք է առաջադրեն: Հիմա պարզվեց, որ իրենց ճաշակը շատ խայտառակ ճաշակ է եղել, ինչի հետևանքով մի ամբողջ տուժող կողմ ձախողման մատնվեց:

Չի կարող լինել այսպիսի բան, որ լինեն հանցագործության դեպքեր, բայց չլինեն պատասխանատուներ: Տուժողների համար միևնույն է, թե դատախազությունն ինչ սկզբունքով է ձախողել այս գործը: Մենք գիտենք, որ կատարվել է բազմադրվագ հանցագործություն, ու դատախազությունը պետք է դրա մանրամասն վերլուծությունն ու հեռատեսությունը ունենար, իսկ նրանց հեռատեսությունը, պարզվեց՝ բացակայում է, ինչի հետևանքով էլ ունեցանք այս կարգի պատկեր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am