Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Վահագն Գասպարյանը։

Նա նշեց, որ ցանկացած հանցագործության դեպքում հանցագործության նախապատրաստումը ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ. պարզ չէ, թե ինչ է իր պաշտպանյալը արել։

Նա նաև տեղեկացրեց, որ դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվի կալանավորման որոշումը, հետաձգվել է, որովհետև անհրաժեշտ էր ծանոթանալ նյութերին։ Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 15-ին ժամը 18։30-ին։

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։