ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնանժողով՝ քննելու պատերազմի հանգամանքները

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք առաջարկել ենք պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, ոչ թե քննիչ հանձնաժողով, որի ղեկավարը կրկին կլիներ իշխանությունից: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ դրա շրջանակներում ամեն մի զոհված զինվորականի, ամեն մի կորած զինվորականի, ամեն մի գնդի, ստորաբաժանման հետ տեղի ունեցած դեպքերը, սպառազինության հետ կապված հարցերը, ամեն բան պետք է նախապատրաստվեն, և իմանանք, թե ինչ է կատարվել: