Ռուսաստանը վերապահումներ ունի հայ միգրանտների հարցում

Ռուսաստանը վերապահումներ ունի հայ միգրանտների հարցում
Ռուսաստանը վերապահումներ ունի հայ միգրանտների հարցում

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում բացահայտեց, որ Ռուսաստանի կառավարությունը վերապահումներ ունի Ռուսաստանում հայերի աշխատանքի դյուրացման համաձայնագրի հետ կապված:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Սոչիում միգրացիոն ոլորտին վերաբերող մեկ համաձայնագիր արդեն ստորագրվել է: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելուն պես կարող են 30 օրվա ընթացքում հաշվառվել՝ ներկայիս 7-օրյա ժամկետի փոխարեն: Իսկ երկրորդ համաձայնագիրը չի ստորագրվել, քանի որ համաձայնագրի վերաբերյալ, Եգանյանի տեղեկացմամբ, ՌԴ աշխատանքի նախարարությունը վերապահումներ ունի:

“Երկրորդ  միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով Ռուսաստանի Դաշնության  քաղաքացիներին: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատանքային անձը, այլ նաև նրա ընտանիքի անդամները համարվում են օրինական գտնվողներ ՌԴ տարածքում”,- մանրամասնեց Եգանյանը:

Նրա խոսքով՝  Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ համաձայնագրի հետ կապված հարցը քննարկվել է, նշվել է, որ հայկական կողմն արդեն ներպետական ընթացակարգերն ավարտել է և պատրաստ է ստորագրելու: Ռուսական կողմը, սակայն, ասել է, որ դեռևս պատրաստ չէ ստորագրման: Կարդալ ավելին