Ապաստարանների առկայությունը պարտադիր. Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է նոր նորմերի մշակման գործընթաց

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ապաստարանների նորմերի մշակման գործընթաց, որով նոր շենքերի կառուցման, վերակառուցման ժամանակ ապաստարանների առկայությունը լինելու է պարտադիր: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը տեղեկացրեց, որ գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա հունիսից:

Եղան քննարկումներ մի շարք նախագծային կազմակերպությունների հետ՝ հստակեցնելու, թե ինչպես կարող են ունենալ այդ նորմերի ամբողջական փաթեթը: Նորմերի մշակման համար մրցութային գործընթաց պետք է իրականացվեր, սակայն այդ ժամանակ սկսվեց պատերազմը:

Չնայած դրան, կոմիտեի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների քննարկումների արդյունքում, որոշում կայացվեց, որ շատ արագ առաջադրանքը կազմվի, տրվի համաձայնեցման և պատրաստվի գնման հայտը: Մրցույթը կայացել է, հաղթող նախագծային կազմակերպությունը հայտնի է, պայմանագիրը կնքված է: Նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար կոմիտեն առաջիկայում կդիմի կառավարությանը: 

«Սա առաջին կարևոր բացն է, որը պետք է արագ լրացնել: Հիմա նախաձեռնել ենք այս գործընթացը: Պետք է անպայման հետամուտ լինենք, որ նորմերը մշակվեն: Պարտադիր պահանջներ են սահմանվում հատկապես նոր կառուցվող շենքերի համար, որտեղ ճարտարապետահատակագծային առաջադրանքն առանց ապաստարանի չի կարող հաստատվել: Այսինքն՝ շենք ես ուզում կառուցել, դու պետք է նախատեսես այնպիսի պայմաններ քո նկուղային կամ կիսանկուղային հարկաբաժիններում, որոնք շատ արագ կարող են վերածվել ապաստարանների: Այսինքն՝ լինեն ճկուն»,-ասաց Ռուզաննա Ադամյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում