ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական կարձանագրվի առաջիկա բանակցությունների արդյունքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը արձանագրված չէ,  այն կհստակեցվի առաջիկայում սպասվող բանակցությունների արդյունքում. այս պահին ՀՀ-ի կողմից որևէ տարածք զիջված չէ և չի կարող լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե այս պահին ի՞նչ գործընթացներ են իրականացվում Սյունիքի մարզում սահմանագծման աշխատանքների մասով, մասնավորապես Տեղ համայնքում, Գորիս-Կապան ճանապարհահատվածում:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այս պահին նախապատրաստվում են ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր սպասվելիք երկկողմ բանակցությունների համար, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենալու հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ: «Այս պահին դրությամբ կարող եմ ասել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը, որպես այդպիսին, վերջնական արձանագրված չէ: Եվ մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և այն քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար, և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ»,-ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերվում է փաստացի ԶՈՒ-ի տեղակայմանը՝ փոխվարչապետն ասաց, որ այս պահի դրությամբ՝ Տեղ գյուղից ներքևի հատվածում գտնվող տաբեր դիրքերում ունենք ԶՈՒ-ի ներկայացուցիչներ, և նրանց վերջնակայումները, և առհասարակ ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում:

«Ուզում եմ հստակ վստահեցնել, որ ՀՀ-ի սահմանից այս կողմ՝ դեպի մեր կողմ որևէ բան զիջված չէ  և չի կարող լինել: Այնուամենայնիվ, ուզում եմ հստակեցնել, որ իրավական սահմանը, որպես այդպիսին, բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»,-եզրափակեց Ավինյանը: