Հարկ է նոր ծրագրեր մշակել Արցախի տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին աշխատանքային խորհրդակցության է հրավիրել էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմին՝ նախարար Արմեն Թովմասյանի գլխավորությամբ՝ Արցախի տնտեսության վերակազմակերպման հարցը քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տնտեսական հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում տնտեսական կարողությունների վերագնահատում կատարել և նոր ծրագրեր մշակել տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ: Այդ համատեքստում նշանակալի արտոնություններ պետք է նախատեսենք բոլոր տնտեսվարողների համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տեղահանված անձանց տնտեսական գործունեությանն օժանդակելու ծրագրերին»,- նշել է Հանրապետության նախագահը:

Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարությունը պետք է  նոր ծրագրեր առաջարկի ինչպես ողջ Արցախի, այնպես էլ առանձին գոտիների համար՝ զուգահեռ աշխատելով այդ ծրագրերի շահառուների՝ խոշոր տնտեսվարողների, գյուղացիների ու  անհատ ձեռնարկատերերի հետ:

ԱՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ հարցեր՝ կապված աշնանացանի վիճակի և գարնանացանի ընթացքի հետ: