Գանձակ գյուղում 30-ամյա տղամարդու են դանակահարել

Մարտի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։

Օպերատիվ խումբը հիվանդանոց մեկնեց։ Տուժողը Գանձակ գյուղից էր և, ըստ նախնական տվյալների, նրան գյուղում էին դանակահարել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ մարտի 10-ին, ժամը 21-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 23-ամյա մի բնակիչ։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 11-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին և խոստովանական ցուցմունք տվեց, նաև ներկայացրեց դանակը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: