Առողջապահության ոլորտում կազմակերպվել է առցանց փորձագիտական առաքելություն

Եվրահանձնաժողովի «Թայեքս» տեխնիկական օժանդակության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մարտի 23-ից 25-ը կազմակերպվել է առցանց փորձագիտական առաքելություն, որին մասնակցել են փորձագետներ Իռլանդիայից` Պրոֆեսիոնալ ստանդարտների և կրթության բուժքույրական և մանկաբարձական խորհրդի տնօրեն Աննե-Մարիա Ռյանը և Լեհաստանի Լոդզի բժշկական համալսարանի համակարգված բժշկական օգնության վարչության պետ Դորաթա Կիլանսկան:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչներ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների բուժքույրեր:

Առաքելության նպատակն է տրամադրել փորձագիտական խորհրդատվություն` «Քույրական գործի զարգացման ռազմավարություն» մշակելու հարցում:

Առցանց միջոցառման ընթացքում փորձագետների կողմից խորհրդատվություն է տրամադրվել հետևյալ հարցերի ուղղությամբ.

1. Առողջապահության համընդհանուր ծածկույթի ապահովման և Կայուն զարգացման նպատակներին հասնելու հարցում բուժքույրերի դերի բարձրացմանը և մասնակցության ապահովմանն ուղղված, ապացույցների վրա հիմնված ռազմավարությունների մշակում:

2. COVID 19-ի համավարակի պայմաններում մարտահրավերների վերլուծություն:

3. Բնակչության կարիքների վրա հիմնված, անվտանգ, ծախսարդյունավետ, մատչելի բուժքույրական ծառայությունների ապահովում:

4. Բուժքույրական ծառայությունների որակի կառավարման համակարգեր (օրինակներ ԵՄ-ից):

5. Բուժքույրական կրթության ազգային հավատարմագրման ստանդարտներ։

6. Բուժքույրական ծառայությունների առաջնորդություն և հաշվետվողականություն:

7. Բոլոր մակարդակներում որոշումների կայացմանը բուժքույրերի ներգրավման մեխանիզմներ:

8. Փոփոխվող առողջապահական կարիքներին ուղղված և կարողությունների վրա հիմնված բուժքույրական կրթական ծրագրեր` ներառյալ առաջնորդության և բանակցային հմտությունների թեմաներ:

9. Ռազմավարությունների մշակման ընթացքում բուժքույրերի մասնակցության ապահովման մեխանիզմներ:

10. Բուժքույրական աշխատուժի կրթության, գործունեության կառավարում և այդ ուղղությամբ միջգերատեսչական համագործակցություն:

Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։