Հաստատվել է ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների երաշխավորման կարգը

Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի:

Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2021 թվականի մարտի 5-ի 24-Ն հրամանով հաստատվել է ուսուցչի ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման նոր կարգը, որն արդեն ուժի մեջ է մտել:

Համաձայն կարգի` վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու գործունեությունը երաշխավորվում է 3 տարով, եթե կազմակերպությունը համապատասխանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սահմանած չափանիշներին:

Ովքեր կարող են դիմել երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար

Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները (հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ), կրթության ոլորտում վերապատրաստումների փորձ ունեցող, համապատասխան մասնագետներով համալրված հիմնադրամները, ընկերությունները, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները:

Երաշխավորման չափանիշներ

Ցանկում ընդգրկվելու համար դիմող կազմակերպությունների համար սահմանվում են հետևյալ պահանջները.

  • սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) տեսական և գործնական պարապմունքների կազմակերպման համար,
  • վերապատրաստումը հեռավար կամ համակցված (միաժամանակ առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու տեխնիկական ու ծրագրային ապահովում` վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ, ուսումնանյութական բազա, կահավորանք,
  • վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն` մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա ընթացքում` ղեկավար կամ մանկավարժական կադրերի վերապատրաստումների փորձ: Մասնագետները պետք է տիրապետեն  ուսուցչի առանցքային կարողունակությունների, մանկավարժության մեջ տեխնոլոգիաների  կիրառության, ներառականության ապահովման հմտություններին, ինչպես նաև գիտելիքներ ունենան հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական բովանդակային տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

Երաշխավորվող կազմակերպությունը պետք է ապահովի.

  • ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,
  • վերապատրաստումների գործընթացի կազմակերպչական աշխատանքների պլանավորում և դասընթացի արդյունքների գնահատում,
  • ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ` կատարած աշխատանքների վերաբերյալ:

Մրցույթ` գնահատում և ընտրություն

Երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարվում է մրցույթ, որի  հայտարարությունը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և զանգվածային լրատվության միջոցներում:

Վերապատրաստում իրականացնելու ցանկություն ունցող կազմակերպությունները հայտարարված ժամկետներում ներկայացնում են հայտ` ըստ սահմանված ձևի:  

Կազմակերպության համապատասխանությունն ուսուցիչ վերապատրաստող կազմակերպության համար սահմանված չափանիշներին որոշում է ԿԳՄՍ նախարարությունը:  Այդ նպատակով մինչև մրցույթ հայտարարելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով, որը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում և գնահատում է ներկայացված փաստաթղթերը: Հայտերի գնահատումն իրականացվում է հարյուր միավորային համակարգով:

Հայտը կարող է մերժվել կամ ընդգրկվել երաշխավորված կազմակերպությունների ցանկում` 3 տարի ժամկետով: Ցանկում ընդգրկվում են առնվազն 80 միավոր հավաքած կազմակերպությունները:

Նշենք, որ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վերապատրաստման մասնակցած ուսուցիչների կողմից կատարվում է ցանկում ընդգրկված կազմակերպությունների գնահատում: Եթե ուսուցիչների գնահատման արդյունքում վերապատրաստողը ստանում է 10-ից պակաս միավոր, ապա նախարարությունը քննարկում է նրա՝ որպես վերապատրաստող կազմակերպություն, հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Բացի դրանից` կազմակերպության գործունեության արդյունավետությունը գնահատվում է իր կողմից ներկայացվող ամենամյա հաշվետվության հիման վրա, որոնց քննարկման արդյունքում ԿԳՄՍՆ հանձնաժողովը որոշում է կայացնում կազմակերպությանը երաշխավորվածների ցանկում թողնելու կամ հանելու վերաբերյալ:

Միաժամանակ դասընթացների բովանդակությունը գնահատելու հիմք են համարվում յուրաքանչյուր տարի՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) կողմից ներկայացված հաշվետվությունները:  

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ