Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Մեդիալաբի» հետ զրույցում «լկտի և անբարո» է որակում Ադրբեջանի նախագահի հակահայկական դրսևորումները, մասնավորապես՝ ռազմական պուրակի բացումը:
«Թուրքիան ու Ադրբեջանը երբեք չեն դադարի իրենց հակահայկական քարոզչությունը, որովհետև նրանց հիմնական ազգային գաղափարախոսությունը կառուցված է հակահայկականության վրա»,- ասում է Աբովյանը:
Նրա կարծիքով՝ եթե Հայաստանում ցանկանում են, որ պատերազմ չլինի, ապա երկիրը պետք առավելագույնս պատրաստ լինի պատերազմի:
«Եթե մենք չենք ուզում պատերազմ լինի, ապա պետք է դադարենք նրանց հետ սուտ խաղաղասիրական խաղեր տալ: Իրենք դա ընկալում են որպես թուլություն և հարվածելու են: Տեռորիստների, ֆաշիստների հետ չի կարելի կառուցողական լինել, որովհետև կառուցողականությունը նրանք ընկալում են որպես թուլություն: Այս պարզ և հստակ միտքը ուղենիշ պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների համար»,- ընդգծում է «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի»։
Ադրբեջանական «պուրակում» հայկական զինտեխնիկայի հետ միասին տեղադրված էին հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ, որոնց ցուցադրությամբ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ զինծառայողներին ներկայացնել նվաստացուցիչ վիճակում:
Ալիևյան պուրակում, բացի հայ զինծառայողների մանեկեններից, ցուցադրված են եղել նաև մեր զինվորների անձնական իրերը, զինվորական սաղավարտները, ինչպես նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ:
ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ «Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է»։
«Զինվորականների իրերի ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում»,- իր հայտարարության մեջ նշել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է հարցով դիմել միջազգային կառույցներին։
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am