«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
– «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
– 1939 թվականին Խորհրդային Միությունում որևէ ազգ, անձ, որևէ համայնք, կառույց օրակարգ թելադրող չի եղել, Նիկոլ Փաշինյանը չգիտի, որ Խորհրդային Միությունում 30-ական թվականներից սկսած մինչև այսպես կոչված ձնհալի տարիներ որևէ մեկը չէր կարող իր գլխի օրակարգ ձևավորել, որովհետև երկրում տիրում էին ստալինյան հայտնի ռեպրեսիաները, որոնց ժամանակ միլիոնավոր մարդիկ սեփական կարծիք ունենալու, անգամ չունենալու պատճառով, սովորական գաղտնագրի կամ մատնագրի միջոցով դատապարտվում էին, միլիոնավոր մարդիկ գնդակահարվել են, ավելի շատ մարդիկ բանտարկվել են, աքսորվել են:
Այնպես որ, 30-ական թվականներին Հայաստանում, հեգնանքով եմ ասում, չէր կարող ձևավորվել Ցեղասպանության օրակարգով ազգային շարժում, եթե դա չէր անում ինքը՝ պետությունը: 50-ական թվականներին՝ ձնհալից հետո, որոշակի ազատություններ, չասենք այն իմաստով, ինչ մեր կամ ձեր սերունդն է պատկերացնում, այնուամենայնիվ, ստալինյան տարիներից հետո հնարավոր էր նաև ազգային, պատմական որոշակի թեմաներով խոսել, օրինակ՝ հայ ժողովրդին թույլատրելի դարձավ խոսել Արևմտյան Հայաստանի մասին, Ցեղասպանության մասին:
Հետևաբար, բացի այն, որ պետք է շատ կարդալ Ցեղասպանության մասին գաղափար ունենալու համար, նաև պետք է նորից իրեն գժի տեղ չդնել ու հասկանալ այս իրողությունները կամ, գժի տեղ դնելով, շարունակել նման հայտարարություններ անել: Շատ պատահաբար իմացանք, որ Ադրբեջանի ղեկավարի ու Նիկոլ Փաշինյանի որոշակի մտքեր տառացիորեն համընկնում են, օրինակ՝ «Իրական Հայաստանի» մասին, այնպես որ, բացարձակ չեմ զարմանա, որ Էրդողանի ու Նիկոլ Փաշինյանի որոշակի մտքեր Ցեղասպանության վերաբերյալ տառացիորեն համապատասխանում են իրար:
Բացի այն, որ նորից անազնիվ մանիպուլյացիա է կատարվում մեր պատմության մի ժամանակահատվածի վերաբերյալ՝ դարձնելով այն ռուսների նկատմամբ ատելություն սերմանելու հերթական փորձ, ես նաև տեսնում եմ այստեղ քաղաքական հրեշավոր մի խարդավանք, որը հայ ազգի շահերն անտեսելով՝ դեպի մեր թշնամիներին մերձեցման տանելն է:
Ես պատահական չեմ նման ձևակերպում անում, որովհետև մենք պարտավորված ենք մեր հարևանների հետ հարաբերություններ հաստատել, որովհետև չենք կարող խուսափել այն փաստից, որ մեր հարևաններն են Ադրբեջանն ու Թուրքիան, ու մենք մշտապես ենք խոսել բարիդրացիություն հաստատելու մասին, բայց շատ կարևոր է, որ դա լինի արժանապատիվ ձևով, այլ ոչ թե քո ազգային հիշողության, քո պատմության, քո տարածքային ամբողջականության հաշվին: Իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մոտիվացիաները անընդհատ մեզ համոզում են, որ մենք գնում ենք նվաստացման, կապիտուլյացիայի, զիջման ճանապարհով: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը դրա հերթական դետալներից մեկն է:
– Այսինքն՝ հայտարարության նպատակն այն է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այդ բարիդրացիությո՞ւնն ապահովենք:
– Այո՛, բայց այս պարագայում այդ բարիդրացիությունը չակերտների մեջ կվերցնեի, մենք ուղղակի կատարում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեր առջև դրած պահանջները, որովհետև աշխարհում, բացի Թուրքիայից, Ադրբեջանից կամ նրանց սերտ դաշնակիցներից, ես չգիտեմ կա՞ արդյոք պետություն, որը կասկածի տակ է դնում պատմական իրողությունները: Պարզվում է, որ Ցեղասպանությունը կարող են կասկածի տակ դնել ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, այլև Հայաստանի որևէ ղեկավար:
– Այս հանգամանքն Հայաստանի վերաբերյալ ինչպիսի՞ ընկալում է ստեղծելու միջազգային տարբեր դերակատարների մոտ:
– Դե մոտավորապես այնպիսի ընկալում, ինչպիսին Լուկաշենկոյի մոտ, որ երեկ բոլորս տեսանք, թե ինչպիսի ընկալում է առաջացրել Արցախից հրաժարվելու փաստը: Ես կուզեի, որ առիթը չլիներ նման հղում անելու, բայց ուզում եմ հղում անել Լևոն Տեր-Պետրոսյանին, որը խոստացավ մեր ժողովրդին, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում մենք արժանանալու ենք այլ երկրների ծաղրուծանակին, այնպես որ, մենք իսկապես խայտառակ վիճակում ենք, ու դա չի գալիս մեր ինչ-որ պահի սխալներից, թուլությունից, դա գալիս է նրանից, որ մեր պետության ղեկավարը ամեն օր մեզ տանում է դեպի անդունդ, դեպի նոր փորձանք ու արկածախնդրություն, ու ամեն արկածախնդրությունից հետո մենք ավելի ենք թուլանում ու ենթարկվում ծաղրուծանակի:
Պատահական չէ, որ ես երեկ իմ ֆեյսբուքյան էջում հիշել եմ Տեր-Պետրոսյանի հայտնի կանխատեսումը, որ ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի, կպրծնենք: Մենք օրհասական վիճակում ենք, ու յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ մենք ոչ միայն պետություն կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, այլև այդ պայմաններում ազգային նկարագիր կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած:
– Պարո՛ն Խաչատրյան, համակարծի՞ք եք Բելառուսի նախագահի հասցեին Հայաստանից հնչող կարծիքներին, քննադատություններին՝ ի պատասխան նրա այդ հայտարարության:
– Ո՛վ է Լուկաշենկոն, ինչպիսի՛ ղեկավար է՝ ինձ դա հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր է մի բան, որ նմանատիպ տեղեկատվություն կրող անձնավորությունը, իսկ որ նա կրում է այդ տեղեկատվությունը, ակնհայտ է, պատահական չէ, որ բացել է այդ թեման, տեղեկատվության արտահոսք է արել: Այստեղ կարևորն այն է, որ մեր ժողովուրդը շարունակում է գնալ իրողությունները մերժելու ճանապարհով, մեր ժողովուրդը չի կարողանում իրողություններին ուղիղ նայել: Փոխանակ ընկալեն Լուկաշենկոյի ասածը, սկսում են խոսել անձի մասին:
– Իսկ ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այդ արտահոսքը Լուկաշենկոն արել:
– Չեմ կարող ասել՝ ի՛նչ նպատակով, բայց կարող եմ մի բան աներկբա ասել, որ նման արտահոսքերը պատահական չեն լինում, լեզվի սայթաքում չեն լինում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















