Նիկոլը շատ սուր քաղաքական հոտառություն ունի և զգում ու տեսնում է իր մոտալուտ վախճանը ու ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա. Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– «Պետությունը Դու ես, Դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը». Նիկոլ Փաշինյանը այս տողերով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ է վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հաճախակիորեն նույնացնում պետությունն ու քաղաքացուն:

– Փաշինյանն անելանելի դրության մեջ է, որովհետև երբ քաղաքացին սկսում է բոյկոտել պետությանը, պետության ղեկավարն անզոր է դառնում: Նիկոլն ուժեղ է ու անհաղթ այն ժամանակ, երբ մենք իրեն լուրջ ենք ընդունում, ոչնչանում է այն ժամանակ, երբ իրեն արհամարհում ենք: Նույն ֆենոմենն է, ինչ եղավ Սերժ Սարգսյանի հետ. Սահմանադրությունը փոխել էր, օլիգարխիան իրենն էր, փողերը կային, ոչ մի խնդիր չուներ, մեկ էլ ժողովուրդը շրջվեց մեջքով դեպի իրեն, ու ինքը մեկ շաբաթում ընկավ: 

Նիկոլը տեսնում է, որ նույն բանն իր հետ է կատարվելու, որովհետև ինքը ոչ մի այլ հենարան չունի՝ բացի իրեն ընդունող ամբոխից: Ինչպես ՀՀԿ-ն, որ բաներ կար, որ չէր կարող մարսել, այնպես էլ այս իշխանությունը: Հերիք չէ, որ Արցախն է մարսել, դավաճանաբար, պատահական չէ, որ այս բառը քաղաքական դաշտում շրջանառվում է: Ակնհայտ երևում է, որ Նիկոլն ու իր քաղաքական թիմը Հայաստանի ազգային պետական շահերը դավաճանել են, ստորաբար հանձնել են թշնամուն, թշնամին ինչ նվագում է՝ իրենք դրա տակ պարում են: 

Այս իրավիճակում նա որոշել է հարվածել նաև քաղաքացիների գրպանին: Եվ քաղաքացիները կարծես թե որոշել են չհամաձայնել այդ քաղաքականությանը և ըմբոստություն են դրսևորում, առայժմ չեն էլ ըմբոստացել, ընդամենը խոսում են, ու իր մոտ ցայտնոտ է սկսվել: Եթե այս տրանսպորտի սակագնի բարձրացումը համընդհանուր ընդվզում առաջացնի, մարդիկ շարունակեն 100 դրամով երթևեկել, Կառավարության որոշումներին դեմ գնալ, ու դա համատարած բնույթ կրի, Նիկոլին շատ քիչ ժամանակ է մնալու կառավարելու, ու դա ինքն ու իր թիմը շատ լավ գիտակցում են: Դրա համար էլ գնում է տարօրինակ քայլերի՝ մեզ փորձում է նույնացնել պետության հետ, իբր՝ դու ինչպե՞ս կարող ես քո դեմ դուրս գալ: Հուզական այսպիսի բաներ են անում, որ մենք ամաչենք, բայց իրենք չեն ամաչում, որ նման բաներ են անում, փոխարենը՝ փորձում են մեզ ամաչեցնել, որ մենք իրենց հիմար օրենքներին ենթարկվենք:

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հիմա գիտակցում ու զգում է իրական վտա՞նգ:

– Իհարկե, Նիկոլը շատ սուր քաղաքական հոտառություն ունի և զգում ու տեսնում է իր մոտալուտ վախճանը ու ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա, անգամ վայրագությունների է դիմելու: 

– Այդ վտանգներից ելնելով՝ հնարավո՞ր է, որ այդ որոշումներից հետնահանջ անի:

– Իհարկե, հենց տեսավ, որ իրավիճակը կառավարելիությունից դուրս է գալիս, կամ նման հեռանկարի վտանգ կա, շատ արագ նման քայլի է գնալու: Այստեղ կարևոր նրբությունը հետևյալն է, որ իշխանությունը չթողնի, որ ժողովուրդը հասկանա, որ ինքը մեր քաղաքականության մեջ վճռական ու կարևոր ուժ է:

– Պարո՛ն Սահակյան, եթե Նիկոլ Փաշինյանը քաղաքական շատ լավ հոտառություն ունի, ինչպես ասում եք, ապա ինչո՞ւ է հարկային նման քաղաքականություն վարում, տրանսպորտի սակագին բարձրացնում, համընդհանուր հայտարարագիրն է հիմա էլ դժգոհության առիթ դարձել:

– Բյուջե պետք լցնի, չէ՞: Այսքան ոստիկանների թվաքանակ է ավելացրել, իրենց աշխատավարձերն են բարձրացրել, անհամեմատ շատ է բարձրացրել, երբեք Հայաստանում ԿԳԲ-ի աշխատողն այսքան բարձր աշխատավարձ չի ստացել, որքան Նիկոլի օրոք: Այդ գումարները բա պետք է փակվի, չէ՞, էլ չեմ խոսում իրենց պարգևավճարների մասին, այդ ամենը գիտե՞ք՝ ինչ ծանր բեռ են բյուջեի համար: 

Այս ամենին էլ գումարած տնտեսության մեջ որևէ դրական փոփոխություն չարեցին, նույն օլիգարխիկ համակարգն է մնացել: Տնտեսության չափերը մեծացել են՝ Ռուսաստանից եկող այդ միլիարդավոր դոլարները, բայց դա ոչ թե արդար ձևով բաշխվում է, այլ միայն մեծացել է օլիգարխների բաժինը, մեր գործարարներն էլ թողնում գնում են, իսկ այդ բեռը մնում է քաղաքացիների ուսերին, ու հենց քաղաքացիներից էլ հավաքում է: Նույն կերպ կառավարվում է Ռուսաստանը, մենք նույն քաղաքական, տնտեսական հոգեբանության մեջ ենք ապրում:

– Բայց իշխանությունն ասում է, որ մենք ժողովրդավար ենք, գնում ենք դեպի Եվրոպա…

– Դե ստում են, հարգելի՛ս, ինչ ասես, ինչ ուզում՝ ասում են: Գնացել է Դավոս, «Խաղաղության խաչմերուկ» է ասում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քրքջում է, ամբողջ աշխարհը կռիվ է տալիս միմյանց դեմ՝ տարբեր նպատակներով, ինքը աշխարհին դեմ գնալով խաղաղության խաչմերուկ է փորձում առաջ տանել: 

Անլուրջ են վերաբերվում իրեն նաև աշխարհում, ոչ միայն երկրի ներսում: Գնում են Ամերիկա, մի թղթի կտոր են ստորագրում, որն ընդամենը հանձնաժողովի կանոնադրություն ստեղծելու մասին է, այստեղ արդեն ասում են՝ վե՛րջ, մենք ԱՄՆ-ի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ամեն ինչ փայլուն է: Այսինքն՝ այս մարդիկ ստախոս ու անլուրջ են, Հայաստանում քաղաքականությունը վարվում է ստախոսության հիմքով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am