«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը
– Պարո՛ն Մխիթարյան, անցնող տարում կրթության ոլորտն ի՞նչ առաջընթաց, ձեռքբերում է գրանցել։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կրթության վիճակը: Վերջերս շատ էր խոսվում Համաշխարհային բանկի զեկույցի մասին, որն անդրադառնում էր կրթության մակարդակին, երեխաների տառաճանաչ չլինելուն և այլ հարցերի:
– Եթե կարճ ասեմ՝ անցնող տարին՝ 2024-ը, կրթության ոլորտը ավելի մեծ արագությամբ գլորեց դեպի անդունդ: Սա նշանակում է, որ անկման արագությունը գնալով մեծանում է, և դա ակնհայտ դարձավ և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության ոլորտներում։ Եվ այդ ահարկու վիճակը, որ և՛ Համաշխարհային բանկի ուսումնասիրություններն էին ցույց տվել, և՛ տեսչական մարմնի վերջին ստուգումները։
Վերջինի ստուգումների համաձայն՝ 37 տոկոս անգրագիտություն ունենք տասը տարեկանների շրջանում, եթե նկատի ունենանք, որ տարրական դասարաններում երեխաների առաջադիմությունն ավելի բարձր է լինում, քան միջին կամ ավագ դպրոցում, սա նշանակում է, որ շատ ավելի վատ վիճակ ունենք միջին ու ավագ դպրոցներում։
Բարձրագույն կրթության ոլորտում մենք նույն իրավիճակն ունենք, մեծ անդունդ, որը գոյացել է կրթության ու աշխատաշուկայի միջև, ու այդ անդունդը գնալով խորանում է, որովհետև բարձրագույն կրթությունը մի բան է, աշխատաշուկայի պահանջները՝ մեկ այլ։ Վերջին 5-6 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի 3-4 տոկոս նվազում է գրանցում բուհեր ընդունվողների թիվը, ու, փաստորեն, վերջին հինգ տարվա տվյալներով ունենք 15 տոկոսի նվազում։
– Որո՞նք են հետընթացի պատճառները։
– Մի քանի գործոն կա այս ցուցանիշներին նպաստող․ առաջինը՝ կրթության ոլորտին պետբյուջեից հատկացվող սուղ ֆինանսն է, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում բացարձակ թվերով կրթության բյուջեն ավելացել է, բայց հարաբերական, այսինքն՝ տոկոսային առումով, եթե համեմատում ենք բյուջեի աճը կրթության որակի աճին, էապես նվազել է: Դա նշանակում է, որ կրթությունը Հայաստանի համար առաջնային չէ, ու դրա համար էլ նրա բյուջեն նվազում է։ Սա ամենակարևոր գործոնն է, որն ազդում է կրթության ոլորտի վրա։
Մյուսը հանրապետությունում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտն է, երբ կրթված մարդիկ լավ չեն ապրում, ու փոխարենը ավելի լավ են ապրում այն մարդիկ, որոնք շատ կարճ կրթական կենսագրություն ունեն, ասենք՝ դպրոցն են ավարտել, կարող է՝ բուհն են ավարտել ու դրանից հետո դարձել են, օրինակ՝ նախարար, պատգամավոր կամ բիզնեսում են հաջողություն գրանցել։
Սա էապես նպաստում է նրան, որ երեխաները կրթության նկատմամբ հակում չունենան, ու բարձրագույն կրթությունը շատերի համար դառնում է ուղղակի ժամանակի կորուստ։
Երրորդը կադրային սխալ քաղաքականությունն է, կրթության ոլորտում որոշումներ են կայացնում մարդիկ, որոնք կրթության ոլորտում չունեն որևէ հետագիծ ու շատ հեռու են այդ ոլորտից, իսկ նրանց կայացրած որոշումների հետևանքով ունենք այն վիճակը, ինչի մասին խոսեցինք հենց սկզբում։
Սրանք են այդ հիմնական գործոնները, ու եթե մի փոքր բացենք, ապա ֆինանսավորման մեջ կարելի է խոսել նաև ուսուցիչների, դասախոսների աշխատավարձերի մասին, որն էլի, ակնհայտորեն, զիջում է մասնավորապես ոստիկանների աշխատավարձերին։ Մի երկրում, որտեղ ոստիկանը, բարձրագույն կրթություն չունենալով, կարող է երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան ուսուցիչը, արդեն ամեն բան պարզ է։
– Պարո՛ն Մխիթարյան, ի՞նչ առաջնային քայլեր պետք է արվեն պետական մակարդակով, որ այս հետընթացը կասեցվի, նոր արդեն վիճակը շտկելու մասին հնարավոր լինի մտածել։
– Նույն հաջորդականությամբ, ինչի մասին որպես անկմանը նպաստող գործոններ խոսեցինք, նույն հաջորդականությամբ քայլեր անենք։ Ամենաառաջինը, սակայն, որոշում կայացնողներին փոխելն է, դա կարող է լինել Կառավարության մակարդակով թե ավելի ցածր, բայց դա ուղղակի անհրաժեշտություն է, որովհետև որոշում կայացնող մարդիկ արդեն ցույց են տվել, որ այդ որոշումները հակառակ արդյունք են ունեցել ոլորտի վրա։
Երկրորդը՝ միանգամից պետք է մեծացնել կրթության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը, պետք է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, դրանով էլ կբարձրանա ուսուցչի հարգը, նրա վարկը հասարակության մեջ, ինչն էլ իր հերթին կարող է բերել որոշակի տեղաշարժերի կրթության ոլորտում։ Պետք է վերջ տալ խոսակցություններին՝ բուհերի միավորում, Ակադեմիական քաղաք, գիտական կազմակերպությունների քանդում և այլն, որովհետև դրանք սպասողական դրության մեջ են դնում ողջ կրթական համակարգը։
Ընդհանրապես մի քանի տարի չպետք է փոփոխություններ անել, որովհետև դրանք էապես ազդում են, վատ իմաստով, կրթության ողջ համակարգի վրա, եթե մենք կանգնեցնենք փոփոխությունները, այն վիճակը, որը կա, պահենք, գոնե հնարավոր կլինի զարգացման մասին մի քիչ խոսել։
– Վարչապետի տիկինը «Կրթվելը նորաձև է» կարգախոսով 2025 թվականը հայտարարել է կրթվելու տարի, հույս ունե՞ք, որ այս նախաձեռնությամբ կրթության ոլորտում իրավիճակը մի փոքր կմեղմվի։
– Ո՛չ իհարկե։ Օրինակ՝ Ակադեմիական քաղաքի մասին խոսում է վարչապետը, որը չունի բարձրագույն կրթություն ու այդպիսով վնասում է այդ գաղափարին, նույն վիճակը ձեր ասածի դեպքում է։ Պետք է այնպիսի մարդիկ խոսեն կրթության զարգացման մասին, որոնք ունեն որոշակի հետագիծ, սա շատ կարևոր է, իսկ հակառակ պարագայում այդ ամենը կարող է բոլորովին հակառակ էֆեկտը ունենալ։
Երկրորդ դիտարկումը․ նորաձևությունը որոշակի ժամանակի համար է, դա ինչ-որ մի ոճի տիրապետող ազդեցությունն է որոշակի ժամանակահատվածի համար: Եթե ասվում է, որ կրթությունը նորաձև է՝ առաջիկա մի քանի ամիսները կամ մի տարին, ապա ի՞նչ է նշանակում, դրանից հետո էլ վե՞րջ, կրթություն պետք չի՞ լինելու։ Պետք է փոխել նույնիսկ այդ կարգախոսը, որովհետև վնասակար է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am