Վաղը Երեւանում Մայդան չի լինի. «Դեմ եմ»-ը` մեծ հանրահավաքին ընդառաջ

Վաղը Երեւանում Մայդան չի լինի. «Դեմ եմ»-ը` մեծ հանրահավաքին ընդառաջ
Վաղը Երեւանում Մայդան չի լինի. «Դեմ եմ»-ը` մեծ հանրահավաքին ընդառաջ

 Մարտի 22-ին «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին, բացի «Դեմ եմ»-ի անդամներից ելույթներով հանդես կգան 4 ոչ իշխանական խմբակցությունների նեկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը չի նշանակում, որ «Դեմ եմ»-ը մտնում է քաղաքական դաշտ. «Ժիրայր Սեֆիլյանին և Նիկոլ Փաշինյանին հրավիրել ենք, քանի որ նրանք ունեն ասելիք և շարժման ընթացքում մեզ շատ են աջակցել»:

Բանախոսները հերքեցին այն տեղեկությունները, թե որոշ քաղաքական ուժեր դեմ են եղել Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությանը հանրահավաքին: «Մենք բոլորի հետ քննարկել ենք միայն իրենց մասնակցության հետ կապված հարցեր»,- ասաց Դավիթ Մանուկյանը:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքերին, թե մարտին 28-ին Հայաստանում հնարավոր է Մայդան, ի պատասխան նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը նշեց, որ նման բան հնարավոր չէ. «Մենք պայքարում ենք միայն օրենքի և իրավունքների սահմաններում: Մեր շարժման և Մայդանի միջև զուգահեռներ տանելը ես ճիշտ չեմ համարում, քանի որ այնտեղ օրակարգում լրիվ ուրիշ հարցեր էին»:

Դավիթ Մանուկյանն էլ հավելեց, որ համեմատությունը ճիշտ չէ նաև այն պատճառով, որ մեր հասարակության երկու հատվածները իրար դեմ դուրս գալու ոչ մի պատճառ չունեն:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երկխոսության առաջարկին՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քննարկման թեմա կարող է լինել միայն պարտադիր բաղադրիչի հեռացումը. «Եթե կստանանք հրավեր այդ հարցի շուրջ բանակցելու, մենք միշտ պատրաստ ենք: Մնացած կետերը քննարկելը մենք անիմաստ ենք համարում»:

Եթե ի վերջո ՀՀ սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի սահմանադրական, դա չի նշանակի, որ «Դեմ եմ»-ի պայքարն ավարտվել է: Դավիթ Մանուկյանի խոսքերով՝ «դա կնշանակի, որ մենք սպառեցինք խնդիրը լուծելու ինստիտուցիոնալ հարթակները: Կմնան միայն ոչ ինստիտուցիոնալ հարթակները. փողոցների փակում, բանկային գումարների կանխիկացում և այլն»:

«Մեդիա Կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=v62xrxKxK88