Համավարակ, պատերազմ, հուսալքություն, ապագա. Ի՞նչ ազդեցություն են ունեցել զարգացումները երիտասարդների վրա

ՀՅԴ երիտթեւի բողոքի ակցիան (Փետրվար 2022)

Հայաստանում մասնագետներն ուսումնասիրել են 2020-2021 թվականներին կորոնավիրուսի համավարակի և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով 16-24 տարեկան երիտասարդների մոտ հոգեկան առողջության խնդիրները, դրանց դրսևորման ձևերը, կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները, մտահոգությունները։ 

«Այս իրավիճակում հնարավոր են հոգեկան առողջության խաթարումներ թե՛ ամբողջ ազգաբնակչության, թե՛, մասնավորապես, երիտասարդների շրջանում, որոնք առավել զգայուն են փոփոխությունների նկատմամբ և առավել խոցելի են տվյալ իրավիճակում։ Հետազոտության նպատակն է վերհանել հոգեկան առողջության խնդիրները, որոնք պայմանավորված են Covid-19-ի և Արցախում ռազմական գործողությունների հետևանքներով՝ ի նպաստ դեռահասների և երիտասարդների բարեկեցության և բնականոն զարգացման»,-նշված է հետազոտության մեջ։

Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ-Հայաստան) հիմնադրամը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից (UNFPA) ֆինանսավորվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում։

Հետազոտության տվյալները հավաքվել են 2020 թ. դեկտեմբերի 12-ից 2021 թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Քանակական հարցմանը մասնակցել է 16-24 տարեկան 1000 երիտասարդ ՀՀ բոլոր մարզերից:

Համապետական ներկայացուցչական հետազոտության համաձայն՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններն ազդել են երիտասարդների բնականոն կյանքի և գործունեության վրա։ 

Մասնավորապես, երիտասարդների 58%-ը նշել է, որ Արցախում ռազմական գործողությունները մեծապես խանգարել են իրենց բնականոն կյանքին, իսկ 26%-ը նշել է, որ դրանք որոշ չափով են խանգարել իրենց: 

«Վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով երիտասարդները ամենից շատ ունեցել են ընկճվածության և հուսալքության զգացում (62%), հետաքրքրության և հաճույքի պակաս՝ արված աշխատանքից (60%), հոգնածություն, էներգիայի կորուստ (58%)»,-նշված է հետազոտության մեջ։ 

Ինչ վերաբերում է համավարակին, ապա հարցման մասնակիցների 26%-ն է նշել է, որ քովիդը մեծապես խանգարել է իրենց բնականոն կյանքին և գործունեությանը, իսկ 39%-ի դեպքում՝ որոշ չափով է խանգարել։ Ընդ որում՝ քովիդը «մեծապես խանգարել» է աղջիկներին՝ 31 տոկոս, տղաներին՝ 21 տոկոս: 

Կորոնավիրուսի համավարակը հատկապես ազդել է երիտասարդների դասերի կազմակերպման մոտեցումների և սոցիալական շփումների վրա։ Երիտասարդների 47%-ը որպես ամենամեծ ազդեցություն նշել է անցումը հեռավար կրթությանը, 37%-ը՝ սոցիալական շփումների սահմանափակումը և 35%-ը՝ ազատ տեղաշարժման սահմանափակումները։ 

Հարցվածների 30%-ը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ունեցել է աշխատանքի կամ եկամտի կորուստ։ Աշխատանքի և եկամտի կորուստ ավելի շատ ունեցել են արական սեռի ներկայացուցիչները՝ 34%, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ 26%: Հետաքրքրական է, որ անցումը հեռավար կրթությանը ավելի շատ անհանգստացրել է իգական սեռի ներկայացուցիչներին՝ 59%, քան՝ արական սեռի ներկայացուցիչներին՝ 35%։

Ի տարբերություն կորոնավիրուսի համավարակի ազդեցությանը, հարցված երիտասարդների կեսից ավելին՝ 68%-ը, որպես Արցախում ռազմական գործողությունների ամենամեծ ազդեցություն, նշել է շրջապատից որևէ մեկի մահը, որից 55%-ը՝ ընկերների, գործընկերների և այլ ծանոթների, իսկ 13%-ը՝ ընտանիքի անդամի կամ ազգականի։ 

Երիտասարդների 10%-ի համար ամենամեծ ազդեցությունը աշխատանքի կամ եկամտի կորուստն է, իսկ 7%-ի համար հաշմանդամության, քրոնիկ հիվանդության սպառնալիքը։

Ինչ վերաբերում է Արցախում 2020-ի ռազմական գործողությունների հետևանքներին, ապա, ըստ հետազոտության, երիտասարդներին ամենաշատը մտահոգել է բացասական սոցիալ-տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա՝ 66% և իրենց ու իրենց ընտանիքի անվտանգությունը՝ 65%։ 

Հարցված երիտասարդների համար մտահոգիչ է նաև իրենց ու իրենց ընտանիքի ապագայի անորոշությունը՝ 58%։ Հարցվածներն ամենաքիչը մտահոգված են ընտանիքի անդամների/հարազատների հետ ներքաղաքական հարցերի շուրջ տարաձայնություններով (46%` «ընդհանրապես չի մտահոգում»)։

Հարցվածների մեծ մասը՝ 93%-ը, նշել է, որ անձամբ իրենք կամ իրենց շրջապատից որևէ մեկը ներգրավված է եղել 2020-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններում։ Այն հարցին, թե մասնավորապես ո՛վ է ներգրավված եղել, երիտասարդները մեծ մասամբ նշել են՝ ընկերները՝ 70%, ազգականները կամ բարեկամները՝ 63%:

Նույն հետազոտության համաձայն՝ հարցված երիտասարդների մեծ մասը՝ 41%-ը, երկարաժամկետ հեռանկարում երազում է երկրում խաղաղության մասին, 19%-ը՝ Հայաստանում ապրելն ավելի անվտանգ լինելու, 15%-ը՝ ընտանիք կազմելու, իսկ 12%-ը՝ Հայաստանում աշխատանք գտնելու մասին:

Հատկանշական է, որ մարզաբնակ երիտասարդներն ավելի շատ են ցանկանում, որ երկրում խաղաղություն լինի․ գյուղաբնակ երիտասարդների 40%-ն է նշել, որ ցանկանում է երկրում խաղաղություն տիրի, այլ քաղաքներում բնակվող հարցվածների՝ 55%-ը, իսկ երևանաբնակների միայն 30%-ը:

«Նման պայմաններում էլ ավելի է առաջանում երիտասարդների հոգեկան առողջությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման անհրաժեշտություն։ Անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցառումների իրականացում և հոգեկան առողջության վերաբերյալ հանրային քաղաքականության բարելավում: Ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնական փաստաթղթում երիտասարդների հոգեկան առողջության վերաբերյալ պետական որևէ քաղաքականություն և ռազմավարություն ձևակերպված չէ»,-առաջարկում են հետազոտության հեղինակները։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am