Քննարկում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի վրա գտնվող ծառերի, տնկիների եւ այլ բույսերի հատումների վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի ու Նիկոլայ Բաղդասարյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի վրա գտնվող ծառերի, տնկիների եւ այլ բույսերի հատման օրենսդրական կարգավորման անհրաժեշտությանը:

Մասնակցում էին Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Ազարյանը եւ Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ քաղաքականության վարչության ներկայացուցիչ Արամ Աղասյանը:

Հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություն, սակայն դրա համար պետք է ավելի խորքային ուսումնասիրություն:

ԱԺ պատգամավոր  Մերի Գալստյանը նշեց, որ անհրաժեշտ են համարում օրենսդրորեն կարգավորել մասնավոր սեփականություն հանդիսացող, միաժամանակ  հանրային կամ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում  ծառահատման սահմանափակումները՝ կարեւորելով հանրային շահի եւ  մասնավորի իրավունքների ճիշտ հավասարակշռությունը: Այս բացը կարգավորելու նպատակով պատգամավորները հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանի եւ Շրջակա միջավայրի նախարարության հետ քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո:

ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ իրենց նպատակն է իրականացնել մասնավոր սեփականության, բայց հանրային շահ ներկայացնող, ընդհանուր օգտագործման, հասանելիության ու կիրառելիության  հարակից տարածքներում ծառահատման սահմանափակումներ: