«Էլ հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին». Փաստաբանը ուժային կառույցների ղեկավարների դեմ հաղորդում է ներկայացրել դատախազին

Փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ուժային, իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից հայ զինվորի նկատմամբ հանցագործություն կատարելու հիմքով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Այդ կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազին էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրանց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության, ՀԱՅ զինվորի և ՀԱՅ ժողովրդի նկատմամբ մի շարք հանցագործություններ կատարելու ակնհայտ հատկանիշների վկայակոչմամբ։

Ակնհայտ է, որ այս հանցագործությունները նաև ավելի բարձր պաշտոնյաներ են կատարում, սակայն նրանց հնարավոր կլինի հասնել այս անձանց միջոցով։ Էլ հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին, ստին, կեղծիքին և ինչ-որ անհայտ ծագում ունեցող շնչավոր էակների կողմից մեզ անուղեղ զանգվածի տեղ դնող հայտարարություններին։

Մեր Հայրենիքը և ՀԱՅ ժողովուրդը ծայրահեղ վատ դրության և վտանգի մեջ է, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Սակայն վերջին ժամանակների իրադարձություններն ակնհայտորեն վկայում են, որ գործող իշխանությունները զբաղված են ոչ թե այդ վտանգը չեզոքացնելով, այլև՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով հանրությանը մոլորեցնելով, ակնհայտ իրական փաստերը ՀԵՐՔԵԼՈՎ, ՍՈՒՏԸ տարածելով, որից հետո ստիպված ընդունում են իրականությունը, սակայն այդ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻ, ՍՏԵՐԻ և ամենակարևորը՝ թշնամու կողմից ՀՀ տարածք անարգել ներխուժելու, ՀՀ տարածքը գրավելու, ՀԱՅ զինվորի և գյուղացու նկատմամբ բռնություն գործադրելու, սպառնալիքներ տալու և ՀՀ ինքնիշխանությունը ոտատակ տալու համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում և դրանք կանխելուն ուղղված որևէ գործողություն չի կատարվում։Մեզ վերածել են ՈՉՆՉԻ, այլևս արժանի հակազդեցության չի արժանանում ոչինչ, նույնիսկ դավաճանություն։

Վերածվել ենք մի խումբ անպիտանների և անկարողների կողմից կառավարվող զանգվածի։

ՊՆ հերքում-հաստատումից հետո պատրաստ էի գնալ Կառավարության շենքի մոտ և պահանջել վարչապետի աթոռին բազմածի հրաժարականը, գնալ նախագահական և պահանջել նախագահի աթոռին բազմածի հրաժարականը, գնալ ՊՆ շենքի մոտ և պահանջել նախարարի և գլխավոր շտաբի պետի աթոռներին բազմածների հրաժարականները, սակայն համախմբում չունենալու պատճառով դրանք դեռևս արդյունք չեն տալիս, ուստի որոշել եմ իմ մասնագիտության առումով նպաստել այդ անպիտանների հեռացմանը։

Հ․Գ․ Էլ անիմաստ իշխանություն- ընդդիմություն, լավ ու վատ, ներկա-նախկին, քաղաքականացում-չքաղաքականացում քարոզներ չանեք, Հայրենիքը վտանգի մեջ է՝ ստից խաղեր ենք տալիս»։