Ադրբեջանում կան մինչև նոյեմբերի 9-ի հայտարարությունը գերեվարված հայ ռազմագերիներ. Լավրովը սխալ է. FIP.am

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 31-ին Մոսկվայում հայաստանցի գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսվում էր այն ռազմագերիների ազատման մասին, որոնք  այդ պահի դրությամբ էին գտնվում գերության մեջ:

Մասնավորապես, լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, Լավրովը նշել է. «Ներկայում ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների այն խմբի մեծ մասին, որը գերեվարվել է նոյեմբերի վերջին՝ հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո»:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե արդյոք Սերգեյ Լավրովի պնդումը համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց ընդդեմ Արցախի: 44 օր տևած պատերազմից հետո նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն տարածեցին, որով ռազմական գործողությունները դադարեցվում էին: 

Հայտարարություն 8-րդ կետում նշվում էր, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Դեկտեմբերի 14-ին հայրենիք վերադարձավ հայ գերիների ամենամեծ՝ 44 անձից բաղկացած խումբը:

Դեկտեմբերի 16-ին հայտնեցին, որ օրեր առաջ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին  Թաղերի գյուղերի հատվածում գերեվարվել են ավելի քան 60 հայ զինծառայողներ:

Fip.am-ը կապ հաստատեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ պարզելու, թե արդյոք Բաքվում մինչև այժմ պահվող գերիների թվում կան անձինք, որոնք գերեվարվել են մինչև նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Գրասենյակից հայտնեցին, որ Բաքվում պահվում են առնվազն երկու անձինք՝ Ալյոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը, որոնք երկուսն էլ գերեվարվել են պատերազմի օրերին` մինչև հայտարարության ուժի մեջ մտնելը:

Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերին 20-ին, իսկ Ալյոշա Խոսրովյանը՝ հոկտեմբերի 3-ին։  

Բաքվում նրանց դեմ սկսվել էր դատական գործընթաց, որով նրանք մեղադրվում էին 90-ականների պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիների խոշտանգելու մեջ: Մկրտչյանը և Խոսրովյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Եվրադատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանույշ Սահակյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ գերեվարվել և մինչև այժմ բռնի կերպով այնտեղ է պահվում 5 անձ. « Նոյեմբերի 9-10 սահմանային օր կա. մի մասը լուսադեմին են գերեվարվել: Փաստացի ամբողջ ծավալով գործողությունները դադարեցված չեն եղել: 3 հոգին սահմանային օրվա ընթացքում են գերի վերցվել: Վիճելիություն կա այդ հարցում. ուժի մեջ մտե՞լ էր  զինադադարը, թե՝ ոչ»:

Նշենք, որ անմիջապես զինադադարի հաստատումից հետո Շուշիում գերեվարվեցին լիբանանահայ Մարալ Նաջարյանը և Վիգեն Էուլջեքյանը:

Նույն օրը Բերձորից Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել էին նաև «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը:

Ամիսներ անց՝ մարտի 11-ին Մարալ Նաջարյանը ազատվել է գերությունից:

Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի դեմ դատավարություններ են ընթացել Ադրբեջանում: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը մեղադրվել է վարձկանության ու ահաբեկչության մեջ և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Լրտեսության մեջ մեղադրվող Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը դատապարտվել են 16 տարվա ազատազրկման: 

Սիրանուշ Սահակյանը նշեց նաև, որ ներկայումս պաշտոնապես հաստատված 45 գերի կա Ադրբեջանում: Այս անձինք անցել են դատավարություն և նրանց առնչությամբ, ըստ փաստաբանի, կան ապօրինի դատավճիռներ, որոնցով նրանք ազատազրկման են ենթարկվել:

Սակայն գերիների իրական թիվը դեռևս հստակ չէ. «Մենք տվյալներ ունենք, որ պաշտոնապես չհաստատված այլ գերիներ ևս ապօրինի պահվում են, ուղղակի թվերը թաքցվում են»:

Խախտվել է հայտարարության այլ կետ ևս

Հատկանշական է նաև, որ Խծաբերդում և Հին Թաղերում մի քանի տասնյակ հայ զինծառայողների գերեվարումը նույնպես հակասում էր նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ, ըստ  փաստաթղթի առաջին կետի, կողմերը կանգ էին առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում չէր կարողացել գրավել այդ երկու գյուղերը: Դրանք շարունակում էին մնալ հայկական ուժերի վերահսկողության տակ, իսկ ռուս խաղաղապահները պետք է ժամանեին այնտեղ: Սակայն փաստացի ադրբեջանական բանակը խախտել էր համաձայնությունը զինադադարից հետո և դեկտեմբերի 12-ին ռազմական գործողություններ էր իրականացրել, որի հետևանքով սպանվել և գերեվարվել էին հայ զինծառայողներ: Ի դեպ, այդ հատվածում գերեվարվածներից մի քանիսը վերադարձել են հայրենիք

Այսպիսով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պնդումը, թե Ադրբեջանում այժմ պահվում են միայն նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձինք սխալ է: Կա առնվազն 2 գերի, որոնք  գերեվարվել են հոկտեմբերին: Բացի այդ, կա ևս 3 անձ, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի լույսի 10-ի գիշերը, երբ դեռ պարզ չէր, թե հայտարարությունը ուժի մեջ մտել է, թե՝ ոչ:

Փաստերի ստուգման հարթակ