Սկսել են նույնիսկ հետապնդել սոցցանցերում հակաիշխանական մեկնաբանություններ գրող իրավապաշտպաններին. հայտարարություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը.

ՀԵՏՈ ՉԱՍԵՔ՝ ԶԳՈՒՇԱՑՎԱԾ ՉԷԻՆՔ

Վերջին օրերին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ահազանգեր է ստանում, որ նախընտրական փուլը դեռ չսկսած, հայրենի իրավապահներն ընդդիմադիր հայացքների համար շինծու մեղադրանքներ են հարուցում այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ, քաղաքական հետապնդումների ենթարկում և զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների այն աշխատակիցներին, ովքեր օբյեկտիվորեն չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները:

Բանը հասել է այնտեղ, որ սկսել են նույնիսկ հետապնդել սոցիալական ցանցերում հակաիշխանական մեկնաբանություններ գրող իրավապաշտպաններին: Իրենց նպատակներին հասնելու համար ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ կոպտորեն խախտելով և ոտնահարելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը՝ օր ու գիշեր զբաղված են դատարաններից, այսպես կոչված, «գաղտնալսումներ», այն է՝ «ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառումների թույտվություններ (դատարանի որոշումներ) կորզելով:

Ցանկանում ենք հիշեցնել մեր իրավապահներին, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված մի քանի միջոցառումներ, այդ թվում նաև վերը նշվածները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրած խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:

Բացի այդ պետք է ստացված լինեն հավաստի օպերատիվ տվյալներ, որ կատարվել կամ նախապատրաստվում է իրականացնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, այսինքն՝ դատարանին չպետք է այդ իմաստով մոլորեցնել, թե իբր այս կամ այն անձը, ում քաղաքական ակտիվության, դիրքորոշման հետևանքով ցանկանում են վերահսկել, կասկածվում է հանցագործության կատարման մեջ:

Անցնենք ամենագլխավորին: Բոլոր այն դատավորները և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու որոշում կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինների ղեկավարները, ովքեր կխախտեն գործող օրենսդրությունը, պետք է հաշվի առնեն վերոգրյալը՝ գիտակցելով, որ շատ շուտով պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ:

Հուսով ենք՝ բոլորդ եք հասկանում, թե ինչպիսի մանրակրկիտ ստուգման են ենթարկվելու այդ միջոցառումների իրականացման թույլտվությունը ստանալու բոլոր հիմքերը, և որ նման որևէ դեպք դուրս չի մնալու տեսադաշտից:

Իսկ հիմա պատմական փոքրիկ էքսկուրս մեր հարևան երկրի ոչ վաղ անցյալից. Միխայիլ Սահակաշվիլիի վերջին ընտրություններում պարտությունից հետո Վրաստանի իրավապահ մարմինների մի քանի տասնյակ բարձրաստիճան աշխատակիցներ, որոնցից մի քանիսին, համոզված ենք, անձնապես ճանաչել եք նաև դուք, իշխանափոխությունից հետո ենթարկվեցին քրեական պատասխանատվության և հայտնվեցին կալանավայրերում հենց ապօրինի, անհիմն գաղտնալումներ իրականացնելու համար:

Հետո չասեք՝ չէիք զգուշացրել»: