Հուսով ենք, որ մեր երկիրը կվերադառնա ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին. «Եվրոպական ընտրության» հայտարարությունը

Հուսով ենք, որ մեր երկիրը կվերադառնա ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին. «Եվրոպական ընտրության» հայտարարությունը
Հուսով ենք, որ մեր երկիրը կվերադառնա ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին. «Եվրոպական ընտրության» հայտարարությունը

«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խմբի հայտարարությունը` ստորեւ

2014 թվականի հունիսի 27-ին Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը հաջողությամբ ավարտեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման գործընթացը:

Մենք ողջունում ենք Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում Հայաստանի հետ ընդգրկված երեք երկրների առաջընթաց քայլը: Այն դիտարկում ենք որպես ինքնիշխանության կամքի վկայություն, գնահատում, որպես քաղաքական եւ քաղաքակրթական նշանակալի եւ բեկումնային փոփոխություն, անվտանգության ու կայունության կարեւոր գրավական` հետխորհրդային տարածքի մի զգալի մասում:

Միաժամանակ, խորն ափսոսանք ենք հայտնում Հայաստանի իշխանության հայտնի որոշումների հետեւանքով այդ առաջընթացին մաս կազմելու հնարավորությունը ոչ միայն բաց թողնելու, այլ նաեւ եվրոպական ինտեգրացիայի ուղուց դեպի Եվրասիական անհեռանկարային միություն շեղվելու կապակցությամբ:

Այդուհանդերձ, համարում ենք, որ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի քայլը՝ լինելով այդ երկրների ժողովրդավարացման ու արդիականացման գործընթացի նոր խթան, ուսանելի փորձի եւ գործնական նախաձեռնությունների կամուրջ կհանդիսանա Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ մյուս երկրների, այդ թվում եւ հատկապես Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի ուղին ընտրող հասարակական-քաղաքական կառույցների համար:

Լինելով այդպիսի կառույցներից մեկը Հայաստանում՝ «Եվրոպական ընտրություն» նախաձեռնությունն իր հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունն է հայտնում՝ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի համախոհների հետ գործակցությունը զարգացնելու գործում՝ համարելով դա Եվրամիության հետ Հայաստանի համակողմանի հարաբերության սերտացման եւ բովանդակային հարստացման նոր հնարավորություն:

Հույս ենք հայտնում, որ մեր երկիրը կվերադառնա ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին՝ հաստատելով իր ձգտումը դեպի ինքնիշխանության ամրապնդում, բարեփոխումներ, եւրոպական արժեքային համակարգ եւ միջազգային լայն ինտեգրում, որ հիմնված է փոխադարձ հարգանքի ու միմյանց շահերի համատեղման վրա:

Նախաձեռնող խումբ՝
Գայանե Առուստամյան
Հակոբ Բադալյան
Լևոն Բարսեղյան
Աղասի Ենոքյան
Զարուհի Հովհաննիսյան
Նազենի Ղարիբյան
Բորիս Նավասարդյան
Աննա Շահնազարյան
Արթուր Սաքունց