Ջերմ ողջույննե՞ր, թե՞ մտահոգություն է փոխանցել Արամ Ա-ն. էական տարբերություն` կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունների միջև. Factor.am

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը»,- նշված է ՀՀ կառավարության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Կառավարության կողմից տարածված ձևակերպումները, ըստ որոնց՝ Արամ Ա կաթողիկոսը «ջերմ ողջույններ ու օրհնություն» է փոխանցել Փաշինյանին, ուշադրություն են գրավում հատկապես այս օրերին Հայաստանում հոգևորականների դեմ իրականացվող գործընթացների ֆոնին։

ՀՀ կառավարության հաղորդագրությունից էականորեն տարբեր բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։ Անթիլիասում գործող կաթողիկոսությունը հայտնում է, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից վարչապետին է փոխանցել իր մտահոգությունները հոգևորականների ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին հիշատակում չկա Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ «Շահան սրբազան, յանուն Արամ Ա. Կաթողիկոսին, իր մտահոգութիւնը յայտնեց ներկայ կացութեան գծով եւ շեշտեց եկեղեցի-պետութիւն գործակցութեան կարեւորութիւնը։ Միաժամանակ ան արծարծեց հոգեւորականներու ձերբակալութեան հարցը եւ այդ գծով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»,- ասված է Անթիլիասի տարածած հաղորդագրությունում։

Միաժամանակ նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը հանդիպումներ է ունենալու նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Հիշեցնենք՝ այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել է։ Նա մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: Թեմի առաջնորդից զատ ձերբակալված են նաև Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը և Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահը։