«ԵԱՀԿ Մինսկի խմբի մեսիջը հստակ է. ձևաչափի փոփոխությունը և նախապայմանն անընդունելի են». Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկի՛ն Զոհրաբյան, Արցախում առաջին անգամ տեղի ունեցավ անվտանգության խորհրդի համատեղ նիստ: Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ի՞նչ ուղերձներ է հղում այս նիստը:

– Ես շատ կարևորում եմ, որ առաջին անգամ այս տարիների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա ուղերձ է և՛ Ադրբեջանին, և՛ միջազգային հանրությանը, որ Արցախի հարցում մենք միասնական ենք, և, որ ամենակարևորն է, արցախյան կոնֆլիկտի թիվ մեկ կողմն ու որոշողը Արցախի ժողովուրդն է լինելու: Առանց Արցախի ժողովրդի Արցախի հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունելի լինել:

– Այդ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը ինչպե՞ս եք գնահատում:

– Այդ ելույթում հնչած որոշ ուղերձներ հստակ էին, բայց որոշ հարցեր մեզ համար բաց մնացին: Վարչապետը խոսեց Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների, այն է՝ ուժի չկիրառում ու ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:

Նա նաև խոսեց Մադրիդյան սկզբունքների վեց տարրերի մասին՝ նշելով, որ յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանում այդ դրույթները՝ տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ, տեղահանվածների վերադարձ, այնուհետև ինչ-որ անհասկանալի ժամկետում իրավական ուժ ունեցող կամարտահայտություն համայնքների մասնակցությամբ:

Ադրբեջանի տեսակետը մեզ համար պարզ է, Ադրբեջանն ամեն օր իր տեսակետն ասում է, որ առաջին քայլը պետք է լինի հարակից տարածքների վերադարձը: Մենք Նիկոլ Փաշինյանի ելույթից այդպես էլ չհասկացանք՝ հայկական կողմի համար այդ վեց դրույթների մեկնաբանելիությունն ինչպիսի՞ն է:

– Նիկոլ Փաշինյանը հստակ հարցադրում արեց՝ «իսկ Հայաստանի Կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող երեք սկզբունքները և վեց տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք»:

– Ինքը պետք է տար այդ հարցի պարտասխանը, հարցն ո՞ւմ էր ուղղված: Ես կարծում եմ՝ հարցն ուղղված էր հենց Հայաստանի Կառավարությանը, հարց, որի պատասխանին սպասում է ամբողջ հայ ժողովուրդը և նաև քաղաքական դաշտը՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո: Այո՛, մենք ուզում էինք ստանալ հնչեցված հարցի պատասխանը՝ Հայաստանի Կառավարությունն ընդունո՞ւմ է այդ դրույթները, թե՞ ոչ: Հարցը հնչեց, բայց պատասխանը չտվեց: Սա է, որ մեզ մտահոգում է:

– Ի՞նչ եք կարծում՝ Արցախի հիմնախնդրի հարցում նոր փո՞ւլ է սկսվում, իրավիճակը վտանգավոր կարելի՞ է համարել:

– Քանի որ մենք բանակցային գործընթացին տեղյակ չենք, ես չեմ կարող ինձ իրավասություն վերապահել՝ ասելու, որ նոր փուլ է սկսվում: Կարող է պարզվել, որ ընդհանրապես որևէ փուլ չի սկսվում: Եվ ինչպես նշեց վարչապետը, Ալիևի հետ իր առաջիկա հանդիպումը որևէ հստակ օրակարգ չի ունենալու: Ուստի, ես կարծում եմ այդ հարցին պետք է պատասխանեն մեր արտաքին գործերի նախարարությունը և անձամբ վարչապետը:

Ի դեպ, ասեմ, որ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնական նամակով արդեն դիմել է արտաքին գործերի նախարարին: Պատրաստվում ենք նրան հրավիրել խմբակցություն՝ ստանալու նաև այդ հարցի պատասխանը:

– Այս իրավիճակում հայկական կողմի անելիքը ո՛րը պետք է լինի:

– Երբ որ մենք կունենանք շատ ավելի հստակ տեղեկատվություն բանակցային գործընթացի վերաբերյալ, ընդհանրապես կիմանանք՝ բանակցային գործընթաց կա, թե՞ չկա, քննարկման օրակարգ կա, թե՞ ոչ, այն ժամանակ կարող ենք ասել, թե ի՛նչ պետք է անի հայկական կողմը: Եթե մենք ունենք զրոյական տեղեկատվություն, ես դժվարանում եմ ձեր հարցին պատասխանել:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում: Այն ավելի շատ ուղղված էր հայկական կողմին, թե՞ ադրբեջանական:

– Ես կարծում եմ, որ այնտեղ և՛ Հայաստանին ուղղված ուղերձ կար, և՛ Ադրբեջանին: Մեր արտաքին գործերի նախարարությունը թող փորձ չանի օտարվել այդ հայտարարությունից և ասել, թե այնտեղ Հայաստանին ուղղված մեսիջ չկար: Հստակ է մեսիջը, որ ձևաչափի փոփոխությունը և նախապայմանն անընդունելի են: Դա ուղղված էր Հայաստանին, քանզի Հայաստանի վարչապետն է հստակ ու, իմ կարծիքով՝ շատ արդարացի օրակարգ առաջ քաշել, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Իսկ ռազմական հռետորաբանությունը, ինչպես միշտ, ուղղված էր Ադրբեջանին:

– Այսինքն, ըստ ձեզ, այդ հայտարարությամբ Մինսկի խումբը մերժո՞ւմ է ՀՀ վարչապետի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու առաջարկը:

– Եթե իրենք ասում են, որ նախապայմանն անընդունելի է, նշանակում է՝ իրենք այդ պահին դա խոչընդոտ են համարում բանակցային գործընթացի շարունակականությանը: Եվ այդ հարցի պատասխանն էր նաև, որ մենք երեկ կուզեինք ստանալ անվտանգության խորհրդի համատեղ նիստից հետո, ինչը ևս չստացանք:

– Բայց հայկական կողմը պետք է պնդի՞ իր դիրքորոշումը՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում:

– Միանշանակ այո՛, որովհետև Արցախի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը, և Արցախը պետք է անպայման ներգրավված լինի բանակցություններին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am