«Բայդենը իր առջև դրել է Ռուսաստանը կառավարելիության դաշտում պահելու խնդիր». Հակոբ Բադալյանը՝ Պուտին-Բայդեն հանդիպումից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Պուտին-Բայդեն հանդիպումը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նրանց հարաբերությունները բավականին լարված էին:

– Համենայնդեպս, նախագահները հանդիպումից հետո դրական տրամադրվածությամբ արտահայտվեցին հանդիպման մասին, բայց գնահատել այն ու դրա բովանդակությունը հետո արված հայտարարություններով, թերևս այդքան էլ ճիշտ չէ, և դրանք այնքան էլ ամբողջական չեն արտահայտելու զրույցի բովանդակությունը:

Այն, որ կողմերը որոշել են դեսպաններին վերադարձնել մայրաքաղաքներ, վկայում է, որ, այնուամենայնիվ, որոշակի գործնական ընթացք հանդիպումը կարող էր ստանալ, որը միտված կլինի լարվածությունը թուլացնելուն կամ որոշակի ժամանակային միջավայրում խաղի և վարքագծի կանոնների շուրջ ընդհանուր ինչ-որ հայտարարի գալուն:

Այս տեսանկյունից սա կարող է որոշակիորեն նպաստավոր լինել նաև Հայաստանի համար, քանի որ այդ երկրների լարվածության և Ռուսաստանի շուրջ օղակի սեղմման գործընթացը բավական սուր է անդրադառնում թե՛ Կովկասի, թե՛, մասնավորապես, Հայաստանի վրա:

Ամերիկա-ռուսական լարվածության թուլացման ցանկացած միտում մեզ համար հավելյալ քաղաքական, դիվանագիտական աշխատանքի դաշտ ընդլայնող գործոն է, որից կարող ենք օգտվել նաև մենք՝ համապատասխան աշխատանք իրականացնելու կարողության դեպքում:

Իսկ ռազմավարական կայունության վերաբերյալ ընդունած համատեղ հայտարարությունը որքանո՞վ կարող է Հայաստանի համար օգտակար լինել:

– Դա վերաբերում է հեռահար սպառազինությանը, հրթիռային պոտենցիալին, որի վերաբերյալ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը երկար ժամանակ քննարկումների մեջ են, պայմանագրեր կան ստորագրված:

Սա մեծ հաշվով միջուկային ամենամեծ զինանոցն ունեցող երկու երկրների քննարկում է, որն ուղիղ իմաստով Հայաստանին իհարկե չի առնչվում, բայց, ինչպես նշեցի, ընդհանուր միջազգային մթնոլորտի տեսանկյունից, անշուշտ, սա ևս կարևոր է մեզ համար հենց այդ լիցքաթափման տեսանկյունից:

Մեզ համար Պուտին-Բայդեն հանդիպումն ուշադրության է արժանի դրան նախորդած որոշակի համատեքստում. ինչպես գիտենք, մինչ այդ տեղի ունեցավ Բայդենի հանդիպումն Էրդողանի հետ, Բայդենի մասնակցությամբ տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի վեհաժողովը, նաև Եվրամիություն-ԱՄՆ վեհաժողովը, որոնց ընթացքում շոշափվող առանցքային թեմաներից մեկը Կովկասն էր և արցախյան հարցը:

Այս տեսանկյունից մեզ համար առանցքային հետաքրքրություն է ներկայացնում այն, թե Կովկասի ուղղությամբ որքան ավելի ակտիվ կարող են լինել ԱՄՆ-ն և Եվրամիությունը՝ սրանով իսկ թույլ չտալով, որ այստեղ հաստատվի ռեգիոնալ կառավարման ռուս-թուրքական ձևաչափը, որը, մենք գիտենք, մեզ համար որքան վտանգավոր և, մեղմ ասած, ոչ շահեկան ձևաչափ է:

Այս տեսանկյունից, իհարկե, Պուտին-Բայդեն հանդիպման առումով՝ մեզ հետաքրքրող հարցը դա է, արդյոք այստեղ կա՞ն քննարկումներ ռեգիոնալ կառավարման որոշակիորեն նոր ձևաչափերի շուրջ, որոնց Հայաստանը պետք է պատրաստ լինի:

Պարո՛ն Բադալյան, այս հանդիպումից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները դրական մոտիվներո՞վ կընթանան, եթե հաշվի առնենք նաև միջազգային մամուլի անդրադարձն այդ հանդիպմանը:

Սպասել, որ լարվածությունն իսպառ թոթափվելու է, և ռուս-ամերիկյան հարաբերություններն անցնելու են կառուցողական փուլ, այդքան էլ իրատեսական չէ:

Բայդենը, մեծ հաշվով, իր առջև դրել է ոչ թե այդպիսի խնդիր, այլ Ռուսաստանը կառավարելիության դաշտում պահելու խնդիր, որի դիմաց գուցե նաև Պուտինին ուղղված որոշակի ռևերանսներ թույլ տա:

Այդպիսի ռևերանս էր նաև այս հանդիպման համաձայնությունը, որովհետև Պուտինի համար չափազանց կարևոր է Ռուսաստանի ներսում ներկայացնել, որ իրեն հաշվի են առնում, որ ինքը աշխարհի ճակատագրեր որոշողների շարքում է, մեկուսացված ու անտեսված չէ: Այդ հնարավորությունը տալով Պուտինին՝ միգուցե Բայդենն ակնկալում էր նրանից ստանալ որոշակի հավաստիացումներ կառավարելի վարքագծի և ապակայունացման նոր օջախներ թույլ չտալու իմաստով:

Հայաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի շեշտադրումներով է այս հանգամանքը վերաբերել Կովկասին:

Արդյոք Կովկասի հանդեպ և՞ս կա ստատուս քվոն ճանաչելու տրամադրվածություն ԱՄՆ-ի մոտ, թե, այդուհանդերձ, ԱՄՆ-ն պատրաստ է վիճարկել Կովկասում Արցախի դեմ պատերազմով ձևավորված ստատուս քվոն:

Պաշտոնական Երևանի համար շատ կարևոր է առաջիկայում առավելագույնս իրազեկվել, թե ինչ շեշտադրումներով են քննարկումներ եղել այդ թեմաներով Պուտին-Բայդեն հանդիպմանը:

Պարո՛ն Բադալյան, իսկ պաշտոնական Մոսկվան կո՞ղմ է, որ ԱՄՆ-ն, ինչու ոչ՝ նաև Ֆրանսիան, Կովկասում, մասնավորապես, Արցախի հարցի կարգավորման գործընթացում ակտիվ մասնակցություն ունենան:

– Այն միարժեք պատասխան չունի, որովհետև կախված է բազմաթիվ գործոններից: Նկատելի է այն, որ Ռուսաստանը զգալիորեն թուլանում է իր աշխարհաքաղաքական հավակնություններն իրացնելու կարողությունների դեպքում:

Հանգամանքը, որ Մոսկվան ստիպված էր Կովկասի կառավարման հարցում բացել ճանապարհը Թուրքիայի առաջ ու թույլ տար, որ Էրդողանը հասնի մինչև Շուշի, արդեն իսկ վկայում է այդ թուլացման միտումի մասին, որովհետև չեմ կարծում, թե որևէ գերտերություն իր կենսական շահերի գոտի հռչակած տարածաշրջանը կարող էր բացել Թուրքիայի առաջ:

Այս համատեքստում խնդիրն այն է, թե Ռուսաստանը ինչպիսի դինամիկայի մեջ կլինի և ի վերջո կփորձի՞ շարունակել Թուրքիայի հետ պայմանավորվելու քաղաքականությունը, որն անխուսափելիորեն բերելու է Անկարային նորանոր զիջումների, թե՞ դուրս կգա հետխորհրդային բարդույթներից և կգնա Արևմուտքի հետ գործակցության ճանապարհով՝ կանգնեցնելով իր աշխարհաքաղաքական կարողությունների նվազումը:

Այսօրվա Ռուսաստանի մասին խոսելով՝ մենք կարող ենք ասել, որ դա գրեթե կիսաթուրքական քաղաքականության միջավայր է դարձել:

– Պուտին-Բայդեն հանդիպմանը ինչո՞ւ չի խոսվել Արցախի հարցի կարգավորման մասին, համենայնդեպս, նման հրապարակում չկա, որ գերտերությունների ղեկավարներն անդրադարձել են այդ թեմային:

– Կասկած չունեմ, որ քննարկվել է, բայց ամբողջ հարցն այն է, թե ի՛նչ շեշտադրումներով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am