Արա Այվազյանի պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին․ Ազատություն

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին։ Այս լուրը «Ազատությանը» հայտնեցին կառավարությունից՝ ընդգծելով՝ հավանաբար մինչև ընտրություններ նոր նախարարի պաշտոնակատար չի նշանակվի։

Կառավարությունից անուն չեն նշում, Արա Այվազյանը չորս տեղակալ ուներ, բայց Արտգործնախարարության կայքում նշված չէ, թե նրանցից ով է առաջին փոխնախարարը, ցուցակը գլխավորում է Արտակ Ապիտոնյանը։ Ի դեպ, փոխնախարարներից մեկը՝ Գագիկ Ղալաչյանը, հրաժարական է ներկայացրել մայիսի 27-ին, նույն օրը, ինչ նրա ղեկավար Արա Այվազյանը։

Իրավաբաները, մատնացույց անելով սահմանադրական հոդվածները, թերթելով կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքը, վիճում են՝ արդյոք ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թո՞ւյլ են տալիս որևէ հրաժարական տված նախարարի պաշտոնակատարին փոխարինել նոր պաշտոնակատարով։

Պատասխանը միանշանակ չէ։ «Ազատության» հետ մասնավոր զրույցներում շատերը պնդեցին՝ օրենքում հստակություն չկա, այդուհանդերձ՝ ընդունում են նպատակը պետք է լինի աշխատունակ պահել պետական կառավարումը։ Իսկ այս դեպքում իրավական խառնաշփոթը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի:

«Անկախ նրանից դա իրավական առումով թույլատրելի է, թե ոչ, մի քիչ դժվար ե, պատկերացնում, որ հիմա ինչ-որ մեկը համաձայնի դառնալ նախարարի պաշտոնակատար, հատկապես, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 19 օր», – քաղաքական վերլուծաբան Բենյամ Պողոսյանը իր այս կարծիքը հիմնավորում է նրանով, որ հրաժեշտ տալիս արտաքին գերատեսչության այլևս նախկին պատասխանատուն բազմանշանակ հայտարարություն արեց՝ ասելով՝ ԱԳՆ-ն պետք է անշեղորեն պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետական ու ազգային շահերը, և իր հրաժարականի պատճառը, ըստ էության, կապել էր հենց այս հարցերի հետ։

Քաղաքագետի խոսքով՝ այսօր անգամ դժվար է վերլուծել նախարարի ասածը և դրան հաջորդող կառավարության պարզաբանման պահանջը, քանի որ տեղեկավտության զգալի պակաս կա։ Այդուհանդերձ, ըստ նրա, մի բան հստակ է՝ կար լրջագույն տարաձայնություն արտաքին գործերի նախարարի և վարչապետի պաշտոնակատարների միջև:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում