44-օրյայի զեկույցը իշխանություններն ուղարկեցին արխիվ, որովհետև խանգարում է իրենց վերարտադրությանը. Դավիթ Խաժակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը 

– Պարո՛ն Խաժակյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվել է արխիվ: Ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ միայն հատուկ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորներն են իրավունք ունենում ծանոթանալու այդ փաստաթղթին, քանի որ այն պարունակում է գաղտնի նյութեր։ Ինչո՞ւ իշխանությունը նման որոշում կայացրեց այս հարցի վերաբերյալ, երբ իրենք էին խոստանում, որ հանրությանը ներկայացնելու են պատերազմի հետ կապված բոլոր մանրամասները:

– Նախ ասեմ, որ ի սկզբանե 44-օրյա պատերազմի պատճառների, ընթացքի ու հետևանքների քննումը մենք կարևորագույն հարց էինք դիտարկում, և մեր առաջարկը եղել է այն, որ պետք է ստեղծվի պարիտետային հանձնաժողով՝ կազմված ընդդիմադիր ու իշխանական ուժերից, ներառյալ խորհրդարանական ուժեր, որը կերաշխավորեր այդ բոլոր հարցերի թափանցիկ քննությունը, քանի որ այն կարևորագույն իրադարձություն էր մեր պետության պատմության մեջ, ու դրա պատճառներն իսկապես պետք է վեր հանվեին: Իշխանությունն այդ գաղափարը ձևախեղեց ու ստեղծեց ըստ էության իշխանական քննիչ հանձնաժողով, բայց նույնիսկ այդ պարագայում այդ ինֆորմացիան կարևոր արժեք էր ներկայացնում: 

Հիմա, ինչո՛ւ են որոշել փակել այդ թեման, արխիվ ուղարկել, մոռացության մատնել՝ առանց հանրությանն ինֆորմացիա տալու, ես կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը պատրաստվում է 2026-ի ընտրություններին, ու իր համար կարևոր է մոռացության մատնել 2020 թվականի պատերազմն ու առաջ բերել խաղաղության օրակարգը՝ ասելով, որ բերել են արդեն խաղաղություն, ունենա համապատասխան ստորագրված փաստաթուղթ ու անգամ ավելորդ է հիշատակել 2020 թվականի պատերազմը, Արցախի վերջնական կորուստը ու հիմնվել խաղաղության վրա: Սա է անում իշխանությունը, բնականաբար հանրության համար այդ հարցը չպետք է մոռացության տրվի, ու մենք էլ պարբերաբար պետք խոսենք դրա մասին:

– Փաստորեն, որոշումը կապում եք իշխանության նախընտրական նպատակների հե՞տ:

– Վստահաբար, որովհետև հետպատերազմյան լարված փուլերում, երբ նրանք տարբեր մարդկանց բերում էին քննիչ հանձնաժողով հարցաքննելու, միտքն այն էր, որ սլաքները Փաշինյանից շեղեին, ասելով, թե դրա համար եղել են այլ պատասխանատուներ, այդ թվում նրանք, ովքեր կալանավորված են՝ Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը և այլք, բայց հիմա անգամ սլաք շեղելու անհրաժեշտություն չեն տեսնում, այլ պարզապես թեման փակելու ու առաջ անցնելու խնդիր ունեն: 

Նկատելի է, որ այդ մարդիկ վաղուց արդեն Արցախի խնդրից չեն խոսում, այլ կենտրոնացել են նրա վրա, որ խաղաղություն են բերել: Փորձում են տպավորություն ստեղծել, որ այն հաստատվել է ոչ թե տաք կոնֆլիկտի պարտության հետևանքով, այլ դա եղել է խնդիր, որը Փաշինյանը ժառանգել է ու կարողացել է լուծել, սա աբսուրդ է: 

Այդ թվում աբսուրդ է, որ գովաբանում են Թրամփին, թե տևական կոնֆլիկտը, որը ոչ ոք չէր կարողանում լուծել, նա լուծեց: Ո՛չ, խաղաղության այս տեսքը, եթե դա կարելի է խաղաղություն կոչել, հնարավոր է դարձել միայն պատերազմում պարտվելու և պարտությունն ընդունելու պարագայում, որը Փաշինյանը այս որոշմամբ փորձում է մոռացության մատնել: 

– Պարո՛ն Խաժակյան, այնուամենայնիվ, դուք վստահություն ունե՞ք այդ զեկույցի վերաբերյալ, որովհետև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, օրինակ՝ ասում են, թե ունեն զրո վստահություն:

– Ինչպես ասացի, այդ հանձնաժողովն ի սկզբանե վիճահարույց կերպով ձևավորվեց ու դարձավ իշխանական հանձնաժողով, բայց բազային մի հարցադրում՝ հետախուզությունը, քաղաքական ղեկավարությունը տեղյա՞կ էին պատերազմի մեկնարկի մասին: Սա մի հարց է , որին ուզեն թե չուզեն այդ հանձնաժողովի շրջանակներում պետք է պատասխանեն: Հետագայում բոլոր մոբիլիզացիոն խնդիրները, որ առաջացան, սպառազինության հետ կապված և այլ օբյեկտիվ հարցադրումներ, որքան էլ փորձեին հանձնաժողովի շրջանակներում ծածկադմփոց անել, այս հարցերին պետք է անդրադառնային: 

Հետևաբար, անգամ այդ իշխանական հանձնաժողովը կարող էր որոշ հարցերի շրջանակներում լույս սփռել: Նրանք ուզում են ընդհանրապես հանրային տիրույթից դուրս բերել 2020 թվականի պատերազմը ու դրան հաջորդած մյուս բոլոր դեպքերը, քանի որ այն խոչընդոտում է իրենց վերընտրվելուն, ամեն գնով խաղաղություն հաստատելու կեղծ օրակարգին: Ուզում են մոռացության մատնել այդ ամենն ու ասել՝ մենք բերել ենք խաղաղություն, քվեարկեք մեր օգտին:

– Հաջողվելո՞ւ է մոռացության մատնել:

– Իլհամ Ալիևն ու Էրդողանը հասկանում են, որ իրենց պահանջների կատարումը լինելու է հետընտրական շրջանում, ու հիմա իրենց մաքսիմալ զուսպ են պահում, որ ավելորդ կրքեր չբորբոքեն, հետո Փաշինյանին ներկայացնեն իրենց հաշիվը, բնականաբար այս հարցում օգնում են նաև ԱՄՆ ու եվրոպական տարբեր երկրների իշխանություններ: Նրանք օգնում են Փաշինյանին վերընտրվել, ու սա մեծ քարոզչական աջակցություն է: Մնացյալ աշխատանքը պետք է ընդդիմությունը տանի, մարդկանց բացատրի, որ խոսքը խաղաղության մասին չէ, այլ՝ մինչև 2026 թվականը խաղաղության իմիտացիա ստեղծելու ու հետագայում իրական զիջումների գնալու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am