Հայաստանում կստեղծվի առաջին գեոպարկը. տեսանյութ

Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան է, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը:

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հայաստանի Հանրապետությունում գեոպարկի տարածքի ընտրությունը հիմնված է եղել երկրաբանության ոլորտում կուտակված գիտելիքների, ինչպես նաև ծրագրի մասնակիցների երկարամյա փորձի վրա։ Հաշվի է առնվել նաև մարզերի զարգացվածության մակարդակը և տնտեսական լրացուցիչ խթանման անհրաժեշտությունը։

ՀՀ առաջին գեոպարկը ընդգրկելու է մոտ 4400 կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 14,7%-ին։ Այն ընդգրկում է 102 համայնքային տարածքներ։ Ռելիեֆը լեռնային է և ներառում է 1019-3595 մ միջակայքի բացարձակ բարձրությունները։ Առկա են կլիմայական 6 ենթագոտիներ՝ սկսած չոր ցամաքայինից (տաք ամառ և ցուրտ ձմեռ) մինչև լեռնային տունդրա։